Պետեկամուտների նախարարի մամուլի ասուլիսը
ՀՀ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսի հիմնական թեման դարձյալ դեղորայքի գների բարձրացումն էր, իսկ ավելի կոնկրետ, թանկացման հեղինակներիՙ դեղեր ներմուծողների հետ հանդիպման արդյունքները: 45 ընկերությունների հետ նախարարի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել 3 օրվա ընթացքում համաձայնության գալ խնդրի շուրջ: Հանդիպման ժամանակ դեղեր ներկրող ընկերությունների ղեկավարներն իրենք էին քննադատել նրանց, ովքեր գները բարձրացրել էին 20 տոկոսից ավելի: Անդրանիկ Մանուկյանն իր հերթին հավաստեց, որ դեղատների սեփականատերերը չեն ցանկանում բարձրացնել գները, ինչը նրանց պարտադրում են ներմուծողները: Թանկացման պատճառներից մեկը դեղագործական ընկերությունները համարել են այն, որ իրենք տեղյակ չեն եղել, որ բացի ավելացված արժեքի հարկից այլ վճար (մաքսատուրք) նախատեսված չէ: Սա, իհարկե, խիստ տարօրինակ է թվում, քանզի դեղերի բիզնեսով զբաղվողների թվում ընդգրկված են նաեւ ԱԺ պատգամավորներ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել օրենսդրական փոփոխությունների շուրջ ծավալված քննարկումներին:
Պետեկամուտների նախարարը կրկին հաստատեց իր այն համոզմունքը, որ այս թանկացումը սաբոտաժ էր եւ ուներ հովանավորողներ: Խորհրդարանում այդ հովանավորներից մեկը նրա կողմից համարվեց առողջապահության եւ սոցիալական ապահովության հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը:
«Ազգի» հարցին, թե դեղեր ներմուծողներին ինքը տեղեկացրե՞լ է, որ իրենց մենաշնորհի դեմ իր խոստացած քայլերը կձեռնարկի, Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց, որ հանդիպման ժամանակ դա ասվել է, եւ ինքն ամեն ինչ կանի այդ մենաշնորհի վերացման համար: Նա անհավանական համարեց նաեւ այն մտահոգությունը, որ եվրոպական հայտնի դեղագործական ընկերություններն այլեւս Հայաստանում դեղեր չեն վաճառի, քանի որ ոչ ոք չի ցանկանա շուկա կորցնել եւ իր դեղերը կվաճառի մեկ այլ տեղական ընկերությանը: Ինչ վերաբերում է մաքսանենգության մեծացման վտանգին այս ոլորտում, ապա նախարարը խոստացավ դրա դեմն առնել եւ նշեց, որ մաքսանենգությունից դժգոհում էին նաեւ դեղեր ներկրող ընկերությունները:
«Այնուամենայնիվ, դեղամիջոցները կթանկանա՞ն», հարցին Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց, թե հուսով է, որ ոչ եւ անգամ հնարավոր է էժանացում: Բանն այն է, որ մինչ այժմ դեղերը գնվել են էժան գներով, բայց Հայաստան մուտքագրվել ապրանքագրային (ինվոյսային) շատ բարձր գներով: Դա էլ Հայաստանում դեղերի թանկության պատճառն է: Ավելացված արժեքի հարկի կիրառումից հետո եւ սահմանին գանձելու դեպքում, ըստ մաքսային նոր օրենսգրքի, մաքսային մարմինները իրավունք կունենան ճշտելու դեղերի ապրանքագրային արժեքները եւ մուտքագրել միջազգային շուկայի, այլ ոչ թե ներմուծողների ներկայացրած գներով: Այս դեպքում դրանց վրա ավելացված արժեքի հարկ կիրառելը գների բարձրացման չպետք է հանգեցնի: Ասուլիսի վերջում պետեկամուտների նախարարը խոստացավ, որ եթե մինչեւ երկուշաբթի օրը դեղագործական ընկերությունները բացասական պատասխան տան դեղերի շուկայում արհեստականորեն ստեղծված իրավիճակի վերացման առաջարկին, ապա նրանց նկատմամբ կկիրառվի հարկային խիստ վարչարարություն, ինչի իրավունքը հարկային մարմինները մինչեւ 2001 թ. հունվարի 1-ը չեն ունեցել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ