«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2001-01-12 | #5, 2001-01-13 | #6, 2001-01-16


ԴԵՂՈՐԱՅՔԻ ԳՆԵՐԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՆԱ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1-Ը

Այս պայմանավորվածությանն են երեկ հանգել ՀՀ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ Հայաստան դեղեր ներմուծող ընկերությունները ներկայացնող կազմակերպությունըՙ Հայկական դեղագործական միությունը: Այդ մասին իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Անդրանիկ Մանուկյանը եւ ավելացրեց, որ խոսքը վերաբերում է «հիվանդացության ամբողջ տեսականու» դեղերին: Այսինքնՙ նրանց, որոնք անհրաժեշտ են հիվանդին իր հիվանդությունը բուժելու համար: Ըստ նախարարի, դա չի վերաբերում այն դեղերին, որոնք օգտագործվում են այլ նպատակներով: Չթանկացողների թվում են 27 խումբ, այդ թվումՙ անզգայացնող, հակաալերգիկ, հակավարակային, հակաուռուցքային, սրտանոթային, մաշկային հիվանդությունների, ակնաբուժական, հականեխիչ, միզամուղ եւ այլՙ բոլոր լայնորեն կիրառվող դեղերը: Մինչեւ ապրիլի 1_ը ուսումնասիրվելու են դեղերի բիզնեսը եւ շուկան, եւ եթե անհրաժեշտ լինի, դրանից հետո կիրականացվեն օրենսդրական փոփոխությունները: Պատասխանելով «Ազգի» թղթակցի հարցին, թե ի վերջո այդ ժամկետից հետո դեղերը կթանկանա՞ն, Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ եթե դրանք ներմուծվեն իրական ինվոյսային (ապրանքային) արժեքով, ապաՙ ոչ: Իսկ որպեսզի ապրանքագրերը չկեղծվեն, մշտապես ստուգվելու են դրանց իրական տվյալները դեղ առաքող կազմակերպություններից: Մեր հարցին, թե հնարավոր չէ՞, որ անգամ բարձր շահութահարկ եւ եկամտահարկ վճարելու գնով դեղ ներմուծողները թանկացնեն գներն իրենց շահույթի մակարդակը պահպանելու համար, նախարարը բացասական պատասխան տվեց: Նա նշեց, որ այդ դեպքում այլ ներմուծողներ կվաճառեն ավելի ցածր գներով, իսկ նման հնարավորության ստեղծման համար ինքն ամեն ինչ անելու է:

Դեղորայք ներմուծող ընկերությունները դժգոհում էին, որ ավելացված արժեքի հարկ գանձվում է նախկինում ներմուծված եւ այժմ վաճառվող դեղերից: Այս առթիվ պետեկամուտների նախարարի կարծիքն այն է, որ ոլորտն ինքնին շահութաբեր է եւ այդ պատճառով ինքը պայմանավորվել է այդ ընկերությունների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս ավելացված արժեքի հարկը ներառեն չթանկացած գների մեջ, այսինքնՙ այն վճարեն սեփական շահույթի հաշվին: Իսկ դեղերի բիզնեսի ծավալների մասին պատկերացում կազմելու համար ասուլիսի ժամանակ հրապարակվեցին տվյալներ, համաձայն որոնց 2000 թ. ընթացքում Հայաստան է ներմուծվել ավելի քան 20 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլարի) դեղորայք, որից 10 մլրդ դրամինը ներմուծվել է մարդասիրական օգնության տեսքով, մյուս 10 մլրդ դրամի դեղորայքը բերել են ընկերությունները:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ դեղորայքի շուրջ առաջացած աղմուկը, պայմանավորվածության երկկողմանի պահպանման դեպքում, առժամանակ կլռի: Հասարակության ոչ ապահով խավերը փոքր-ինչ կհանդարտվեն եւ կսպասեն մինչեւ ապրիլի 1-ըՙ հույս փայփայելով, որ դրանից հետո իրադարձությունները կընթանան այն ուղիով, որի մասին նշում էին օրենսդրական փոփոխության հեղինակները: Այսինքնՙ դեղերը կամ կմնան անփոփոխ, կամ կէժանանան: Տնտեսական հիմնավորումները եւ տրամաբանությունը եւս նման տարբերակի հավանականության մասին են խոսում: Սակայն բազմիցս համոզվել ենք, որ Հայաստանում շատ հաճախ աշխատում են հակատրամաբանական տարբերակները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4