Պուտին-Ալիեւ հանդիպումների արձագանքը ռուսական ԶԼՄ-ներում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան մեծ արձագանք գտավ ռուսական ԶԼՄ-ներում: Նախանձել կարելի էր, թե ինչպես էին OPT, PTP եւ HTB հեռուստաալիքները լուսաբանում այցի մանրամասները: Նաեւ զայրանալ, որովհետեւ տարածաշրջանին անտեղյակ ռուս «պալատական» լրագրողները միլիոնավոր ունկնդիրներին պատմում էին այն ամենը, ինչ լսել էին ադրբեջանցիներից:
Մամուլը եւս կարեւորեց եւ մեծ տեղ հատկացրեց ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին, ԼՂ խնդրին, ՌԴ կովկասյան քաղաքականությանը, այլ խնդիրների, որոնք կամա թե ակամա շոշափում են Հայաստանի շահերը:
«Իզվեստիան» գրում է. «Մոսկվան շարունակեց Բաքվի հետ խոսակցությունն այն բանից հետո, երբ երկար տարիներ նրա համակրանքը Հայաստանի կողմն էր: Ռուսաստանի քաղաքականության փոփոխությունն ադրբեջանցիները հասկացան: Ամենուր Պուտինին ընդունում էին պարտադիր հոտնկայս եւ բուռն ծափահարություններով: Պուտինին ընդունեցին արեւելյան օրենքներով... Մեջլիսի խոսնակ Մ. Ալեսքերովը Ռուսաստանը համարեց մեծ տերություն: Պատգամավորներին առավել դուր եկան «տարածքային ամբողջականության եւ պետությունների սահմանների անխախտելիության մասին» Պուտինի խոսքերը: Մեջլիսը վերհիշեց Ղարաբաղը, թեեւ Պուտինը «Ղարաբաղ» բառը չգործածեց... Պուտինն Ալիեւին էր բերել «Ավագ լեյտենանտ Հեյդար Ալիեւիչ Ալիեւ» վերտառությամբ վկայական. 1949 թ. մայիսին Ալիեւն ավարտել է Լենինգրադի հատուկ դպրոցը: Հետագայում նույն դպրոցն է ավարտել նաեւ Պուտինը»:
«Նեզավիսիմայա գազետան», վերհիշելով Ելցինի հարավկովկասյան քաղաքականությունը, գրում է. «Ելցինի գահակալության տարիներին շատ բան պայմանավորված էր մարդկային, անձնական գործոնով: Ակնհայտ էր, որ Բորիս Նիկոլաեւիչը չէր սիրում Հեյդար Ալիեւին: Չէր սիրում, ուղղակի չէր սիրում: Հակառակըՙ Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը Բորիս Նիկոլաեւիչի սրտովն էր: Նման անձնական նախասիրությունները պայմանավորում էին Մոսկվայի հարավկովկասյան քաղաքականության առաջնահերթությունները... Հետեւողականորեն վատթարանում են Ռուսաստանի հարաբերությունները իր, թվում էր, մշտական դաշնակից Հայաստանի հետ: Փաստորեն, ուշադրություն չդարձնելով Հայաստանի համար ցավալի ներքին քաղաքական, տնտեսական եւ ժողովրդագրական գործընթացներին, Մոսկվան հանկարծ բախվեց ռուսամետ քաղաքական գործիչներից հայկական քաղաքական դաշտի «մաքրվելու» իրողությանը, ապա իր համար անհասկանալի հայկական դիվանագիտության «հավասարահեռությանը» (նկատի ունի կոմպլեմենտարությունը_Թ.Հ.): Մինչեւ վերջ չկողմնորոշվելով, Կրեմլը կիսագաղտնի «կոնսուլտացիաներ» է վարում ոչ բարձրաստիճան հայ քաղաքական դեմքերի հետՙ երբեմն զուտ «պրոտոկոլային» բնույթի դեմարշներով ցույց տալով իր դժգոհությունը Երեւանից: Շատ բան կորոշի մայիսին սպասվող Պուտինի պաշտոնական այցը Երեւան, սակայն չի բացառվում, որ մինչեւ Պուտինի այցելությունը Հայաստանի նախագահն ամենաբարձր մակարդակով ընդունելության արժանանա Վաշինգտոնում: Ամեն դեպքում, առայժմ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարելի է բնութագրել «զուսպ» եւ «սպասողական» տերմիններով:
Պատրաստեցՙ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ