Օրերս «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ-ն հրապարակեց հայտարարություն, որը չնայած սկսվում է «հարգելի» եւ «սիրելի» արտահայտություններով, ավելի շատ գույժի կամ վերջնագրի տպավորություն է թողնում: Անդրադառնանք, թե ի՞նչ է ցանկանում հաղորդել Երեւանի էլեկտրացանցն իր շատ «հարգելի բաժանորդներին» եւ շատ «սիրելի երեւանցիներին»: Ըստ էության այն, ինչ վերջին տարիներին անընդհատ ասում են էներգետիկները հասարակության ոչ էներգետիկ հատվածին. «Երկրի էներգետիկ համակարգը հայտնվել է ծանրագույն, վատթար վիճակում», որի պատճառը «անկարգապահ բաժանորդների» չվճարումներն են: Չնայած «բնակչության մասով գանձումների մակարդակը գոհացնող է», սակայն նկատի ունենալով այլ սպառողների անպարտաճանաչությունը, Երեւանի էլեկտրացանցը հավատացնում է, որ «ցավով» (կարելի է ենթադրելՙ անդիմակայելի ցավով) ստիպված է լինելու հունվարի 17-ից դիմել անջատումների: Եվ որպեսզի «ցավի» ուժգնությունն առավել ընդգծվի, հիշեցնում է, որ այդ միջոցին էլեկտրացանցը պետք է դիմի «խստաշունչ ձմռան այս օրերին», ինչի հետեւանքով «էլ ավելի պետք է ծանրանա դրությունը»:
Երեւի թե Երեւանի էլեկտրացանցի «ցավին» մենք մոտենայինք փոքր-ինչ մոռացված ըմբռնումով, եթե չլինեին որոշ հանգամանքներ: Մինչ սպառողներին դիմելը ընկերությանը չէր խանգարի նույն հայտարարությունն ուղղել իր աշխատակիցներին, որոնք այնքան էլ մտահոգված չեն ոչ միայն անջատումների հեռանկարով, այլեւ գերկորուստներ փաղաքուշ անվանումը ստացած գողացված գումարի դիմաց իրենց աշխատավարձերից պահվող գումարներով: Պատճառը պարզ էՙ դրանք անհամեմատելի թվեր են հօգուտ գողացվածի: Ինչպե՞ս է դա արվում: Բնակիչը համաձայնության է գալիս տեսուչի հետ 1 կվտ-ի դիմաց 15 դրամ (25 դրամի փոխարեն) վճարելու մասին, վերջինս էլ ետ է պտտեցնում հաշվիչի ցուցմունքը: Արդյունքում բազմահազար 15 դրամները մտնում են տեսուչների գրպանները, իսկ էներգահամակարգը հայտնվում է «ծանրագույն, վատթար իրավիճակում»: Ըստ կատարված հաշվարկների, յուրաքանչյուր տարի Հայաստանի էներգահամակարգում անհետանում է 30_40 մլն դոլար: Բնականաբար, այդ գումարի առյուծի բաժինը հասնում է Երեւանի էլեկտրացանցին, իսկ գողացողները պատասխանատվության չեն ենթարկվում կամ ծայրահեղ դեպքում ազատվում են աշխատանքից:
Ուստի, հետեւելով Երեւանի էլեկտրացանցի օրինակին, մենք էլ կոչ ենք անում նրան, մինչ սպառողներին ողջախոհության ձայնին անսալու եւ էլեկտրաէներգիայի պարտքը մարելու կոչ անելը, ոչ միայն կոչ անել, այլեւ գործուն քայլեր ձեռնարկել իր աշխատակիցների նախաձեռնությամբ եւ միջոցով կատարվող գողությունը կանխելու համար: Իսկ «պետության ու պետականության շահերն ու անվտանգությունը» գիտակցելու մասին բարոյախրատական քարոզները վաղուց արդեն ժամանակն է ուղղել այնտեղ, որտեղից դրանք դուրս են գալիս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ