«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2001-01-09 | #2, 2001-01-10 | #3, 2001-01-11


ԱՊՇԵՑՆՈՂ ՏԱՂԱՆԴԻ ՏԵՐ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ

Առաջին մրցանակըՙ 15-ամյա Սերգեյ Խաչատրյանին

Դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հելսինկիում տեղի ունեցած Յան Սիբելիուսի անվան ջութակի 8-րդ միջազգային փառատոնն իր հետաքրքիր ավարտով արձանագրել է տաղանդավոր երիտասարդների հաղթանակը փորձառու վետերանների նկատմամբ:

Այսպես, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, առաջին մրցանակըՙ 16 հազար եվրո շնորհվել է փառատոնի ամենաերիտասարդ մասնակից, հայաստանցի 15-ամյա Սերգեյ Խաչատրյանին, որն էլ սկզբից եւեթ վաստակել էր ներկա հասարակության համակրանքը: Երկրորդ մրցանակը ստացել է ավարտական փուլի ութ մասնակիցներից ամենատարեցըՙ ճապոնացի 28-ամյա Նացումի Թամային, իսկ երրորդ մրցանակը միասնաբար կիսել են չինացի Ժի Յոնգ Ուանգն ու ճապոնացի Սայակո Կուսական: Չորրորդ տեղում են հայտնվել ավարտական փուլի մնացյալ չորս մասնակիցները:

Փառատոնի ժյուրիի անդամներն, ինչպես նաեւ «Ֆինլանդիա հոլ» համերգային դահլիճում հավաքվածներն, ըստ թերթի, մեծապես դժվարացել են լավագույններից լավագույնին ընտրելու հարցում: Ժյուրիի նախագահ Աուլիս Սալինենի խոսքերով, բոլոր դուրս մնացածների բախտը չի բերել «տարվա ընտրության» հարցում, քանի որ մրցակցությունը հատկապես սուր է եղել այս անգամ: Ցանկացած ուրիշ տարվա մրցույթում նրանք անպայման կհասնեն ավարտական փուլին, վստահեցրել է նա:

Գալով Խաչատրյանին, մասնագետները նրան բնութագրել են որպես «ապշեցնող տաղանդի տեր ջութակահարի»: Սերգեյն արդեն իսկ ստացել է բազմաթիվ հրավերներ աշխարհի տարբեր վայրերից, սակայն գիտակից ծնողները ցանկանում են, որ նա ավարտի իր ուսումն ու ավելի հասունանա եւ կատարելագործվի, հետո միայն ընկնի միջազգային համերգային դահլիճների հորձանուտը:

Հ. Ծ.

Ալիեւ-Պուտին «գրկախառնությունը»

Անհանգստության հիմք չկա

Բնական եմ համարում, որ մեր հասարակական ու քաղաքական շրջանակներում Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած պաշտոնական այցը մեծ հետաքրքրության էր արժանացել: Խոսքը վերաբերում էր ոչ միայն այս երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններին, այլեւ Հայաստանի ազգային շահերի հնարավոր արծարծումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին, ինչը նախապես հայտնի էր, որ լինելու է Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների առարկան: Այդ բանակցություններն արդեն ավարտված են, եւ առայժմ առկա տեղեկատվությամբՙ դրանցում Հայաստանի համար անընդունելի կամ տագնապահարույց որեւէ հայտարարություն կամ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Վլադիմիր Պուտինը Բաքվում ընդամենը կրկին հավաստել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման լուծումները պետք է գտնեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, իսկ Ռուսաստանը այս դեպքում չի զլանա ստանձնել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորի ու միջնորդի դերը: Ինձ համար զարմանալի էր, որ Պուտինի հարցադրումը, թե «Ղարաբաղյան հակամարտության մեջ չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ», առաջացրել էր մեր մամուլի որոշ միջոցների, օրինակ «Առավոտի» թունոտ հեգնանքը, թե «նման հայեցակետ ունեին նաեւ Գորբաչովն ու Ելցինը»: Ակնարկը թափանցիկ էՙ անվստահություն դեպի Ռուսաստանը: Սակայն նույն հայտարարությունը, բառացիորեն նույն ձեւակերպումներով, մի երկու շաբաթ առաջ Բաքվում արել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից ամերիկյան ներկայացուցիչ Քերի Քավանոն: Ինչո՞ւ այն ժամանակ որեւէ մեկի մտքով չանցավ հեգնել պարոն Քավանոյին: Որովհետեւ նա ներկայացնում է Մ. Նահանգնե՞րը:

Պետք է նկատեմ, որ մեզանում մե՚զ համար իսկ վիրավորական խանդոտ վերաբերմունք դրսեւորվեց Պուտինի Բաքու կատարած այցի նկատմամբ: Մինչդեռ անձամբ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում այն բանում, որ Ռուսաստանը լավացնի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եթե ընդունում ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ապա լավացնելով իր հարաբերությունները մեր հակառակորդի հետՙ Ռուսաստանը կկարողանա դրական դեր խաղալ իր երկու բարեկամների, կոնկրետ դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների լավացման գործում: Այստեղ պետք է որ գործի հետեւյալ տրամաբանությունը. եթե իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է, ապա իմ բարեկամի բարեկամը, ինքնըստինքյան, կարող է դառնալ նաեւ իմ բարեկամը:

Պուտինի եւ Ալիեւի բանակցությունները, ակնհայտորեն, միտված են Անդրկովկասի տարածաշրջանում, կոնկրետ Ադրբեջանում Ռուսաստանի դերի ուժեղացմանը: Իսկ մի՞թե դա վատ է: Մի կողմից մենք անհանգստանում էինք, որ Արեւմուտքը եւ նրա շահերի առաջամարտիկ Թուրքիան վերջին տասնամյակում, Խորհրդային Միության փլուզումից հետո, ամեն կերպ ձգտում էին տարածաշրջանից դուրս մղել ռուսներին (Վրաստանում նրանք այդ ուղղությամբ մեծ հաջողության հասան), մյուս կողմից ուրախ չե՞նք, որ Ադրբեջանում այդ քաղաքականությունը փաստորեն ձախողվեց:

Ի վերջո, ի՞նչ ձեռք բերեց Ադրբեջանը Պուտին-Ալիեւ բարձր մակարդակի բանակցություններում: Պուտինը խոստացա՞վ Ադրբեջանին աջակցել Արցախյան հակամարտությունը իրենց օգտին լուծելու գործում: Ո՚չ: Ավելին, Հայաստանում ռուսական ռազմական ներկայության առթիվ ադրբեջանական սադրիչ ակնարկներին վճռականապես հակազդեց, աներկմիտ հայտարարելով, որ միջազգային պայմանագրերի համաձայն «տարածաշրջանում այդ քանակի զինտեխնիկա ունենալու իրավունք Ռուսաստանն ունի»:

Ռուս-ադրբեջանական մյուս պայմանավորվածություններին չեմ ուզում անդրադառնալ, դա այս երկու ինքնիշխան պետությունների ներքին խնդիրն է: Սակայն չեմ կարող չնշել, որ ռուսների ձեռքբերումները շատ ավելին եղան, քան ադրբեջանցիներինը: Ծեր աղվես Հեյդար Ալիեւը, ինչպես երեւում է, չկարողացավ մոլորեցնել երիտասարդ ու դինամիկ Վլադիմիր Պուտինին:

Վերջապես, երկու խոսք նաեւ այս այցի հուզական կողմի մասին:

Մեզանում շատ ավելի մեծ ուշադրություն դարձրին այցի օրվան, քան այդ խնդիրն արժեր: Ընդսմին, անտեղյակությա՞ն, թե՞ միտումնավորության հետեւանքով մեզանում դեռ մինչեւ այցը եւ նույնիսկ այցից հետո ընդգծվում էր, թե Պուտինը Բաքու մեկնեց հունվարի 9-ին խորհրդային զորքերը ադրբեջանական մայրաքաղաք մտցնելու տարեդարձի օրը, իսկ այդ զորքերը, իբր, մտել էին հայկական ջարդերը կանխելու համար: Առնվազն թյուրիմացություն է: Բաքվում 1990 թվականի հայկական ջարդերը սկսվել էին հունվարի 13-ին եւ շարունակվում էին մեկ ամբողջ շաբաթ, մինչեւ որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զորքերը քաղաք մտան: Եվ նրանք Բաքու մտան ամենեւին էլ ոչ հայկական ջարդերը կանխելու ազնիվ նպատակով (այդ դեպքում այդքան անհուսալիորեն չէին ուշանա), այլ խորհրդային կարգերի տապալմանը սպառնացող վտանգը վերացնելու համար: Փողոցներում միջնադարյան վանդալիզմի սարսափները գերազանցող վայրագությամբ հայերին կենդանի ողջակիզող ու մարդկային միսը նախամարդու արյունռուտությամբ լափող խաժամուժը կրակ էր բացել խորհրդային զորքերի վրա: Պատասխանը ազդու էր եղել, եւ մարդակերների ոհմակներից ոչ քչերը շանսատակ եղան: Եթե Ադրբեջանը այս մարդակերներին համարում է ազգային հերոսներ, նրանց թաղում է հատուկ պանթեոնում, եւ եթե այս երկիր այցելած բոլոր պետական այրերին, այդ թվում Վլադիմիր Պուտինին առաջարկում է ծաղկեպսակ դնել նրանց գերեզմանին, ապա սա զուտ այդ երկրի բարոյական նկարագրի արտահայտությունն է: Նաեւՙ ծաղկեպսակ դնողի բարոյականության չափանիշը: Թող իրենք ամաչեն: Եվ վերջին դիտողությունս: Ինչո՞ւ ենք մենք տարակուսում, թե ինչո՞ւ Պուտինն առաջ Բաքու գնաց եւ ոչ թե Երեւան: Իսկ ո՞վ է Պուտինին Երեւան հրավիրել, որ նա չի ընդունել: Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո իր իսկ նախաձեռնությամբ չեկա՞վ (ճիշտ է, այն ժամանակ նա դեռ նախագահ չէր): Ալիեւի հրավերից հետո Ռոբերտ Քոչարյանն էլ նրան հրավիրել է Երեւան, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու, եւ Պուտինը խոստացել է գալ: Կգա, եւ այդ ժամանակ, թերեւս, նրան կարելի է ճշմարտություններ հաղորդել Բաքվի հայկական ջարդերի մասին (եթե մոռացել է): Իսկ մինչ այդ, կարծում եմ, Ալիեւ-Պուտին «գրկախառնությունից» առանձնակի անհանգստության որեւէ հիմք չկա:

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաքուն Պուտինին ընդունեց Բրեժնեւի նման

Ադրբեջանը հռչակվեց Ռուսաստանի «բարեկամ ու դաշնակից» պետություն

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«Կովկասում անվտանգության եւ բազմակողմ համագործակցության հաստատման առաջնային պայմանը լոկալ հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորումն է: Ռուսաստանը հակամարտությունների կարգավորման հարցում ունի սկզբունքային դիրքորոշումՙ տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության պաշտպանում», երեկ Ադրբեջանի խորհրդարանում ասել է ՌԴ նախագահը: Այս հայտարարությունը, մեր կարծիքով, առաջին հերթին ուղղված էր պաշտոնական Երեւանին եւ Թբիլիսիին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դերի մեծացումը, ինչպես նաեւ նախագահ Շեւարդնաձեի ջանքերըՙ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կնճիռները ՆԱՏՕ-ի օգնությամբ լուծելու ուղղությամբ, ոչ մի կերպ չեն տեղավորվում Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքական շահերի շրջանակներում: Պուտինի այն հավաստիացումներին, թե Ռուսաստանը հրաժարվել է իր կայսերապաշտ նկրտումներից, պետք է խիստ վերապահորեն մոտենալ: Հ. Ալիեւը դա լավ է հասկացել, այլապես ԼՂ հակամարտության կարգավորման բանալին վերջին մեկ տարում չէր փնտրի միայն եւ միայն Մոսկվայում: «Մենք պրն Ալիեւի հետ քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում փոխզիջման հասնելու մի քանի տարբերակներ: Այժմ ես պատրաստ չեմ խոսելու մանրամասների մասին, սակայն խոսքը վերաբերում է զիջումներին, առանց որոնց անհնար է լուծել նման բարդ խնդիրները», ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն իր նախորդիՙ Բ. Ելցինի սխալները սրբագրելու եւ ադրբեջանցիներին հաճոյանալու երկու խորհրդանշական ժեստ արեց: «Այն փաստը, որ վերջին 10 տարում ռուսական պետության ղեկավարը չի եղել ադրբեջանական հողում, արդեն համարվում է հսկայական մինուս երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», նշել է Պուտինը, իսկ պաշտոնական այցի երկրորդ օրը Շեհիդների ծառուղում Ռուսաստանի պետության անունից ծաղկեպսակ է դրել 1990 թ. հունվարյան իրադարձությունների եւ Ղարաբաղում զոհված ադրբեջանցիների հուշահամալիրին:

Խորհրդարանում ունեցած ելույթում Պուտինը դժգոհել է ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ առկա առեւտրի ծավալներից, որը 2000 թ. կազմել է 300 մլն դոլար. «Սա չի համապատասխանում մեր փոխադարձ շահերին եւ հնարավորություններին»: Իմիջիայլոց նշենք, որ 2000 թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 140 մլն դոլար:

Հետաքրքիր է Պուտինի մեկ այլ հայտարարությունըՙ կապված Վրաստանից Հայաստան ռուսական ռազմական տեխնիկա տեղափոխելու հետ. «Քանի որ Վրաստանը ռուսական սպառազինության մի մասի դուրսբերման հարց է դնում, իսկ աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում առայժմ անհրաժեշտ է, մենք այլ ընտրություն չունենք, քան ռազմական տեխնիկայի տեղափոխումը Հարավային Կովկասի մեկ այլ կետ»:

Պուտինը գոհունակությամբ է անդրադարձել ռազմական ոլորտում ՌԴ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների ստորագրած ռուս-ադրբեջանական համագործակցության փաստին. «Այդ համագործակցությունը համապատասխանում է երկու երկրների շահերին, ուղղված չէ երրորդ կողմի դեմ»: Հ. Ալիեւի հետ բանակցություններում առկախ է մնացել Բաքվից շուրջ 300 կմ հյուսի-արեւմուտքում տեղաբաշխված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի ճակատագիրը: Կայանի կարեւորությունը Ռուսաստանի համար չափազանց կենսական է եւ թույլ է տալիս «դիտել» Միջերկրական ծովը, Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր Արեւելքը եւ Հնդկական օվկիանոսի գոտինՙ 7200 կմ հայտնաբերման հեռավորությամբ: Վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել նաեւ Կասպիցի իրավական կարգավիճակի հարցում: Կասպիցի խնդիրը, բացի երկկողմ բնույթից, ունի բազմակողմ բնույթ: Այն եւս երեք պետություններիՙ Իրանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի միջեւ վիճահարույց թնջուկ է, հզոր երկրներ, որոնք Ռուսաստանի հետ ունեն բարիդրացիական հարաբերություններ:

Գաբալայի եւ Կասպիցի խնդիրները Ռուսաստանի համար ավելի փոքր կարեւորություն չունեն, քան հայ-թուրքական սահմանում ռուս սահմանապահների ներկայությունը: Այնպես որ, Պուտինի Ադրբեջան պաշտոնական այցին Հայաստանը չպիտի մոտենա խանդով: Վերջ ի վերջո պիտի ընդունել, որ գերտերությունների համար, իսկ Ռուսաստանը հաստատ գերտերություն է, քիչ կարեւոր չէ, թե ռազմավարական հին ու նոր դաշնակից պետությունները որքանով են հավատարիմ իրենց պարտավորությունները կատարելու մեջ:

Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Փաշազադեի հետ հանդիպումով ավարտվեց ՌԴ նախագահի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան: ԱՊՀ անդամ 12 երկրներից Պուտինն իր գահակալության ինը ամիսներին չի այցելել միայն Վրաստան եւ Հայաստան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4