Ավանդույթի համաձայն, անցած տարվա վերջին օրըՙ դեկտեմբերի 31-ին, Վանաձորի «Մուշ» համալիր-ռեստորանում տեղի ունեցավ «Լոռվա ասպետ» պատվո նշանի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի նախաձեռնողներն էին Լոռու մարզպետարանն ու Հայաստանի «Ինտերկապ» բարեգործականը:
«Ինտերկապ» բարեգործականի նախագահ Նորայր Զուլոյանը բացման խոսքում երախտագիտություն հայտնեց մարզպետին, ավանդական դարձած այդ գեղեցիկ միջոցառման բոլոր սատարողներին:
Ապա ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ազիզյանը համառոտ ներկայացրեց «Ինտերկապի» գործունեությունը եւ անցած տարի «Լոռվա ասպետ» պատվո նշանի արժանացածներին:
Գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Միքայել Գրիգորյանին «Լոռվա ասպետ» պատվո նշանը հանձնեց մարզպետ Հենրիկ Քոչինյանը, սամբո ըմբշամարտի ՀՀ ֆեդերացիայի նախագահ, Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Գուրգեն Գեւորգյանինՙ ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթեւոսյանը, «Բազում ֆիրմա» կարի արտադրական կոոպերատիվի նախագահ Ռաֆայել Մխիթարյանինՙ ԱԺ պատգամավոր Դավիթ Լոքյանը, «Տարոն-606» շինկազմակերպության ղեկավար Հենրիկ Շահբազյանինՙ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՎՊՄԻ-ի գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մելս Սանթոյանինՙ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս նաեւ ամփոփեց շնորհանդեսի արարողությունը:
Մ. ՄԻԿՈՅԱՆ