Հայաստանին արտառոց պայմաններ չեն առաջադրվել
Երեկ համատեղ բրիֆինգ էին հրավիրել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Միջազգային արժույթի հիմնադրամի (ՄԱՀ) ներկայացուցիչ Թոմաս Վուլֆը: Լրագրողների հետ հանդիպման նպատակը ՀՀ կառավարության եւ ՄԱՀ պատվիրակության միջեւ հունվարի 16- 30-ը կայացած բանակցությունների արդյունքների ներկայացումն էր: Բանակցությունները վարվում էին աղքատության կրճատման եւ տնտեսական աճին նպաստող 90 մլն դոլար արժողությամբ վարկը Հայաստանին տրամադրելու պայմանների շուրջ: Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ պատրաստ տեսքի է բերվել 2001- 2003 թթ. Հայաստանի տնտեսական քաղաքականության մասին հուշագիրը, որը կստորագրվի մի փոքր ավելի ուշ: Այդ հուշագրում, ըստ նախարարի, վարկի տրամադրման համար որեւէ արտառոց պայման Հայաստանի առջեւ չի դրվել: Բոլոր պայմաններն ընդգրկված են եղել ե՚ւ կառավարության գործունեության ծրագրում, ե՚ւ 2001 թ. պետբյուջեում ե՚ւ այլ փաստաթղթերում: Դրանք հիմնականում հանգում են այն բանին, որ պետք է պահպանվի մակրոտնտեսական կայունություն, արձանագրվի տնտեսական աճ (առնվազն 6 տոկոս), սղաճ եւ այլն:
Թոմաս Վուլֆն իր հերթին նշեց, որ Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունները 2000 թ. երկրորդ կեսին ակնհայտ են: Չնայած տարին լավ չսկսվեց եւ առաջին եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը փաստորեն տապալվեց, սակայն հետագայում իրավիճակը շտկվեց: Վերջին եռամսյակում հարկերի գանձումն ավելացավ, խորհրդարանն ընդունեց բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման օրենքը, գները մնացին կայուն, սղաճ համարյա չեղավ: 2001 թ. նախատեսվում է հստակեցնել հարկաբյուջետային քաղաքականությունը, ավելացնել բյուջեի մուտքերը, ընդունել օրենք պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման մասին եւ այլն: Այսպիսի գնահատականներ տալուց հետո Թոմաս Վուլֆը հույս հայտնեց, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում իր ղեկավարած առաքելությունը ՄԱՀ-ի ղեկավարությանը կներկայացնի Հայաստանի կառավարության հետ համաձայնեցված հուշագրի տեքստը, եւ վարկը կհաստատվի:
ՄԱՀ-ի ներկայացուցիչն իր կարծիքը հայտնեց նաեւ Հայաստանի արտաքին պարտքի եւ այն սպասարկելու մեր կարողության մասին: Նրա կարծիքով, այդ պարտքն այժմ ավելի դանդաղ է աճում, քան նախկին տարիներին: Այստեղ էականը ոչ թե գումարի չափն է, որը, Թոմաս Վուլֆի գնահատմամբ փոքր չէր, այլ սպասարկել կարողանալը: Այս առումով հարկային քաղաքականության հաջողությունները եւ արտահանման մոտ 25 տոկոս աճը, նրա հավաստմամբ, եւս մեկ վկայություն է, որ Հայաստանն ի վիճակի կլինի սպասարկել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ