«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՀՅԴ-Ի, ՀԿԿ-Ի ԵՎ ՀՀՇ-Ի

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ «Ազգը» ներկայացնում է Հայաստանի եւս երեք քաղաքական կուսակցություններիՙ ՀՅԴաշնակցության, Կոմկուսի եւ Հայոց համազգային շարժման տեսակետները: Ընտրությունը պատահական չի արվել. 1918- 20 թթ. առաջին հանրապետության տարիներին իշխանության էին դաշնակցականները, 1920- 90 թթ.ՙ կոմունիստները (անշուշտ, խիստ պայմանականորեն, քանի որ երկրորդ հանրապետությունն անկախ չէր), 1991- 98 թթ.ՙ ի դեմս երրորդ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Նախապես ներկայացրել էին ՀՌԱԿ-ի, Դեմկուսի եւ մի անհատ դաշնակցականի տեսակետները:

ՀՅԴ ԳՄ տեսակետ

Մի քանի տարի առաջ արդեն Հայաստանի օրվա իշխանությունների եւ նրա մերձավոր տնտեսական շրջանակների կողմից եղավ լայնածավալ աշխատանք եւ քարոզչությունՙ տնտեսական հարաբերություններ հաստատելու, որը չունեցավ որեւէ դրական արդյունք, քանի որ Թուրքիան հանդես եկավ հստակ քաղաքական նախապայմաններով եւ թշնամական գործողություններով, ինչպես նաեւ այդ տնտեսական նախաձեռնությունների արդյունքում Հայաստանը դարձավ միայն թուրքական էժանագին լայն սպառման ապրանքների սպառող, մի խոսքովՙ պարզապես սպառման շուկա:

Թուրքական կողմի կողմնակալ կեցվածքի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ 1992 թվականից սկսյալ այդ երկիրը տնտեսական շրջափակում է հայտարարել Հայաստանին եւ չի փոխել նախապայմաններով խոսելու կեցվածքը:

Այս պայմաններում լրիվ անիմաստ է խոսել առեւտրատնտեսական հարաբերությունների մասին: Չպետք է հաշվի չառնել նաեւ, որ, հայտնի պատճառներով, երկու երկրների միջեւ չկա առեւտրատնտեսական հարաբերությունները կանոնակարգող որեւէ միջպետական պայմանագիր:

Այսօրվա թուրքական կողմի ոչ բարյացակամ, թշնամական կեցվածքը չի կարող անտեսվել առեւտրատնտեսական հարաբերությունների մասին խոսելիս: Ի վերջո, պետական մակարդակով ընդունված կեցվածքների արդյունքում հայկական որեւէ ընկերություն չի կարող տնտեսական գործունեություն ծավալել այդ երկրի տարածքում: Անցնող ամիսների ընթացքում եվրոպական ատյաններում Հայկական ցեղասպանության հարցի արծարծմանն ի պատասխան թուրքական իշխանությունների կտրուկ, կարելի է ասել ռասիստական հակադարձումները, այդ երկրի տարածքում եղած հայերի նկատմամբ բռնության կոչերը խոսում են մի բանի մասին. Թուրքիան չի փոխել իր կեցվածքը Հայաստանի ու հայության նկատմամբ:

Անհանգստացնող է, որ թուրքական գործարար շրջանակների հետ ինչ-ինչ կապեր եւ շահեր ունեցող որոշ անձինք փորձում են լայնածավալ քարոզչություն վարել Հայաստանումՙ իրերի դրությունը ներկայացնելով ամբողջովին աղճատված եւ ուղղակի կապիտալի շահի հիման վրա, իրենց վերագրում են քաղաքական հարցերի կարգավորման եւ քաղաքական հարաբերություններ հաստատողի դերակատարություն: Այդ գործարար շրջանակների կողմից թուրքական մամուլի միջոցներին տրված վտանգավոր եւ անթույլատրելի արտահայտություններին հետեւում են կցկտուր հերքումներ, որի պատճառով էլ անհիմն չեն այն կասկածները, որ իրոք, նրանք փորձում են անտեսել եղած բազում քաղաքական հարցերը եւ դրամի առաջ ստորադասում են ամեն ինչ:

Թուրքիայի հետ առեւտրաարդյունաբերական լայնածավալ հարաբերություններ հաստատելու համար այսօր չկան ոչ քաղաքական, ոչ իրավական եւ հոգեբանական, ոչ էլ առավել եւս տնտեսապես հիմնավորված հիմքեր եւ ներկա վիճակում Հայաստանին դա չի կարող որեւէ շահ բերել:

Հրանտ Ոսկանյանի (ՀՍԽՀ ԳԽ վերջին նախագահ, ԱԺ Կոմկուսի խմբակցության ղեկավար) կարծիքով, հարեւան երկրների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը բխում է մեր ժողովրդի շահերից, անգամ Թուրքիայի, որի հետ մենք ունենք շատ լուրջ հարցերՙ Ցեղասպանություն, տարածքային պահանջներ. «Ես մտածում եմ, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բխում է հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահերից, բայց պայմանով, որ այդ հարաբերությունները հաստատելիս մենք իրավունք չունենք զիջումներ անելու Ցեղասպանության եւ տարածքային հարցերում»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական տնտեսական շփումներինՙ «Երկու երկրների հարաբերությունների բացակայության պայմաններում հայ եւ թուրք քաղաքացիներն առեւտրային հարաբերություններ են ծավալում: Եթե տնտեսական հարաբերությունները զարգանան փոխշահավետ պայմաններով, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա թշնամանքը կմեղմանա: Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, երկաթուղիները, մայրուղիները փակ են, որի պատճառով մեր պետությունը հնարավորություն չունի դրսից հումք բերելու եւ պատրաստիՙ արտադրված ապրանքն արտահանելու: Այս հարցում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները դրական կլինեն մեզ համար»:

Պրն Ոսկանյանը կարծում է, թե երկու երկրների տնտեսական եւ դիվանագիտական կապերը մեզ հնարավորություն կընձեռեն Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը հասցնելու թուրքական հասարակությանը:

«Ես անհանգստանալու առիթներ չեմ տեսնում: Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ ոչ մի այլ պետության շահերին չեն բախվում», նշեց Հրանտ Ոսկանյանը:

Անդրանիկ Հովակիմյան (ՀՀՇ). «Դեռ 1989 թ. ՀՀՇ առաջին համագումարում մենք ամրագրել ենք եւ այսօր էլ այն կարծիքին ենք, որ Հայաստանն իր անմիջական հարեւանների, առաջին հերթինՙ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պետք է հաստատեր նորմալ, բնական հարաբերություններ: Մենք համոզված ենք, որ թուրքերի հետ ունեցած մեր բոլոր խնդիրները, առաջին հերթին Ցեղասպանության հարցը կարող ենք լուրջ մակարդակի դնել եւ որոշակի հաջողությունների հասնել միայն Թուրքիայի հետ անմիջական երկխոսության պայմաններում», «Ազգի» հետ զրույցում նշեց Անդրանիկ Հովակիմյանը:

«Վերջին երկու տարիների մահակի դերը, որ ստանձնել է Հայաստանը, անընդունելի է ՀՀՇ-ի համար: Եվրոպան չի ցանկանում Թուրքիային տեսնել ԵՄ-ում եւ շահարկում է մեր գործոնը: Կողք-կողքի Թուրքիայի հետ դեռ շատ երկար ենք ապրելու, եւ անթույլատրելի է հարեւանի նկատմամբ նման գործողությունների դիմելը», ասաց պրն Հովակիմյանը, ավելացնելով, թե Թուրքիան ակտիվ զարգացող երկիր է, չափազանց լուրջ ազդեցություն ունի այս տարածաշրջանի, նաեւ զարգացման վրա: Ըստ ՀՀՇ-ական գործչի, ե՚ւ Թուրքիայում, ե՚ւ Հայաստանում կան ուժեր, որոնց գոյությունը պայմանավորված է հայ-թուրք փոխադարձ թշնամանքով, եւ այդ ուժերը խոչընդոտում են հայ-թուրքական երկխոսության ծավալմանը:

Այն հարցին, թե իշխանության 7- 8 տարիներին ՀՀՇ-ն ինչո՞ւ չկարողացավ հայ-թուրքական երկխոսությունը լուրջ հիմքերի վրա դնել, պրն Հովակիմյանը պատասխանեց. «Հայ-թուրքական հարաբերություններն այսօրվա վիճակում չէին, տարվում էր աշխատանք, որպեսզի երկխոսությունը կայանա: Ցավոք, Թուրքիայում էլ կային ուժեր, որոնք խոչընդոտում էին: Մենք երբեք հայ-թուրքական հարաբերությունները չէինք կապում ԼՂ հարցի հետ: Եղան փոխադարձ այցելություններ, փորձ էր արվում սկսել երկխոսություն»:

Պրն Հովակիմյանը կարծում է, թե առանց քաղաքական խնդիրները կարգավորելու անիմաստ է խոսել տնտեսական համագործակցության մասին:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4