«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2001-01-10 | #3, 2001-01-11 | #4, 2001-01-12


ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀՐԱՏԱՊ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես նաեւ օրենսդրական կայուն դաշտի ստեղծումը

Անկախ մամուլի ստեղծումը, ինչպես նաեւ լրագրողների գործունեության ազատությունն ու էթիկայի պահպանումը վաղուց հասունացած հարցեր են Հայաստանի մասմեդիայի համար: Տասը տարվա կենսագրություն ունեցող հայաստանյան անկախ մամուլը «զարգացման» որոշակի փուլեր է անցել, որը բանախոսները երկու շրջանի են բաժանում: Նախորդ իշխանությունների ժամանակ, երբ մամուլն իշխանությունների մոնոպոլիան էրՙ ընդդիմադիր լրագրողների հետ հարաբերությունները կարգավորվում էին ավազակային հարձակումներով: Ներկա իշխանությունները լրագրողների հետ հաշվեհարդարի, այսպես կոչված, ավելի քաղաքակիրթ ձեւեր են մշակելՙ ձերբակալում, դատական հետապնդումներ եւ այլն:

Այս առումով անցնող տարին լրագրողների համար բավականաչափ խիստ ու տխուր պատկեր ունի: Լրագրողների կողմից զրպարտության, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու երեք գործ է լսվել դատարաններում,ւ երեքն էլ ավարտվել են լրագրողների լիակատար պարտությամբ: Զրպարտության մեղադրանքով պատասխանատվության ենթարկվեցին «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ «Իրավունքի» թղթակից Վահրամ Աղաջանյանը, իսկ «Ազգի» դեմ ներկայացված քաղհայցով որոշվեց խմբագրությանը պարտավորեցնել տպագրելու հայցվորի պատասխան հոդվածը: Լրագրողներից ոմանք իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթարկվեցին հետապնդումների, որոնք արտահայտվեցին ամենատարբեր դրսեւորումներով:

Սակայն, կարեւորն այստեղ այն է, որ վերջապես լրագրողական ավագ սերունդը ձեռքից տվածը ետ բերելու նախաձեռնություն է ցուցաբերում: «Մամուլը չի կարող մեր իրականությունից ավելի լավ կամ ավելի վատ լինել, բայց մեծ իրականության ճանապարհը կարող է հարթել», զգոնության այս կոչը երեկ հնչեց Եվրախորհրդի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի եւ Երեւանի մամուլի ակումբի համատեղ կազմակերպած քննարկման ժամանակ:

Հիմնական զեկուցողներից «Ինտերնյուսը» ներկայացնող Շուշան Դոյդոյանը ԶԼՄ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը վերլուծելիս անդրադարձավ լրագրողների համար սպառնալիք դարձած զրպարտության խնդրին, որը Հայաստանում քրեորեն պատժելի արարք է համարվում ՀՀ քր. օր.-ի 131 եւ 132 հոդվածներով: Այս խնդիրը կարգավորվում է նաեւ քաղաքացիական օրենսգրքով: «Օրենսդրությունն այս առումով թերի է եւ հեղհեղուկ, քանի որ հստակ տարանջատված չէ քաղաքացիական եւ քրեական պատասխանատվությունների միջեւ սահմանագիծը: Հստակ չեն իրավախախտման քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության հիմքերը: Օրենքը երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս, ինչը գործնականում դառնում է մամուլի ազատության ոտնահարման սպառնալիք»: Շ. Դոյդոյանի կարծիքով, մամուլի ազատության սահմանադրական պաշտպանությունը Հայաստանում լիարժեք համարվել չի կարող առաջին հերթին այն պատճառով, որ երկրի հիմնական օրենքով գրաքննությունն արգելված չէ:

Լրագրողների ճնշող մեծամասնությունն այն տեսակետին էր, որ մեկ տասնամյակը բոլորած մամուլի մասին օրենքն այլեւս չի համապատասխանում ներկա պահանջներին եւ անհրաժեշտ է միանգամայն նորն ընդունել: Հետաքրքրական է, որ լրատվամիջոցներից երկուսիՙ «Նոյյան տապան» գործակալության եւ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրենների կարծիքով, ցանկացած օրենք ավելի շատ սահմանափակում է, քան թույլատրում մեդիայի գործունեությունը, եւ չեն հստակեցնում լրատվամիջոցների իրավունքները: Գտնում են, որ քաղաքացիական օրենսգիրքը եւ ՀՀ Սահմանադրությունը միանգամայն բավարար են լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեությունը համակարգելու համար:

Այս տեսակետի ընդդիմախոսները շեշտեցինՙ «մենք Ամերիկա չենք» եւ օրենքի բացակայության մասին կարելի էր մտածել, եթե Հայաստանը քաղաքական առումով կայուն երկիր լիներ: Մամուլին այսօր անհրաժեշտ է օրենքով պաշտպանվել, իսկ օրենսդրական հակասությունները միանշանակ հստակեցնել է պետք ընդհանուր հայեցակարգային մոտեցումով, որպեսզի մեկը մյուսին չհակասի եւ լրագրողին խոցելի չդարձնի:

Լրագրողների գործունեությունը սահմանափակող երկրորդ կարեւորագույն հարցը տեղեկատվության անմատչելիությունն էՙ յուրաքանչյուր չինովնիկ վախ ունի լրագրողի հետ հաղորդակցվելուց: Դրանով բացատրվեց ներկա իշխանությունների որդեգրած «բաց քաղաքականությունը», որն արտահայտվում է ձանձրալի եւ հիմնականում ոչինչ չասող ասուլիսներով: Մեղքը նաեւ լրագրողներինը համարվեց, որոնք զերծ չեն մնում լրատվությունն աղավաղելուց եւ անհարկի մեկնաբանություններից, որոնց պատճառով պաշտոնյան խույս է տալիս լրագրողներից:

Սա մասնավորապես, իսկ մեծ հաշվարկով հայաստանցի չինովնիկը դեռեւս չի պատկերացնում, որ ոչ միայն լրագրողը, այլեւ յուրաքանչյուր քաղաքացի տեղեկատվություն ստանալու իրավունք ունի: Լրագրողական շրջանակը հասունացած է համարում այս հարցի լուծումը, որովհետեւ տեղեկատվության ազատությունը կոռուպցիայից ձերբազատվելու միակ միջոցն է համարվում: Թեմայի վերաբերյալ հիմնական զեկուցողը Համաշխարհային բանկի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանն էր, որի առաջարկին գումարվեցին այլ տարբերակներՙ ստեղծել օմբուդսմենի ինստիտուտ, մերժում ստանալուց հետո դատական պատասխանատվության կանչել պաշտոնյային, այլ երկրի օրինակով ստեղծել մի կազմակերպություն, որն իր վրա վերցնի տեղեկատվություն հայթայթելու հարցը եւ այլն: Վ. Սարգսյանը ներկայացրեց նաեւ Երեւանի մամուլի ակումբի կողմից մշակված տեղեկատվության իրավունքի մասին օրենքի նախագիծըՙ նշելով, որ հարեւան հանրապետություններից ոմանք այս քաղաքակիրթ տարբերակն են որդեգրել:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2000 թ. մամուլի Պալյան մրցանակըՙ Վարուժան Մարտիկյանին

Փարիզում ֆրանսերեն լույս տեսնող ՀԲԸՄ տեղեկագիրը «La lettre de l՜UGAB» հաղորդում է, որ դեկտեմբերի 28-ին տեղի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնում 80_100 անձանց ներկայությամբ մամուլի Պալյան մրցանակ է հանձնվել նույն տեղեկագրի գլխավոր խմբագիր Վարուժան Մարտիկյանին: Հանդիսավոր պայմաններում մրցանակը հանձնել է Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) փոխնախագահ եւ Պալյան մրցանակի հանձնախմբի նախագահ Երվանդ Ազատյանը: Ներկա էին մասնավորապես Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի ՀԲԸՄ նախագահ դոկտոր Էդուարդ Ադամյանը եւ ուրիշներ:

Ողջունելով ներկաներինՙ տեղեկագրի տնօրեն Լեւոն Քեբաբջյանը նշեց, որ մրցանակը փաստորեն շնորհվում է թե Վարուժան Մարտիկյանին, թե տեղեկագրին եւ թե առհասարակ ՀԲԸՄ_ին: Նա ողջունեց Կահիրեում ՀԲԸՄ նախագահ Պերճ Թերզյանին եւ նրա տիկնոջը, որոնք հատկապես հանդիսության առիթով ժամանել էին Ժնեւից: Քեբաբջյանը նաեւ շեշտեց գրող ու լրագրող, հայտնի ռամկավար Երվանդ Ազատյանի ներկայության կարեւորությունը:

ՀՀ դեսպան Է. Նալբանդյանը մրցանակի առթիվ շնորհավորեց Վ. Մարտիկյանինՙ նրան անվանելով «համեստ անձնավորություն, որը փայլուն աշխատանք է կատարում»: Դեսպանը հավաստիացրեց, որ Ֆրանսիայի Սենատում, Ազգային ժողովում, կառավարությունում եւ ԱԳՆ-ում բազմաթիվ անձինք ոչ միայն կարդում են ՀԲԸՄ տեղեկագիրը, այլեւ դրանից են քաղում տեղեկատվության զգալի մասը: Նա ներկաներին եւ ողջ հայությանը կոչ արեց առավել մեծ ուշադրություն դարձնել համայնքային մամուլին, քանզի վերջինիս «չափազանց դժվար» դեր է վիճակված:

Մամուլի Պալյան մրցանակի հանձնախմբի նախագահ Երվանդ Ազատյանը ԹՄՄ ԱՄՆ-ի եւ Կանադայի կենտրոնական խորհրդի անունից հիշեցրեց, որ ԹՄՄ նոյեմբերին Լոս Անջելեսում անցկացրել է իր 25-րդ տարեկան ժողովըՙ ամփոփելով ԱՄՆ-ի եւ Կանադայի 14 մասնաճյուղերի աշխատանքը: Մշակութային տարբեր ձեռնարկումների շնորհիվ միջոցներ են հանգանակվել, որոնք կհատկացվեն ՀԲԸՄ հրատարակությունների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում (1), Լիբանանում (1) եւ Հայաստանում (3) գործող 5 դպրոցների կարիքներին: Ժողովի ընթացքում նաեւ հայտարարվել է, թե ում է շնորհվելու 2000 թ. Պալյան մրցանակը: 1986 թ. ամուսիններ Ռիտա եւ Վարդգես Պալյանների հիմնած մրցանակն ամեն տարի շնորհվում է հայկական մշակույթին ու Հայ դատին լավագույնս ծառայած որեւէ հայազգի լրագրողի:

Իրեն անվանելով ՀԲԸՄ տեղեկագրի «հավատարիմ ընթերցող», Ազատյանը ընդգծեց 10-ամյա թերթի բովանդակալիությունը, որը հանրային կարծիք է ստեղծում: Իր ելույթի վերջում նա Վարուժան Մարտիկյանին հանձնեց մրցանակակրի վկայական եւ 2000 դոլարի չեկ:

Վարուժան Մարտիկյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց պատվավոր մրցանակի համար, վերհիշեց 1990 թ. հուլիսի 13-ը, երբ մեքենագրված վիճակում, ընդամենը 15 օրինակով լույս էր տեսել տեղեկագրի առաջին համարը: Ներկայումս ամեն շաբաթ թերթն ընթերցողներին է ներկայացնում հայկական կյանքի ընդհանրական պատկերըՙ շեշտը դնելով քաղաքականության, դիվանագիտության եւ աշխարհաքաղաքականության վրա: Տեղեկագիրը ջանում է հարցերը լուսաբանելիս զերծ մնալ նեղ, «թեմական» մոտեցումից, տուրք չտալ մոդայիկ հովերին, խուսափել խրթին ոճից, անաչառ նկարագրել իրականությունը, ինչպիսին էլ այն լինի, հանուն գոյատեւման անդադար վերակերտել ներկան եւ ապագան:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4