«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 0000-00-00 | #1, 2001-01-09 | #2, 2001-01-10


ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ

Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991 թ., սակայն մինչեւ օրս երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: «Ազգի» երեկվա համարում ներկայացրել էինք հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող պաշտոնականՙ ՀՀ ԱԳՆ տեսակետը: «Ազգը» ուշադրությամբ կհետեւի Երեւան-Անկարա հարաբերությունների զարգացումներին, միաժամանակ ներկայացնելով պատմաբանների, քաղաքական գործիչների, կուսակցությունների տեսակետները: Հայ-թուրքական հարաբերություններին (մասնավորապես տնտեսական) են անդրադառնում ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը եւ ՀՅԴ «Հայ դատի» գրասենյակի տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը:

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի պնդմամբՙ կայուն տնտեսական հարաբերությունների հաստատումը ցանկացած պետության եւ անմիջական հարեւանների հետ քաղաքական կայունության եւ կայունության զարգացման կարեւորագույն երաշխիքն է, եւ այս առումով պրն Միրզախանյանը Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերությունները համարում է խիստ անբավարար:

Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներում տիրապետող է այն մտավախությունը, որ հայ-թուրքական սահմանային դռների բացումը, տնտեսական հարաբերությունների, ավելի ճիշտ ապրանքափոխանակության ծավալների մեծացումը բացասաբար կանդրադառնան մեր երկրի տնտեսական առանց այն էլ վատթար վիճակին, հայկական շուկան կողողվի թուրքական անորակ եւ էժանագին ապրանքներով: «Ասվածի մեջ բավական մեծ ճշմարտություն կա: Բայց երբ խնդրին մոտենանք այդ տեսակետից, ապա Հայաստանը պետք է մեկուսացվի աշխարհից: Նման օրինակ արդեն կա. Ալբանիան, գտնվելով Եվրոպայում, մեկուսացվել էր աշխարհից եւ որպես հետեւանք ուներ ամենացածր կենսամակարդակը Եվրոպայում: Ցանկացած պետության, քաղաքական կուսակցության հիմնական խնդիրն է ապահովել ժողովրդի բարձր կենսամակարդակ, բարվոք սոցիալ-տնտեսական իրավիճակ պետության ներսում: Մերժել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելը, ասելով, թե նրանք կողողեն մեր շուկան անորակ եւ էժան ապրանքներով, սխալ է: նման հարցերի կարգավորումը պետության ձեռքում պետք է լինի: Այս ամենը կարելի է կարգավորել հարկային եւ մաքսային օրենքներով: Ամբողջ աշխարհում ի վերջո գոյություն ունի մեկ խնդիր. ոչ թե ապրանքի արտադրությունն է կարեւորը, այլՙ իրացումը: ՀՌԱԿ-ը երկու ձեռքով կողմնակից է տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը: Սակայն դա չի նշանակում, որ վերջինիս համար պետք է ապահովված լինի գերշահույթ ստանալը», ասաց ՀՌԱԿ ատենապետը:

Պրն Միրզախանյանը բացառում է, թե Թուրքիան իր տնտեսական քաղաքականությամբ կարող է թելադրել քաղաքականություն. «Ես բացառում եմ Հայաստանի տնտեսական կախվածությունը Թուրքիայից: Պետք է տարբերել երկու հասկացությունՙ տնտեսական հարաբերություններ եւ տնտեսական կախվածություն: Մեկ երկրիՙ մյուս երկրից կախվածությունը նախ եւ առաջ պայմանավորվում է էներգակիրների հանգամանքով, ինչպես նաեւ ռազմական առումով: Թուրքիան էներգակիրներ ներմուծող եւ զենք գնող երկիր է, ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի եւ Իրանի, որոնք երկուսն էլ նավթ եւ գազ արտահանող խոշորագույն երկրներ են: Ավելին, այսօր Վրաստանը Հայաստանից գնում է էլեկտրաէներգիա եւ ավելի թանկ գնով վաճառում Թուրքիային: Այսօր Հայաստանի ամենամեծ կախվածությունը Թուրքիայից այն է, որ վերջինս փակել է մեր երկրի հետ սահմանը: Նման պայմաններում Թուրքիան առավելագույնս օգտագործում է իր տնտեսական հնարավորությունը»:

Հայ-թուրքական տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների հաստատման դեմ հանդես եկող հայ որոշ պատմաբաններ, քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ նշում են, որ աշխարհում ապրող շուրջ 300 մլն արաբներ չեն գնում այն ապրանքատեսակները, որոնց վրա գրված էՙ «Պատրաստված է Իսրայելում», ինքս հրաժարվում եմ «Օքուլ դեֆթերի» տետրերից, այն բոլոր ապրանքատեսակներից, որոնց վրա գրված էՙ «Պատրաստված է Թուրքիայում», եւ նույնը փորձում համոզել իմ շրջապատի մարդկանց, որովհետեւ ոչ միայն թուրքական ապրանքներն են ողողում մեր շուկան, այլ ինքըՙ թրքությունն է ողողում մեր ուղեղները: Նույն մտավախությունն ունի նաեւ ՀՌԱԿ ատենապետը. «Բայց ամեն ինչ մեր ձեռքում է, խնդիրը մեր մեջ է: Փողոցներում ամենուր վաճառվող ձայնասկավառակները պարունակում են թուրքական երաժշտության տարրեր: Այսօր ասիական ճաշակը դարձել է թելադրող արվեստում, մշակույթի, երաժշտության մեջ: Օրինակ բերեցիք արաբներին: Այսօր սփյուռքում շատ եւ շատ հայեր թուրքական ապրանք չեն գնում: Բայց մեր ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, ավա՜ղ, դարձել է «կոսմոպոլիտ»: Մերոնք գնում են այն, ինչի հնարավորությունն ունեն, որպեսզի մի կերպ գոյատեւեն: Այսօր կարեւորագույն խնդիրը ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալն է, եւ հավատում եմՙ 2001 թ. բեկումնային կլինի»:

Ամփոփելով, պրն Միրզախանյանը հայ-թուրքական հարաբերությունների մասին նշեց հետեւյալը. «Դրանք պետք է հետապնդեն միմիայն տնտեսական հետաքրքրություն: Բացառել հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները ես ոչ իրատեսական եմ համարում: Եվ կարծել, թե դրանց հաստատմամբ կփոխվի մեր մտածելակերպը, կմոռանանք Հայ դատը, լուրջ չեմ ընդունում: Լուրջ չեմ ընդունում նաեւ այն տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու դեպքում Հայաստանը կհեռանա իր ռազմավարական դաշնակից պետություններից»:

Ի՞նչ կտա մեզ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը: Այս հարցն ուղղեցինք ՀՅԴ «Հայ դատի» Հայաստանի գրասենյակի տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանին. «Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեզ որեւէ առավելություն չի տա երեք հիմնական պատճառներով: Առաջին. եթե բացվի հայ-թուրքական սահմանը, թուրքերը հեղեղի նման կլցվեն Հայաստան, որն ազգային իմաստով մեզ որեւէ առավելություն չի տալիս: Երկրորդ. Թուրքիան ո՞ր օրվա զարգացած պետությունն է, որ մենք շփվելով նրա հետ կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը: Ինքըՙ Թուրքիան սնվում է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, այսինքն այն աղբյուրներից, որոնց հետ Հայաստանը կարող է անմիջականորեն կապ ունենալ: ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հարավային Կովկասում տնտեսական եւ քաղաքական դերակատարը լինի Թուրքիանՙ իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Դա մեզ բացարձակապես ձեռ չի տալիս, եւ մենք որեւէ առավելություն չենք ստանա, բացի թուրքական ցածրորակ ապրանքներից, որոնք թուրքերը կբերեն եւ կլցնեն, կհեղեղեն Հայաստանի շուկան: Երրորդ. որքան էլ մենք խուսափենք անցյալից, մեր ողբերգական պատմությունից, թուրքական ոճիրներից, բոլոր այն վնասներից, որ հասցրել է Թուրքիան, մենք ունենք քաղաքական հարց: Ցեղասպանության ճանաչումն աշխարհի տարբեր երկրների կողմից ոչինչ չի նշանակում: Ճանաչել ցեղասպանությունը ոչ այլ ինչ է, քան ասել, որ մարդ սպանելն ընդհանրապես վատ բան է: Եվրոպական պետությունների ասածը սա է: Մինչդեռ նրանք ոչ թե հայանպաստ հայտարարություն են անում, այլ ցանկանում են Թուրքիային հեռու պահել Եվրամիությունից (ԵՄ), չեն ուզում 70 միլիոնանոց Թուրքիայի մուտքը եվրոպական ընդհանուր տնտեսական շուկա, որովհետեւ 70 միլիոնանոց Թուրքիային Եվրոպան կուլ տալ չի կարող: Հայոց ցեղասպանության հարցը Եվրոպայի ձեռքում մտրակ է Թուրքիայի ԵՄ ինտեգրվելու ճանապարհին: Եթե ցեղասպանության ճանաչման հարցն ավարտվի դատարկ հայտարարություններով, այլ ոչ նրանով, որ հատուցում տրվեն հայկական վնասներին, իսկ Թուրքիան փոխհատուցում երբեք չի տա եւ չտալով փոխհատուցում, թողնենք, որ նա իր կեղտոտ ապրանքները բերի՞ Հայաստան»:

Էդուարդ Հովհաննիսյանի համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կրեն քաղաքական բնույթ, Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է տեսնի ոչ թե իր տնտեսական, այլ ազգային շահը. «Հայաստանի համար բացարձապես վնասակար եմ համարում Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները, քանի դեռ Թուրքիան պաշտոնապես չի հայտարարել, որ, այո՚, կատարվել է Ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ, ներողություն եմ խնդրում դրա համար եւ պարտավորվում եմ վճարել, փոխհատուցել հայերի կրած վնասները: Այդ դեպքում կնստենք կլոր սեղանի շուրջ եւ թուրքերի հետ կբանակցենք»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4