Նախատոնական օրերին գների աննախադեպ աճի առիթով
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ամանորը թերեւս ամենից սպասված, ամենաուրախ եւ ամենանշանակալից տոնը կոչվելու իրավունք ունի: Համենայն դեպս, աշխարհի որեւէ բնակավայրում գոյություն չունի որեւէ այլ տոն, որ նշվի նման հանդիսավորությամբ եւ ճոխությամբ: Այս առումով հայերս եւս բացառություն չենք կազմում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ամանորյա տոնական սեղանի պատրաստմանը: Այստեղ արդեն սոցիալ-տնտեսական ծանր կացությունը մղվում է երկրորդ պլան, եւ յուրաքանչյուր ընտանիք ձգտում է առավելագույնս «արժանապատիվ» սեղանով դիմավորել Նոր տարին: 2001 թ.-ի նորամուտի տոնակատարության ժամանակ ձեւավորված ավանդույթը որեւէ կերպ չխախտվեց: Այս ամենով հանդերձ հայտնի է, որ Նոր տարին միայն ուրախ տոնակատարություն եւ հաճելի մթնոլորտ չէ: Նույն սոցիալ-տնտեսական ծանր կացության պատճառով Հայաստանի բնակչության մի զգալի մասն ավելի շատ մտահոգվում, քան ուրախանում է գալիք տոնի կապակցությամբ: Պատճառը դարձյալ տոնական սեղանն է, ավելի ճիշտ, նախատոնական գնումները:
Նոր տարվա հանդիսություններին մոտենալուն զուգընթաց բնակչության վերոնշյալ հատվածի մտահոգությունն աճում է, քանզի էլ ավելի առաջանցիկ տեմպերով աճում են տոնական սեղանին անհրաժեշտ ապրանքների գները: Մինչեւ վերջերս այդ ապրանքների մեջ գերակշռող էին ներմուծվողները: Պատահական չէր, որ լուրջ մրցակցության բացակայության պարագայում դրանք նախատոնական օրերին թանկանում էին: Թվում էր, թե այսՙ 2001-ի Նոր տարին իր շտկումները կմտցներ այս հարցում, որովհետեւ ներքին շուկայի զգալի մասը գրավել էին ներմուծվող ընկերությունների հետ մրցակցության մեջ մտած տեղական ապրանք արտադրող ընկերությունները, որոնց ղեկավարներն, իմիջիայլոց, առիթը բաց չեն թողնում հայրենասիրության եւ ժողովրդի նկատմամբ հոգածության մասին ճառեր արտասանելու համար: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ եղավ: Պարզվեց, որ բարձրագոչ խոսքերը ընդամենը խոսքեր են, եւ տեղական արտադրողներն առիթից օգտվելով գերշահույթ ստանալու առումով առանձնապես չեն տարբերվում ներմուծողներից: Առանձնահատուկ ախորժակով աչքի ընկան հատկապես կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: Նախատոնական օրերին 10-30 տոկոսով թանկացան, առանց բացառության, բոլոր ապրանքատեսակները (կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ): Բոլոր քիչ թե շատ հայտնի ընկերություններըՙ «Աշտարակ-կաթ», «Մարիանա», «Ագրոսպասարկում» եւ այլն, դիմեցին այդ քայլին:
Սակայն առավել աչքի ընկավ «Աշտարակ-կաթը», որի արտադրած 1 լիտր տարաներով կաթի մանրածախ գինը 240 դրամից դարձավ 320 դրամ, կաթնաշոռինըՙ 240-ից 280 դրամ: Թանկացման պատճառների մասին ընկերության ղեկավարության հիմնավորումներն իմանալու մեր բոլոր փորձերը ապարդյուն եղան: «Աշտարակ-կաթի» ղեկավարներից ողջ աշխատանքնային օրվա ընթացքում «ոչ ոք տեղում չէր»:
Կաթնամթերք արտադրողների ախորժակին չէր զիջում առաջնային նշանակություն ունեցող մյուս արտադրանքիՙ հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ախորժակը: Լուսակերտի, Արզնիի, Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաների հավկիթների գներըՙ 30 հատը 1000-1100 դրամից բարձրացան մինչեւ 1350-1450 դրամի: Թանկացման պատճառների մասին մեզ հաջողվեց ստանալ միայն Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի պատասխանը, որն ավելի շատ նման էր պատասխան չունենալունՙ «Առանց մեկնաբանությունների»:
Բնական է, որ սեփական ժողովրդին «կլպելու» համար որեւէ մեկնաբանություն անհրաժեշտ չէ եւ հնարավոր էլ չէ ունենալ: Մի՞թե մեր «հայրենասեր» տեղական արտադրողները կխոստովանեն, որ մեծ պահանջարկի առկայության դեպքում իրենք չէին կարող դրանից առավելագույն օգուտներ քաղելու գայթակղությանը դիմանալ: Իսկ այդ գայթակղությանը չդիմացան նաեւ մսամթերքի («Գեղարդ», «Աթենք» եւ մի շարք այլ ընկերություններ), քաղցրավենիքի տեղական արտադրողները: Որքան էլ անսպասելի էր, վերջիններիս թվում էր նաեւ «Գրանդ քենդի» ընկերությունը:
Նման մոտեցման որեւէ այլ բարոյական կամ տնտեսական պատճառաբանություն սննդամթերքի արտադրության բոլոր վերոնշյալ եւ այստեղ չնշված ընկերությունները պարզապես չունեն: Հարց է առաջանում, եթե նրանք նման ձեւով վարվեցին այդ դեպքում, ինչպե՞ս կվարվեն ճգնաժամային իրավիճակներում (պատերազմ, շրջափակում եւ այլն): Կարելի է ենթադրել, թե գների ինչպիսի թռիչք կարձանագրվի այս դեպքերում: Վերադառնալով նախատոնական գներին, կցանկանայինք վեր հանել եւս մեկ խնդիր: Ինչպե՞ս են կատարել հարկային պարտավորություններն այդ ընկերությունները: Արդյոք հարկերը վճարվե՞լ ենՙ նկատի ունենալով այդ մի քանի օրերի գների աճը: Թերեւսՙ ոչ:
Եվ ամենակարեւորը, որ հարկ է նշել: Դա պետության կարգավորիչ դերի լիակատար բացակայությունն էր այդ օրերին ինչպես արտադրող, այնպես էլ ներմուծող ընկերությունների ծավալած թանկացման արշավի դիմացն առնելու: Անգամ օրենսդրական անհրաժեշտ դաշտի բացակայության դեպքում հնարավոր էր քայլեր ձեռնարկել, որոնք հնարավորություն կտային բավարարել այդ օրերին խիստ մեծացած պահանջարկը եւ կնպաստեին գների անկմանը կամ գոնե պահպանմանը: Ինչպես, օրինակ, դա կատարվեց ոգելից եւ ոչ ոգելից խմիչքների դեպքում, որտեղ առաջարկի եւ պահանջարկի նորմալ հարաբերակցությունը (իհարկե, առանց պետական միջամտության) թույլ չտվեց գների աճ նախատոնական ժամանակաշրջանում: