«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#0, 0000-00-00 | #148, 0000-00-00 | #1, 2001-01-09


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՎԵԼՈՒ Է»

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ «Ազգի» հարցազրույցը ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի վարիչ Արսեն Ավագյանի հետ

- Պրն Ավագյան, արտգործնախարար Օսկանյանը տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի դերի հնարավոր ակտիվացմանը Հարավային Կովկասում եւ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ, նշեց երեք պայմանՙ առանց որոնց անհնար է Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներումՙ Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, Թուրքիայի կողմից շրջափակման վերացում եւ ԼՂ հարցում անկողմնակալ, չեզոք դիրքորոշում: 8-9 տարի շարունակ Անկարան նույն նախապայմաններն է պնդումՙ Ցեղասպանության հարցի չարծարծում, հայկական ուժերի դուրսբերում գրավյալ տարածքներից եւ ԼՂ-ից, ներառյալ Լաչինն ու Շուշին, ԼՂ հարցի լուծում: Նման պայմաններում, երբ կողմերի տեսակետները չափազանց հեռու են, եթե չասենք հակասում են միմյանց, ինչպե՞ս եք պատկերացնում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հավանականությունն առաջիկա տարիներին:

- Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար Անկարան նախապայմաններ է դրել, չնայած Երեւանի դիրքորոշումը 1991 թ.-ից մինչեւ օրս եղել է հետեւյալը. Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Թուրքիայի դիրքորոշումը ԼՂ հարցում եղել է ադրբեջանամետ, որը եւ արգելակել է նրա ներգրավումը հակամարտության լուծման մեջ: Պրն Օսկանյանի ասածը, թե Թուրքիան կարող է ավելի ակտիվ դեր խաղալ, հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան վերանայի իր դիրքորոշումը: Մյուս կողմից, երբ ԼՂ խնդրին մոտենում ենք Թուրքիայի տեսակետից, ապա պիտի նշենք, որ թուրքական քաղաքական որոշ շրջանակներում տիրապետող է այն կարծիքը, թե ԼՂ հարցն անմիջականորեն կապված է Թուրքիայի տարածքային ամբողջականության հետ:

Բերեմ օրինակ. Քելբաջարի դեպքերից հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) հրավիրեց արտակարգ նիստՙ «Հայկական ագրեսիանՙ ընդդեմ Ղարաբաղի եւ Նախիջեւանի»: Այսօր վարչապետ Բ. Էջեւիթը, այն ժամանակ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, այսպես ձեւակերպեց իրադարձությունըՙ եթե այսօր հայերը վերցնում են Ղարաբաղը, վաղը կդրվեն Նախիջեւանի, ապաՙ Կարսի, Արդահանի խնդիրները, եւ որպեսզի նման զարգացումից խուսափենք, անհրաժեշտ է հայերի առաջն առնել առաջին փուլում:

Չնայած պաշտոնական Երեւանի եւ Անկարայի տեսակետների տարբերությանը, հայ-թուրքական երկխոսությունը կարեւոր խնդիր է: Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն: Թուրքիան իրեն համարում է գերտերություն, այդ իսկ պատճառով փորձում է ավելի ակտիվ դեր խաղալ այս տարծաշրջանում, մինչդեռ առանց Հայաստանի հետ հարաբերություններ ունենալու անհնար է ակտիվ քաղաքականություն վարել: Կարծում եմՙ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսություն ծավալվելու է, քանի որ այլ հնարավորություն չկա: Երկու հարեւան պետությունները հնարավոր չէ չունենան հարաբերություններ, կամ այդ հարաբերությունները երկարատեւ թշնամական բնույթ կրեն: Թուրքիայի պատմության մեջ կան օրինակներ, երբ երկխոսություն սկսելով կարգավորվել են հարաբերությունները հարեւան պետությունների հետ: Օրինակ, թուրք-իսրայելյան հարաբերությունները, որոնք այսօր վերածվել են ռազմավարական համագործակցության: Կամ թուրք-սիրիական հարաբերությունները. գոյություն ունեն տարածքային խնդիրներՙ կապված Ալեքսանդրետի սանջակի հետ, քրդական հարց, սակայն այս ամենի հետ երկու երկրներն ունեն դիվանագիտական կապեր եւ անցել են երկխոսության ճանապարհով: Նույնը վերաբերում է հույն-թուրքական հարաբերություններին: Իմ կարծիքով թուրքական կողմը Հայաստանի հետ երկխոսություն սկսելու է: Ինչ վերաբերում է Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններին, ապա երբ երկխոսության հետ բերվում են նախապայմաններ, ապա դա ոչ թե երկխոսություն է, այլ պարտադրանք, որն անընդունելի է Հայաստանի համար: Հակառակըՙ երկխոսության ծավալումը կնպաստի երկու երկրների միջեւ առկա խնդիրների ավելի հանգիստ լուծմանը:

- Մտավախություն չունե՞ք, որ Երեւան-Անկարա երկխոսությունը որոշակի սառնություն կմտցնի Երեւան-Թեհրան եւ Երեւան-Մոսկվա հարաբերություններում:

- Բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունները երկկողմանի բնույթից զատ ունեն բազմակողմ բնույթ, եւ առկա են բազմաթիվ գործոններՙ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի: Այս պետություններն ունեն իրենց շահերը եւ հարցին մոտենում են իրենց շահերից: Գիտենք, մի շարք պայմանագրեր են կնքվել, այդ թվում Կարսի պայմանագիրը: Իմ կարծիքով մտավախություն չկա, թե Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու դեպքում ճնշում կբանեցվի Հայաստանի վրա կամ Երեւան-Մոսկվա, Երեւան-Թեհրան հարաբերություններում սառնություն կնկատվի: Սառեցում տեղի չի ունենա, քանի որ այդ հարաբերությունները խարսխված են մշտական շահերի վրա:

- Կարծիքներ կան, թե թուրքերը համաձայն են սահմանային դռների բացմանը, եթե ռուս սահմանապահները հեռանան հայ-թուրքական սահմանից: Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնշանակի ռուսական սահմանապահ զորքերի ավելորդություն:

- Հարցին կտամ հետեւյալ մեկնաբանությունը. վերջին շրջանում ակտիվացում է նկատվում թուրք-ռուսական հարաբերություններում, ՌԴ-ն Թուրքիան դիտում է կարեւոր շուկա, առաջարկվել են մի շարք տնտեսական ծրագրեր: Այս գործընթացում առաջարկվել է Հայաստանի ներգրավվածության խնդիրը որպես էներգակիրների տարանցիկ ճանապարհ: Այսինքնՙ թուրք-ռուսական հարաբերությունները զարգանում են, որը կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերություններին: Կարող ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները միշտ միջնորդավորված են եղել: Ինչ վերաբերում է սահմանի բացմանը եւ սահմանի պաշտպանությանը, ապա դրանք տարբեր հարցեր են: Չեմ կարծում, թե հայ-թուրքական սահմանային կետերի բացման դեպքում ռուսական զորքերի ներկայությունն անիմաստ է դառնում: Խոսքը ոչ թե ամբողջ սահմանի բացման, այլ Գյումրու եւ Մարգարայի սահմանակետերի մասին է:

- Պրն Ավագյան, Թուրքիայում ո՞ր շրջանակներն են դեմ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը եւ որոնքՙ կողմ:

- Թուրքիան շատ բարդ պետություն է: Դեմ են ազգայնականները, որոնք Բ. Էջեւիթի կոալիցիոն կառավարության մասն են կազմում. խոսքը Ազգայնական շարժում կուսակցության մասին է, որը ղեկավարում է Բահչելին: Նրանք դեմ են Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, մինչեւ չկատարվեն նախապայմանները: Դրան հակառակ Թուրքիայի լիբերալ շրջանակները գտնում են, որ մինչ օրս Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունն ապարդյուն է եղել, պետք է զարգացնել տնտեսական հարաբերությունները եւ այդ ճանապարհով, ինչպես իրենք են կարծում, Հայաստանին ձեռնտու չի լինի, օրինակ, Ցեղասպանության հարցի արծարծումը: Սակայն, ինչպես գիտեք, Թուրքիայում իրական իշխանությունը գտնվում է զինվորականության եւ խոշոր արդյունաբերողների ձեռքում:

- Հենց զինվորականության եւ խոշոր արդյունաբերողների կարծի՞քը նկատի ունեք:

- Թուրքական մամուլում զինվորականության եւ խոշոր արդյունաբերողների կարծիքը հստակ չի արտահայտվել: Նման կարգի խնդիրներ առաջին հերթին քննարկվում են Թուրքիայի ազգային ավտանգության խորհրդի նիստում: Վերջին նման նիստում զինվորականությունը կտրականապես դեմ էր տարբեր երկրների խորհրդարաններում Ցեղասպանության խնդրի բարձրացմանը: Սա բնական է, քանի որ զինվորականությունը քեմալական է, հիմնվում է Աթաթուրքի սկզբունքների վրա: Ինչպես գիտենք, Թուրքիայում ազգայնական շարժումն առաջին հերթին ուղղված է եղել հայերի եւ հույների դեմ: Խոշոր արդյունաբերողները հարցին մոտենում են առաջին հերթին շահերի տեսակետից: Կարելի է ասել, որ Հայաստանը Թուրքիայի համար ձեռնտու շուկա է, չնայած փոքր շուկա է: Մամուլում խոշոր արդյունաբերողները հայ-թուրքական հարաբերությունների շուրջ դեռեւս չեն արտահայտվել:

- Թուրքիան ծանոթ չէ՞ ՀՀ ԱԳՆ տասնյակ հայտարարություններին, որտեղ նշվում է, որ Ցեղասպանության հարցի ճանաչում-չճանաչումը խոչընդոտ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:

- Իհարկե, ծանոթ է: Թուրքական կողմը Ցեղասպանության հարցին մոտենում է հետեւյալ կերպ. հայերը բարձրացնում են Ցեղասպանության ճանաչման հարցը, դրան կհետեւի հատուցման պահանջը, ապա կհետեւեն տարածքային պահանջները: Թուրքիայի համար Ցեղասպանության հարցն ուղղակի նշանակում է վտանգ իր երկրի տարածքային ամբողջականությանը: Պատահական չէ, երբ 1991 թ. Թուրքիայի կողմից Հայաստանի ճանաչման հռչակագրում հատուկ հղում է արվում Կարսի պայմանագրին: Սա, ըստ էության, կոչ էր Հայաստանինՙ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:

- Պաշտոնական Երեւանը շահագրգռված է Անկարայի հետ երկխոսություն սկսելու, սակայն արծարծում է Ցեղասպանության հարցը, որից Թուրքիան խրտնում է:

- Եթե Ցեղասպանության հարցն առաջ չքաշվի մեր կողմից, ապա առաջ կքաշվի Թուրքիայի կողմից: Խնդիրը գոյություն ունի եւ հնարավոր է օգտագործվի երրորդ երկրների կողմից: Թուրքիան ձգտում է անդամակցել Եվրամիությանը (ԵՄ), եվրոպական մի շարք երկրներ, ելնելով տնտեսական, սոցիալական, քաղաքական պատճառներից, չեն ուզում Թուրքիային տեսնել ԵՄ լիիրավ անդամ, առաջ են քաշում խոչընդոտներ եւ նման խոչընդոտներից մեկը կարող է լինել Հայկական հարցը: Թուրքիայում կա տեսակետ, որ Հայկական հարցը երբեք հայերի հարց չի եղել, եղել է մեծ պետությունների ձեռքում լծակՙ Թուրքիայի վրա ճնշման միջոց: Եվ պատահական չէ, որ միջազգային դիվանագիտության մեջ Հայկական հարցը դիտվում էր որպես արեւելյան հարցի բաղկացուցիչ մաս: Չեմ կարծում, թե Ցեղասպանության հարցի բարձրացումը չի նպաստում հայ-թուրքական երկխոսությանը: Մի ժամանակ Ցեղասպանության հարցը չէր բարձրացվում, բայց դա չնպաստեց հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

- Եվս մեկ հարց. ամռանը Թուրքիան Կարսից վտարեց չորսհոգանոց հայկական պատվիրակությանը: Չե՞ք կարծում, թե որպես դիվանագիտական պատասխան քայլ, Հայաստանը պետք է վտարեր, օրինակ, վերջերս Երեւանում գտնվող Քաան Սոյաքին: Խոսում ենք հայ-թուրքական երկխոսության մասին, մինչդեռ Անկարան շարունակում է թշնամական քայլերը:

- Թուրքական մամուլը քննադատել է այդ արարքը:

- Մամուլն ուրիշ է, պաշտոնական դիրքորոշում արտահայտելըՙ այլ բան:

- Իմ կարծիքով, վտարումը կբերեր թշնամության մթնոլորտի աճին եւ հայ-թուրքական հարաբերությունների սրմանն ընդհանրապես, որը ոչ մեկին ձեռնտու չէ: Մեր կողմից նման քայլը ողջունելի չէր լինի: Կարսի միջադեպի առիթով եվրոպական երկրները քննադատեցին Թուրքիային:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4