<20011101.jpg>
Չվերագրանցված կազմակերպությունները եւ նրանց բանկային հաշիվները
Փոքր-ինչ մոռացված «խաբված ավանդատուներ» հասկացությունը հնարավոր է, որ կրկին շրջանառության մեջ հայտնվի: Պարզապես այս անգամ այդպիսիք կդառնան ոչ թե առանձին մարդիկ, այլեւՙ կազմակերպություններ: Հայտնի է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական նոր օրենսգրքի, Հայաստանի հազարավոր կազմակերպություններ (հասարակական, քաղաքական եւ այլն) պարտավոր են վերագրանցվել: Ավելի ճիշտ, պարտավոր էին վերագրանցվել մինչեւ 2001 թ. հունվարի 1-ը: Սակայն նրանց գերակշիռ մեծամասնությունը չհասցրեց տեղավորվել այդ ժամկետում, որը երկարացվեց եւս 3 ամսով: Եվ դարձյալ հնարավոր է, որ շատերը չհասցնեն վերագրանցվել նաեւ այդ դեպքում: Ներկայումս արդեն առաջացել են բազում խնդիրներ, որոնց կարգավորման տարբերակները դեռեւս գոյություն չունեն:
Գործող կազմակերպությունն ունի բանկային հաշիվ, գործարքներ է իրականացնում այս կամ այն բանկի միջոցով, սակայն, ըստ էության, հունվարի 1-ից հետո հայտնվում է «խաղից դուրս» վիճակում: Չվերագրանցված կազմակերպության հետ նրան սպասարկող բանկը կարող է վարվել այնպես, ինչպես իր քմահաճույքն է թելադրում: Այսինքնՙ կամ ընդհանրապես կսառեցնի նրա բանկային հաշիվներում գտնվող գումարը, կամ, ինչպես մեզ հայտնեցին հեղինակավոր բանկերից մեկում, գումար մուտք կարվի, բայց ելքՙ ոչ: Այս առնչությամբ Կենտրոնական բանկին հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան որեւէ որոշակի պարզաբանում չստացանք: Կենտրոնական բանկը համաձայն էր մեզ հետ, որ կազմակերպությունների վերագրանցման օրենսդրական պահանջը «որոշակի խնդիրներ է ստեղծել» նրանց «բանկերի կողմից սպասարկելու տեսանկյունից»: Բարեբախտաբար, բացի այս խիստ «հրատապ» նորությունից, տեղեկացվում է նաեւ, որ վերջերս կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում հարցի կանոնակարգման նպատակով: Սակայն, դժբախտաբար, տեղեկատվությունն այդքանով, ըստ էության, սահմանափակվում է եւ որեւէ մանրամասնություն որոշման վերաբերյալ պաշտոնապես չի ասվում: Այս առումով ավելի մեծ «հաջողություն» ունեցավ մեր երկրորդ հարցադրումը, որն առնչվում է այն կազմակերպություններին, որոնք չեն վերագրանցվելու եւ լուծարվելու են: Կենտրոնական բանկի պատասխանում հայտնվում է, որ դրանց հաշիվները տնօրինվելու են «օրենսդրությամբ սահմանված իրավահաջորդների կողմից»: Այս դեպքում եւս փաստորեն որեւէ լրացուցիչ տեղեկություն չի հայտնվում, քանի որ լուծարված կազմակերպությունների գերակշիռ մասը իրավահաջորդներ չի ունենալու, եւ դրանց բանկային հաշիվներում եղած գումարների ճակատագիրը մնալու է անորոշ: Կառավարությունում եւ Կենտրոնական բանկում անկասկած տեղյակ են այդ մասին: Այստեղ վկայակոչել գործող օրենսդրության պահանջները, նշանակում է ոչինչ չանել եւ խնդրի կարգավորումը թողնել առկախ: Կամ գուցե կառավարության դեռեւս չհրապարակված որոշմա՞ն մեջ որեւէ ելք է առաջարկվում: Գուցե: Այնուամենայնիվ, միանշանակ է մեկ բան, որ դարձյալ ընդունվել է օրենք (քաղաքացիական օրենսգիրքը), որտեղ մատնանշված չեն դրա հետեւանքով առաջացող խնդիրների կարգավորման մեխանիզմները: Այսինքնՙ դարձյալ գործ ունենք մեր իրավագիտական մտքի եւ օրենսդիր իշխանության համատեղ ջանքերով լույս աշխարհ եկած կիսատպռատության հետ: Խնդիր, որը, կարծես, հավերժական է դարձել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ