«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2001-01-09 | #2, 2001-01-10 | #3, 2001-01-11


ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԴԵՂԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՇԱՆՏԱԺ Է, ՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԱ»

Հանրապետությունում դեղորայքի թանկացման թեման շարունակում է մնալ այս օրերի ամենացավոտ եւ օրախնդիր հարցերից մեկը: «Ազգի» երեկվա համարում արդեն անդրադարձել էինք այդ թեմային («Դեղորայքի թանկացումը մենաշնորհի հետեւանք է») եւ մեր պարզաբանումներն ու հիմնավորումները ներկայացրել ստեղծված կացության վերաբերյալ: Դեղերի շուկայում առաջացած իրավիճակի, դրա հետագա զարգացումների եւ ընդհանրապես հավասար մրցակցային դաշտի ապահովման հարցերի շուրջ կառավարության ձեռնարկած քայլերին տեղեկանալու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանին:

- Պրն Մանուկյան, Հայաստան ներմուծվող դեղերի վրա ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) սահմանելուց հետո դրանց գներն աճեցին շատ ավելի, քան ԱԱՀ-ի 20 տոկոսն է: Ինչո՞վ եք դա բացատրում:

- Ես պաշտոնապես հավաստում եմ, որ 2001 թ. հունվարի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետություն դեղորայք չի ներմուծվել: Այսինքնՙ այս թանկացումը դեղորայքի բիզնեսով զբաղվող կլանների սարքած խաղն է: Այն ուղղված է ժողովրդի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների դեմ: Այլապես ինչով բացատրել, որ բազմաթիվ դեղեր թանկացել են ոչ թե 20 տոկոսով, այլՙ ավելի շատ: Ձեր թերթում բերված նո-շպայի 45 տոկոսով թանկացման օրինակը շատ հատկանշական է այն դեպքում, երբ այս տարի դեռեւս դեղ չի ներկրվել եւ ավելացված արժեքի հարկ դեռ չի գանձվել: Այս թանկացրած դեղերը անցյալումՙ 2000 թ.-ին ներկրվածներն են:

Հաստատապես կարող եմ ասել, որ Հայաստանում դեղերի գներն ավելի թանկ են եղել, քան ԱՊՀ այլ երկրներում եւ անգամ եվրոպական երկրներում: Ի՞նչն է պատճառը: Դեղորայք ներմուծողներն այն ժամանակ, երբ դեղերն ամբողջությամբ հարկման դաշտից դուրս էին, դրանք գնում էին շատ ցածր գներով, այստեղ մուտքագրում որպես թանկ գներով ձեռք բերված եւ թանկ էլ վաճառում էին: Այժմ ավելացված արժեքի հարկով հարկվելու դեպքում, եթե դեղերը մուտքագրվեն բարձր ապրանքագրային արժեքով, ապա բարձր էլ հարկ կվճարվի: Հետեւաբար, ձեռնտու չի լինի թանկ գնով դեղորայք բերելը: Իսկ նրանք, ովքեր միտումնավոր բարձրացրել են գները, օրենքի առաջ պատասխանատու կլինեն: Ես այդ թանկացումը համարում եմ շանտաժ, որի պատասխանը պետությունը կտա:

- Չե՞ք կարծում, որ գլխավոր խնդիրն այստեղ մենաշնորհային վիճակն է: Պետությունը հնարավորություն ունի՞ այդ մենաշնորհը վերացնելու, բոլորի համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու:

- Իհարկե: Եթե այդ կլաններին թվում է, թե այլ դեղեր ներկրողներ չեն լինի, նրանք սխալվում են: Այժմ նրանց հարկային դաշտ բերելով, հսկողությունը կուժեղացնենք եւ հնարավորություն կտանք, որ ուրիշներն էլ դեղորայք ներկրեն: Եթե շատ լինեին ներմուծողները, ապա դեղորայքն այսօր չէր թանկանա: Այժմ բազմաթիվ նման ցանկություն հայտնողներ կան, որոնք դիմել են ինձ: Նրանք խնդրում են հավասար պայմաններ ընձեռել եւ պաշտպանել ներկա ներմուծողների ճնշումներից, ինչի դեպքում շատ ավելի էժան գներով դեղորայք կներմուծեն: Եվ դա արվելու է: Պետությունն այսօր բազմաթիվ լծակներ ունի իր դեմ կատարված սաբոտաժին պատասխանելու:

- Դեղորայքի առումով կարծես թե շատ բաներ հասկանալի դարձան եւ մոտ ժամանակներս հուսանք, որ արդեն այլ բնույթի փոփոխություններ կլինեն շուկայում: Այժմ անդրադառնանք հարկահավաքմանը: Ձեր պաշտոնավարումից հետո խոստացել էիք հավաքել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար բյուջեով նախատեսված 32 մլրդ դրամ հարկերը: Հաջողվե՞ց:

- Ինչպես տեղյակ եք, նոյեմբերին հավաքվեց 16 մլրդ 372 մլն դրամ: Դեկտեմբերին, ըստ նախնական տվյալների, հավաքվել է 16 մլրդ 202 մլն դրամ: Այսինքնՙ այդ երկու ամիսներին հարկային մուտքերը կազմեցին ավելի քան 32 մլրդ 570 մլն դրամ, որը նախատեսվածից ավելի է 570 մլն դրամով: Ես համոզված եմ, որ 2001 թ.-ին եւս, ըստ եռամսյակների, կկարողանանք ապահովել բյուջետային մուտքերը: Ակնկալում եմ, որ գուցե գերակատարենք բյուջեն: Դրա համար լուրջ աշխատանք է տարվում հարկատուների հետ: Նրանց բոլորի համար պետք է ապահովենք հավասար հարկային դաշտ: Անհավասար հարկային դաշտի դեպքում հարկ վճարողներն էլ չեն ցանկանա վճարել: Այդ պատճառով թող բոլորը իմանան, որ արտոնյալ վիճակում գտնվողներ չեն լինելու:

- Ինչպե՞ս է դա կատարվելու: Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը եւս հարկային հավասար դաշտի ապահովման բաղկացուցիչ մասերի՞ց է:

- Հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսվարող սուբյեկտները ցույց են տալիս իրենց շրջանառության ընդամենը 10- 15 տոկոսը: Մենք թույլ չենք տա, որ այդպես շարունակվի: Գոյություն ունի օրենք, որը թույլ է տալիս նրանց տուգանել, եւ նրանք անընդհատ կտուգանվեն, մինչեւ ցույց տան իրական շրջանառության ծավալները: Եթե հասնենք գոնե այն բանին, որ ցույց տրվի ընդհանուր հասույթի 50 տոկոսը, դա արդեն մեծ ցուցանիշ կլինի: Այսօր ունենք օրինակներ, երբ որեւէ տնտեսվարող սուբյեկտ 10 ամսվա հասույթը ցույց է տալիս, օրինակ, 10 մլն դրամ, բայց, օրինակ, երբ մեկ ամսվա համար մենք չափագրում ենք կատարում (խրոնոմետրաժ), արձանագրվում էր 20- 25 մլն դրամ: Համեմատենքՙ 10 ամսում 10 մլն դրամ, 1 ամսումՙ 20- 25 մլն դրամ:

- Պրն Մանուկյան, իսկ ինչպե՞ս է լուծվելու տոնավաճառների հարցը: Ի՞նչ է նախատեսվում նրանց եւս հարկային դաշտ բերելու ուղղությամբ:

- Հսկիչ-դրամարկղային մեքենաները պետք է ներդրվեն նաեւ տոնավաճառներում: Մեր ապրանքաշրջանառության զգալի մասը կատարվում է այստեղ եւ փաստորեն հարկման դաշտից դուրս է: Իսկ դա անթույլատրելի է, եւ դարձյալ օրենքի շրջանակներում մենք կարգավորման ուղիներ այստեղ եւս կգտնենք:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչության կանխատեսումների համաձայն, հունվարի 10- 16-ը հանրապետությունում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտումՙ մառախուղ: Ամսի 10-ին եւ 11-ին Երեւանից մինչեւ Անկարա (Թուրքիա) տարածքում սպասվող ամպամածության հետեւանքով հանրապետության որոշ շրջաններում հնարավոր են տեղումներՙ ձյան տեսքով: Ամսի 12- 14-ը կդիտվի նաեւ ջերմաստիճանի աստիճանական նվազումՙ 3- 6 աստիճանով:

Երեւանում նշված օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ եւ մառախուղ, գիշերըՙ -4,-8, ցերեկըՙ -1, -3 աստիճան ցուրտ:

ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչության մասնագիտացված սպասարկումների կենտրոնի տեղեկատվության համաձայն, անցած շաբաթվա ընթացքում (հունվարի 1- 7-ը) հանրապետությունում դիտվել է առավելապես առանց տեղումների, պարզ, ջերմային բարձր ռեժիմով եղանակ: Այդ օրերին Տավուշում եւ Սյունիքի ցածրադիր շրջաններում օդի ջերմությունը հասել է մինչեւ +20-ի, Ջերմուկումՙ +7-ի, Լոռի-Փամբակումՙ 6- 10 աստիճան տաքություն: Նույն ժամանակահատվածում, սակայն, Արարատյան դաշտում իշխել է ամպամած եւ մառախլապատ եղանակը, որի ժամանակ գիշերը եղել է 3- 4, ցերեկըՙ 1- 3 աստիճան ցուրտ:

Ըստ կենտրոնի պետ Ալբերտ Թորոսյանի, պատճառը Արարատյան հովտի գոգավոր դիրքն է, որտեղ «հանգրվանել է» ցուրտ օդը եւ ներկա եղանակային պայմանների հետեւանքով այնտեղից դեռեւս դուրս գալ «չի կարողանում»:

Հանրապետության գետերի որոշ մասը ներկայումս սառել է, մյուսներում էլ ձմռան սակավաջրության հետեւանքով պակասել են ելքերը:

Այս օրերին չի փոխվել նաեւ Սեւանա լճի մակարդակըՙ 1896,47 մ, որն անցած տարվա նույն օրվա համեմատ ցածր է 4 սմ-ով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4