«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2001-01-13 | #6, 2001-01-16 | #7, 2001-01-17


ՌՈԲԵՐՏՍՈՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ

Նույնը խոստացավ խորհուրդ տալ Ալիեւին

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը Հայաստան ժամանելու նախօրեին պատրաստած հոդվածում անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների հաշտեցման կարգավորման մեջ դաշինքի ունեցած դերին, նշել էր, թե դրանց պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է տարածաշրջանի այն կողմերի վրա, որոնք պարտավոր են գտնել համաձայնության հասնելու եղանակը. «Անշուշտ, ԵԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ն առաջատար դեր են խաղում, ինչպես նաեւ Մինսկի խումբը: «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ «Եվրատլանտյան գործընկերության խորհրդի» մեխանիզմների միջոցով ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել այդ բոլոր ջանքերը. ՆԱՏՕ-ն գործընկերներից յուրաքանչյուրի հետ խորհրդակցություն կանցկացնի նրա խնդրանքով, եթե տվյալ գործընկերն իր տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը կամ անվտանգությանն ուղղված անմիջական սպառնալիք է տեսնում»:

Հարավային Կովկասի երեք հանրապետությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են ԳՀԽ շրջանակներում: Ինչպես սիրում են կրկնել Բրյուսելի շտաբ-կայանում «ԳՀԽ ծրագիրը կարելի է համեմատել միջոցառումների ինչ-որ տեսականու հետ, որից գործընկերներն ընտրում են իրենց շահերին լավագույնս համապատասխանողները» կամՙ «ապուրից օգտվեք այնքան, ինչքան ախորժակ ունեք»:

Ադրբեջանն ու Վրաստանը սա հասկանում եւ ընկալում էին ուղղակի, այլապես Թբիլիսին Աբխազիայի ու Հարավային Օսիայի, իսկ Բաքուն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը չէին պայմանավորի այդ հակամարտություններին ՆԱՏՕ-ի ուղղակի միջամտությամբ: Դաշինքի Հարավսլավիայում իրականացրած բարբարոսությունը պարզապես խանդավառություն էր պատճառել մեր հարեւաններին: Ահա, ՆԱՏՕ-ի օդուժը կավերի Սերբիան եւ կանցնի Հարավային Կովկասի խնդիրներին: Բայց քանի որ դաշինքն առաջնորդվում է կրկնակի ու բազմակի ստանդարտներով, դժվար էր գուշակելՙ Կոսովոյի տարբերակը կիրառելու դեպքում ո՞վ կտուժի:

Քանի դեռ Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում դեռեւս ամուր են, ՆԱՏՕ-ի ուղղակի միջամտությունը հակամարտություններին իրատեսական չէ: Ջորջ Ռոբերտսոնի այս այցելությունը տարածաշրջան հետաքրքիր է նրանով, որ Ադրբեջանը տարիների «արեւմտամետ» կեցվածքը վերանայում է: Ալիեւի եւ Պուտինի սիրաբանությունը պիտի որ Ռոբերտսոնի խանդն առաջացնի:

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում Ռոբերտսոնը հանդիպեց Ռոբերտ Քոչարյանին: Հայաստան այցելության շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է արտգործնախարար Օսկանյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ կաթողիկոսի հետ, ելույթ ունեցել Երեւանի պետական համալսարանում: Երեւանից Բաքու մեկնելուց առաջ պրն Ռոբերտսոնը ՀՀ նախագահի նստավայրում պատասխանեց մի քանի տասնյակ հայ լրագրողների ընդամենը երեք հարցերին: Քանի որ վերջին երկու հարցերն անհեթեթ էին, անդրադառնանք մեկին. «Պրն Ռոբերտսոն, ինչպե՞ս եք գնահատում այցի արդյունքները եւ նախագահ Քոչարյանի հետ բանակցությունները»: Պատասխան. «Քննարկվել է ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ շատ կարեւոր հարցերի շարք: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ, որոնք չեն խանգարում Հայաստանին լավ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ: Բարելավվում են ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները, մոտ օրերս սպասվում է իմ այցը Մոսկվա: Անդրադարձել ենք ԼՂ հարցի կարգավորման խնդրին: Այսօր հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւին, եւ սա եզակի հնարավորություն էՙ հանդիպել երկու հակամարտող երկրների նախագահներին մեկ օրում: Առանց հակամարտությունների կարգավորման այս ամբողջ տարածաշրջանը տառապելու է: Հայաստանի նախագահը լայնախոհ մտահորիզոն ունի, եւ ես գիտեմ, որ ամեն ինչ անում է, որպեսզի լուծվի ԼՂ հարցը: Ես նրան խորհուրդ տվեցի, որ ԼՂ հարցի լուծման գործում պահպանի առավելագույն խիզախություն: Նույն բանն ասելու եմ Ալիեւին»:

Ինչպես Ռոբերտսոն-Քոչարյան, այնպես էլ Ռոբերտսոն-Ալիեւ հանդիպումների մանրամասները մամուլի համար կմնան անհասանելի: Ակնհայտ է, ինչպես 1998 թ. սեպտեմբերին դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Սոլանայի հետ բանակցություններում, այս անգամ Ալիեւը ՆԱՏՕ-ի դերը ԼՂ հարցի լուծման մեջ այնքան չի կարեւորի, ինչն արդեն Ռոբերտսոնը «հուշել» էր «Ազգ»ի հունվարի 13-ի համարում տպված իր հոդվածում: Հնարավոր չէ պատկերացնել, որ Ադրբեջանը հավասարապես հարաբերություններ է պահպանում ե՚ւ ՆԱՏՕ-ի, ե՚ւ Ռուսաստանի հետ: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին:

Դիպուկ է ասված. փոքր երկրները տառապանքներ են կրում ինչպես գերտերությունների թշնամանքից, այնպես էլՙ բարեկամությունից: Այնպես որ, կարեւոր չէՙ Ռուսաստանն ու ՆԱՏՕ- ն թշնամիներ են, թե բարեկամներ: Կանաչը հավասարապես տուժում է, եւ անկարեւոր էՙ փղերը մենամարտում են, թե սիրաբանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4