«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2001-01-23 | #12, 2001-01-24 | #13, 2001-01-25


ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԿՈՆԿՐԵՏԱՑՎԱԾ ՉԵՆ

Հայ-իրանական համատեղ հանձնաժողովի նիստն ավարտվեց

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ ավարտվեցին հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի մի քանի օր տեւած աշխատանքները եւ ստորագրվեց դրանք ամփոփող հուշագիրը: Բնական է, որ առավել հետաքրքրություն էին ներկայացնում Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը վերաբերող հարցերը: Դրանց մասին հանձն առավ խոսել ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը եւ հայտնեց, որ գազամուղի շինարարությունը կսկսվի «2001 թ. եւ կավարտվի ամենակարճ ժամկետում»: Շինարարության կոնկրետ ժամկետների վերաբերյալ նոր ոչինչ չհաղորդվեց: Փոխարենը նախարարը տեղեկացրեց, որ գործելու է շինարարության աշխատանքները կոորդինացնող համատեղ խումբ, դրանց իրականացումը Հայաստանի տարածքում կապահովի հայկական կողմը, Իրանի տարածքումՙ պարսկական կողմը: Հայաստանի տարածքում գազամուղի շինարարության արժեքը կկազմի 96 մլն դոլար, իսկ առաջինՙ Մեղրի-Քաջարան 40 կմ հատվածինըՙ 26 մլն դոլար: Իրանի տարածքում շինարարությունը գնահատվել է 42 մլն դոլար, սակայն հայկական կողմը խնդրել է «վերադիտարկել այդ գինը»: «Ազգի» հարցն առնչվում էր գազամուղին վերաբերվող թերեւս ամենազգայուն կողմինՙ Հայաստան մատակարարվող գազի գնին: Կարեն Գալուստյանն այդ կապակցությամբ տեղեկացրեց, որ գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են եւ դեռեւս համաձայնություն չի կայացվել:

Պարսկական կողմից նիստի արդյունքների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսեց Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Հոսեյն Նամազին: Որպես այդպիսիք նշվեցին նավթավերամշակման գործարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման, վայրի, Քաջարանի թունելի, Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ-ի շինարարության շուրջ փորձագիտական աշխատանքների շարունակման, ներդրումային համատեղ ընկերության ստեղծման, անջատիչ էլեկտրակայանի կառուցման մասին համաձայնությունները: Վերջինիս վերաբերյալ լրացուցիչ հաղորդվեց, որ ներկայումս Հայաստանը եւ Իրանը փոխանակում են 170 մգվտ էլեկտրաէներգիա, իսկ կայանի կառուցումը թույլ կտա դա հասցնել մինչեւ 300 մգվտ: Նիստի աշխատանքի մեր համար կարեւոր արդյունքներից կարելի է համարել հայկական ապրանքների մուտքը Իրան հեշտացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը: Ըստ այդմ, իրանական կողմը պարտավորվում է վերացնել մինչ այժմ դրան խոչընդոտող ոչ տարիֆային արգելքները եւ վերանայել մի շարք տարիֆներ: Դա, կողմերի հավաստմամբ, լրացուցիչ ազդակ կհանդիսանա երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճի համար: 2000 թ. այդ թիվը կազմում է մոտ 100 մլն դոլար, բայց ակնկալվում է այն հասցնել մինչեւ 250 մլն դոլարի: Սրանք այն հիմնական արդյունքներն էին, որոնք ամփոփվեցին համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի հուշագրում: Բացի այդ հուշագրից, համագործակցության երկու պայմանագրեր ստորագրվեցին հայկական կողմիցՙ Սյունիքի եւ Արարատի մարզերի, իրանական կողմիցՙ Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4