«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2001-01-19 | #10, 2001-01-20 | #11, 2001-01-23


ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ

Սերգեյ Իվանովը հունվարի 21-ին կրկին այցելեց Երեւան եւ Բաքու

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը ԼՂ հակամարտության շուրջ բանակցելու պատեհ առիթը բաց չեն թողնում. հունվարի 26-ին Փարիզում նախատեսված է Քոչարյան-Ալիեւ հերթականՙ 13-րդ հանդիպումը: Մամուլում հնչող ենթադրությունները, թե փարիզյան հանդիպումը նախորդներից արդյունավետ կլինի, լոկ ենթադրություններ են: Արդյունավետության մասին կարող ենք փաստել, եթե տեղյակ լինենքՙ ի՞նչ է քննարկվել Քոչարյան-Ալիեւ նախորդ հանդիպման ժամանակ:

Մեր կարծիքով, փարիզյան հանդիպումը հետաքրքիր է մի շարք պատճառներով: Նախՙ կլինի երրորդ հազարամյակում առաջինը, ապաՙ առաջինը Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնապես Եվրախորհուրդ (ԵԽ) ընդունվելուց հետո: Հունվարի 25-ի առավոտյան Ստրասբուրգում տեղակայված ԵԽ շենքի դիմաց կբարձրացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի պետական դրոշները: Սակայն ամենաուշագրավը Քոչարյան-Ալիեւ հանդիպման վայրն էՙ հովանավորությամբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի: Ինչպես հայտնի է Ադրբեջանում, Ֆրանսիայի Ազգային ժողովը հունվարի 18-ին պաշտոնապես ճանաչեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնական Անկարան փնտրտուքների մեջ էՙ ինչպես եւ ինչպիսի հակահարված տալ Ֆրանսիային: Ահա իրադարձությունների նման համատեքստում Թուրքիայի կրտսեր «եղբայր» եւ արյունակից Ադրբեջանը, ի դեմս նախագահ Հ. Ալիեւի, համաձայնում է ԼՂ հարցը Ռ. Քոչարյանի հետ քննարկել հենց Փարիզում:

Սա թուրքերի կողմից կընկալվի որպես ապերախտություն. 1991 թ.-ից Թուրքիան հրաժարվում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելՙ առաջ քաշելով «ԼՂ-ից հայկական ուժերի դուրսբերման» նախապայմանը:

ԼՂ հակամարտության լուծման շուրջ վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենաբարձր մակարդակով մի շարք քննարկումներ են եղել. հունվարի 10-ին ՌԴ նախագահ Պուտինն ու Հ. Ալիեւը, ապա Պուտին-Քոչարյան, Պուտին-Ալիեւ, Շիրակ-Պուտին հեռախոսազրույցները: Պուտինի Բաքու այցելությանը նախորդեց ՌԴ անվտանգության քարտուղար Ս. Իվանովի այցը Երեւան, որը մնաց ԶԼՄ-ների ուշադրությունից դուրս: Հունվարի 21_ին կրկին Երեւանում էր ՌԴ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը: Ինչպես հաղորդում է «Սնարք» գործակալությունը, այցի ընթացքում Ս. Իվանովը հանդիպել է ՀՀ նախագահ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ եւ տարածաշրջանի իրավիճակըՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի համատեքստում: Հունվարի լույս 22-ի գիշերը Իվանովը Երեւանից մեկնել է Բաքու: Համաձայն ադրբեջանական աղբյուրների, ՌԴ ԱԽ քարտուղարը հանդիպել է նախագահ Հեյդար Ալիեւին, որից անմիջապես հետո մեկնել Բաքվից: Ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում ԶԼՄ-ներն այցի մասին տեղեկացված չեն եղել: Եթե հանրագումարի բերենք վերոնշյալ բոլոր հանդիպումները եւ հեռախոսազրույցներըՙ անկախ մանրամասներից, ապա նկատելի է ԱՄՆ-ի բացակայությունը: Չէ որ դեռ 1997 թ. Վաշինգտոնը Հարավային Կովկասը հայտարարել է իր հետաքրքրությունների գոտի: Չմոռանանք նաեւ, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երեք երկրներից էՙ ի թիվս Ռուսաստանի եւ Ֆրանսիայի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4