«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2001-01-26 | #15, 2001-01-27 | #16, 2001-01-30


«ԼՈՒՅՍԻ» ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄԸ ՓԱՍՏ Է

«Գրանդ սան» ընկերության փոխնախագահի մամուլի ասուլիսը

«Գրանդ սան» ընկերության փոխնախագահ Սեդրակ Սեդրակյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսի նպատակն ավելի շատ մամուլում «Լույս» միավորման վաճառքի գործարքի եւ ընդհանրապես ձեռնարկության նոր սեփականատիրոջ դեմ ուղղված հարձակումներին պատասխանելն էր, քան թե գործերի ընթացքը ներկայացնելը: Պետք է ասել, որ «Գրանդ սանի» նախագահ Հրանտ Վարդանյանի դեմ արշավի հեղինակներն իրենց նպատակին հասան: Մամուլի ասուլիսի ընթացքում անընդհատ հիշատակվում էին նրանց կամ նրանց լրատվամիջոցների անուններըՙ յուրօրինակ գովազդ հանդիսանալով վերջիններիս համար: Իսկ արտադրության վիճակի մասին Սեդրակ Սեդրակյանի մոտ 2 ժամ տեւած ելույթի եւ լրագրողների հարցերի պատասխանների էությունն ամփոփ այսպիսին էր: Նախ ձեռնարկությունը չի վաճառվել Երեւանի ֆոնդային բորսայում, երկրորդՙ այլ գնորդ սկզբում չէր եղել, իսկ հետո եղածները հրաժարվել էին գնելուց, երրորդՙ գնելու նպատակը «Լույսը» աշխատեցնելն է: Այսինքն, այն պետությանը կվերադարձնի շատ ավելի մեծ գումարներ, քան նրա ունեցած եւ լիկվիդացված պարտքերն էին:

Սեդրակ Սեդրակյանը հայտնեց նաեւ, որ «Լույս» միավորումն իրենք գնել են 650 հազար դոլարով: Ձեռնարկության մոտ 10 մլն դոլարի պարտքերի եւ տուգանքների լիկվիդացումը կատարված է համապատասխան օրենքի դրույթների: Փոխարենը, ըստ նոր սեփականատիրոջ կազմած ծրագրի, 5 տարվա ընթացքում նախատեսվում է գործարանից պետբյուջե փոխանցել 18 մլն դոլար: Արդեն նախկին «Լույս» ձեռնարկությունում այժմ աշխատում է 622 մարդ: Դատարանի որոշումով գործարանի լուծարման օրը աշխատանքից ազատվեցին վերջին 175 աշխատակիցները: Սակայն հենց նույն օրը (2000 թ. դեկտեմբերի 26) «Գրանդ սանի» կողմից նրանք ընդունվեցին աշխատանքի, եւ հունվարի 29-ի դրությամբ աշխատանքի ընդունվածները կազմեցին վերոնշյալ թիվը: 2757 մարդ դիմել է ՙաշխատանքի, ընդունվելու ցանկությամբ: Նրանց բոլորին, բնական է, որ հնարավոր չի լինի ընդունել: Սակայն աշխատանքի ընդունվածների թիվը նախատեսվում է, որ 2001 թ.-ին կհասնի 1000-ի, իսկ մինչեւ 2005 թ.-ըՙ 2000- 2500-ի: Աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ:

Առանձին անդրադարձ եղավ լամպերի սպառմանը: Ներկայումս հայկական շուկայի պահանջարկը կազմում է 7 մլն լամպՙ տարեկան: Առայժմ գործարանն աշխատում է տարեկան 4 մլն լամպ կտրվածքով, իսկ մեկ ամիս հետոՙ տարեկան 8 մլն լամպ թողունակությամբ: Արտադրությունը հետագայում ավելի կաճի, քանզի 30 մլն լամպից պակաս լինելու դեպքում ոչ շահութաբեր է: Ներկայումս 60 դրամ գումարած ավելացված արժեքի հարկ գնով հայկական լամպերը տրվում են վաճառքի կետերին: Սարանսկից եւ Լվովից լամպերի ներկրմամբ զբաղվողներն, ըստ Սեդրակ Սեդրակյանի, զգում են, որ իրենք լուրջ մրցակից են ձեռք բերել:

Բացի քանակից, նախատեսվում է նաեւ տեսականու ընդլայնում (լյումինեսցենտային, նեոնային, ավտոմոբիլային եւ այլ լամպերի թողարկում): Շուտով հայկական արտադրության լամպերը կվաճառվեն Իրանում: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Հրանտ Վարդանյանի այս երկիր կատարած այցից հետո: Խորհրդային տարիներին լամպերի համար անհրաժեշտ կվարցային ավազը բերվում էր Ռուսաստանից: Այժմ դա անհնար է: Փոխարենը Իրանում նույն ավազը կարելի է ձեռք բերել կրկնակի էժան գնով, ինչի շուրջ իրանցի գործարարների հետ պայմանավորվել է «Գրանդ սանի» նախագահը: Բացի դրանից, հետագայում ծրագրվում է դուրս գալ նաեւ ռուսական եւ այլ շուկաներ:

Անդրադառնալով գործարանի քիչ թե շատ լիարժեք գործունեության համար անհրաժեշտ ներդրումներին, Սեդրակ Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ 5- 8 մլն դոլարի ներդրումների կարիք կա: Մի խոսքով, անելիքներ շատ կան, եւ աշխատանքը կշարունակվի: Եզրափակեց «Գրանդ սանի» փոխնախագահը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4