Անկախ նրանից, թե դեռ քանի երկիր կճանաչի Հայոց ցեղասպանությունը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Թուրքական մամուլը հունվարի 18-ին լայնորեն արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության օրինագծի քննարկմանըՙ դրա հավանական հաստատումը ուղղակիորեն կապելով հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ցեղասպանության հարցի արծարծումը տարբեր երկրների խորհրդարաններում, մեր կարծիքով, խոչընդոտ չէ եւ չի կարող լինել Երեւան_Անկարա շփումներում: Հակառակ դեպքում, 1991_98 թթ., երբ Հայաստանի իշխանությունները բացարձակապես չէին հիշում Ցեղասպանությունը, ավելինՙ Լեւոն Տեր_Պետրոսյանի խոսքերովՙ դրանում մեղադրում էին բոլորին, բացի թուրքական իշխանություններից, Հայաստան_Թուրքիա եթե ոչ դիվանագիտական հարաբերություններ, ապա դիվանագիտական շփումներ կհաստատվեին: Եվ եթե այն տարիներին հայ-թուրքական շփումներում լարվածության որոշակի նշաններ էին զգացվում, ապա մեծապես շնորհիվ Ժիրայր Լիպարիտյանի «ջանքերի»:
Հարավային Կովկասում հաստատվելու եւ տարածաշրջանային խնդիրների հոլովույթից դուրս չմնալու պայքար է ծավալվել Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ: Ճիշտ է, Թուրքիան թույլ պետություն չէ, սակայն ԱՄՆ-ի բացահայտ օժանդակությունը նրան մղում են առաջնային պլան: Չէ՞ որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում հաստատվելու եւ Ռուսաստանի ու Իրանի ազդեցությանը դիմակայելու նպատակով «խաղագումար» է դրել հենց Անկարայի վրա: Անհնար է տարածաշրջանում հաստատվելՙ հարաբերություններ չունենալով Հարավային Կովկասում Հայաստանի հետ, որը, ուշադրություն դարձնենք, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հակառակորդներ Ռուսաստանի եւ Իրանի հետ ունի ռազմավարական կապեր: Այսինքն, Թուրքիային այլ բան չի մնում, քան ժամանակ առ ժամանակ Հայաստանի հետ դիվանագիտական շփումներ հաստատելու պատրաստակամություն հայտնելՙ հեզորեն կատարելով իր պարտականություններից մեկը:
Այս համատեքստում չափազանց ուշագրավ են Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Մոսկվան, իր հերթին, չի կարող իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում, ոչ բարյացակամ հարաբերություններ ունենալով Ադրբեջանի եւ Վրաստանի հետ: Քանզի վերջինիս կարեւորությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, էլ չենք խոսում Իրանի համար դարձել է ոչ առաջնային, անդրադառնանք Մոսկվա-Բաքու կապերին:
Հայաստանում մոդայիկ դարձած ենթադրությունները, թե Մոսկվա-Բաքու մերձեցումը կարող է կատարվել Երեւանի հաշվին կամՙ հայ-ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի սառնության պատճառով է Մոսկվան մերձենում Բաքվին, ոչ մի տրամաբանության չեն դիմանում: Նախ, հայ-ռուսական սառնությունը նկատելի է դեռ մեկուկես-երկու տարի առաջ, այն ժամանակ, երբ Հ. Ալիեւը ոչ միայն Ղարաբաղի լուծման բանալին չէր փնտրում Մոսկվայում, այլեւ Բաքուն տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով Թուրքիայի հետ միավորվելու ցանկություններ էր հայտնում: Ապա, ինչպես նշել ենք այլ առիթներով, Մոսկվայի համար Գաբալայի ռադիոորոշիչ կայանի եւ Կասպիցի իրավական կարգավիճակի խնդիրները ոչ պակաս կարեւոր են, քան հայ-թուրքական սահմանում հաստատված ռուս սահմանապահները: Հետաքրքիր է, եթե Բաքուն ռուսամետ կեցվածք է ընդունում առաջին հերթին ղարաբաղյան հարցում Մոսկվայի աջակցությունն ստանալու ակնկալիքով, ապա Մոսկվայի համար առաջնայինը Ադրբեջանում իր կորցրած դիրքերը վերականգնելու խնդիրն է: Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, այդ թվում եւ Բաքվում, որ Ռուսաստանը ԼՂ հարցում կպաշտպանի ցանկացած տարբերակ, որն ընդունելի կլինի հակամարտող կողմերի համար: Սա Հ. Ալիեւին ուղղված բացահայտ ակնարկ է, որ ԼՂ հարցում Մոսկվան չի պաշտպանի Բաքվին:
Մոսկվային մերձենալով Բաքուն «մեծ եղբոր»ՙ Անկարայի խանդն է առաջացնում: Պատահական չէ, որ Պուտին-Ալիեւ հանդիպմանը թուրքական մամուլը կամ չանդրադարձավ, կամ իր տարակուսանքն արտահայտեց: Չպիտի բացառել նաեւ, որ Անկարայիՙ Երեւանի հետ դիվանագիտական շփումներ հաստատելու ցանկությունը, որը համընկավ Պուտինի Բաքու այցելությանը, ուղղված էր նաեւ Ադրբեջանին: Թուրքիան «փոքր եղբոր» ապերախտությունն աննկատ չի թողնի: Մի կողմ թողնենք ղարաբաղյան պատերազմի տարիներին Թուրքիայի օգնությունը Ադրբեջանին ֆինանսապես, ռազմական տեխնիկայով, կամավորներով: Չէ՞ որ Անկարան հրաժարվում էր Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, պատճառաբանելով, որ «հայերը ադրբեջանցիներից զավթել են ԼՂՀ-ն ու հարակից տարածքները»ՙ հարաբերությունների հաստատումը ուղղակիորեն կապելով «հայկական ուժերիՙ ԼՂ-ից (ներառյալ Շուշին, Լաչինը) եւ հարակից տարածքներից» դուրս գալու հետ:
Ինչքան մերձենան Բաքու-Մոսկվա հարաբերությունները, այնքան Երեւան-Անկարա դիվանագիտական շփումների հաստատումը կդառնա առավել իրատեսական, ինչը եւ փափագում է Վաշինգտոնը: Այս անգամ Հարավային Կովկասում ուժերի վերադասավորումը կատարվում է նաեւ կոտորված 1,5 մլն հայերի արյան հաշվին: Ըստ էության, Ցեղասպանության հարցի արծարծմամբ տարածաշրջանում շահեր հետապնդող երկրները զուտ սեփական շահերն են հետապնդում: Վաշինգտոնը Հայոց ցեղասպանության սպառնալիքով Թուրքիային է ճնշումՙ ստիպելով նրան մերձենալ Հայաստանին, Ֆրանսիայի Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչում է «1915 թ. հայերի ցեղասպանությունը» (Օսմանյան կայսրություն, թուրքական իշխանություններ եւ նմանօրինակ տերմինները բացակայում են, եւ տպավորություն է ստեղծվում, թե 1915 թ. 1,5 մլն հայերին ամերիկացիները կամ հրեաներն են կոտորել-Թ. Հ.)ՙ այս եղանակով փորձելով խոչընդոտել Թուրքիայի մուտքը Եվրամիություն:
Որն է հաջորդ «խիզախ» պետությունը: