Հունվարի 25-ին Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽ-ին ՀՀ անդամակցության պաշտոնական արարողությունը, հաջորդ օրը Փարիզումՙ Քոչարյան-Ալիեւ հանդիպումը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Հունվարի 22-ին Ստրասբուրգում սկսվել եւ մինչեւ 26-ը կշարունակվի Եվրախորհրդի (ԵԽ) խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հերթական նիստը, որի ընթացքում կբարձրացվի Հայաստանի Հանրապետությանՙ որպես ԵԽ լիիրավ անդամ երկրի դրոշը: Պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ: Ինչպես երեկ կայացած մամլո ասուլիսում նշեց նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը, ԵԽ-ին ՀՀ անդամակցության պաշտոնական արարողությունը կսկսվի հունվարի 25-ի առավոտյան. «Այն կսկսվի ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերի ելույթով, որից հետո ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը պրն Շվիմմերին կհանձնի ԵԽ կանոնադրության վավերագիրը, ապա կստորագրի ՀՀ անդամակցության արձանագրությունը: Փաստաթղթերի ստորագրումից հետո ուղերձներով հանդես կգան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռ. Քոչարյանն ու Հ. Ալիեւը, Լատվիայի ԱԳ նախարար Ինդուլիս Բերզինշը եւ ԵԽ ԽՎ նախագահ Ռասսել Ջոնսթոնը: ԵԽ գլխավոր մուտքին հարող հարթակում կբարձրացվի ՀՀ դրոշը, կհնչի ՀՀ օրհներգը: Պաշտոնական արարողության ավարտից հետո ԵԽ ԽՎ կլոր դահլիճում ելույթ կունենա Ռ. Քոչարյանը»: Նման արարողակարգ է հաստատված նաեւ Ադրբեջանի համար, որը, ինչպես հայտնի է, ԵԽ-ին անդամակցում է ՀՀ-ի հետ միաժամանակ:
Հունվարի 25-ին նախագահ Քոչարյանը կայցելի մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ կհանդիպի դատարանի նախագահի հետ: Ավելի ուշ նախատեսված են ՀՀ նախագահի հանդիպումները ԵԽ գլխավոր քարտուղար Շվիմմերի, ԵԽ ԽՎ նախագահ Ջոնսթոնի, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Լատվիայի արտգործնախարար Բերզինշի հետ: Պրն Շվիմմերի, Ջոնսթոնի եւ Բերզինշի անունից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատվին կտրվի պաշտոնական ճաշ, ապա տեղի կունենա Ռ. Քոչարյանի եւ Հ. Ալիեւի մամուլի ասուլիսը:
Հունվարի 26-ին նախագահ Քոչարյանը կժամանի Փարիզ, որտեղ տեղի կունենա նրա եւ Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւի հանդիպումը: Բանակցությունների ավարտին երկու նախագահները կճաշեն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ:
Նախագահ Ռ. Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ արդարադատության նախարարները, ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների եւ խմբերի ղեկավարները, պատգամավորներ, եվրոպական երկրներում ՀՀ դեսպաններ: