ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Հենց Թուրքիան մտածում էր, որ Եվրամիության բաղձալի անդամակցությունն իր բռի մեջ է արդեն, արգելքների մի ամբողջ շարան եկավ տակնուվրա անելու նրա այդ գեղեցիկ երազը: Եվրոպական երկրները մեկը մյուսի ետեւից սկսեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Շվեդիային հետեւեց Իտալիան, որին հետեւեց Եվրախորհրդարանը: Իսկ վերջին հարվածը հասցրեց Ֆրանսիան, որը ոչ միայն հայանպաստ բանաձեւն ընդունեց, այլեւ մի օրենք, որով ոճրագործություն է համարվում ցեղասպանության ժխտումը: Նույն հարցի վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը զարդապսակը հանդիսացավ այդ բոլորի:
Քաղաքականության մեջ իրադարձությունները հենց այնպեսՙ մեր ցանկությամբ տեղի չեն ունենում: Անհրաժեշտ է շահերի համընկնում: Հայաստանի նախորդ վարչակարգը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չընդգրկեց իր արտաքին քաղաքականության օրակարգումՙ այդպիսով ամբողջ աշխարհին հասկացնելով, որ կարիք չկա զբաղվելու դրանով: Բայց Քոչարյանի վարչակարգը հասկացավ, որ մինչեւ պետականորեն այդ հարցը չբարձրացվի, Թուրքիան ոչ մի հիմք չի ունենա վերանայելու իր ինքնավստահությունը Հայաստանի նկատմամբ: Եվ այս մոտեցումը տվեց իր արդյունքը, մանավանդ որ ճիշտ ժամանակին էր եւ համահունչՙ Եվրամիության անդամ երկրների շահերին:
Եվրոպան ճաշակել եւ զգացել էր թուրքերի համը զանազան երկրներ որպես բանվոր թափանցած նրանց ներկայությամբ: Թուրքերի միջնադարյան մշակութային ու հասարակական արժեքները, նրանց երերուն տնտեսությունը, օտար կրոնն ու ամբողջովին աղճատված աշխարհընկալումը վաղուց տագնապ էին առաջացրել եվրոպական շատ երկրներում, երբեմն այն աստիճանի, որ գերմանական կառավարությունն օրենք ընդունեց վարձատրելու բոլոր թուրքերին, ովքեր կհամաձայնեին ընդմիշտ հեռանալ Գերմանիայից:
Մինչ Միացյալ Նահանգների կառավարությունն ակտիվորեն հետամուտ էր լինում Թուրքիայի անդամակցությանը Եվրամիության կազմում, Թուրքիայի վարքագիծն ու կարգավիճակը դարձյալ քննարկման առարկա դարձան Եվրոպայում: Մահմեդական արմատականության հնարավոր տարածումը, Կիպրոսի դեմ կատարված նախահարձակումը, Թուրքիայում քրդերի զանգվածային կոտորածներն ու մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերն արդեն իսկ խիստ լարված վիճակում էին պահում Թուրքիայի հարաբերությունները Եվրոպայի հետ, որը 1987- ին ընդունած բանաձեւով պահանջել էր Թուրքիայից հաշտվել իր տխուր անցյալի հետ եւ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Այնպես որ, քաղաքական մյուս զարգացումներին առընթեր այս (ցեղասպանության) հարցը նույնպես դեր խաղաց Թուրքիային հակադրվելու գործում, մանավանդ, ինչպես նշեցինք, համահունչ էր եվրոպական երկրների շահերին:
Մեր ժամանակների ամբողջատիրական ոչ մի երկիր, ներառյալ նացիստական Գերմանիան եւ կոմունիստական Խորհրդային Միությունը, չի կարողացել վերահսկել զանգվածային լրատվամիջոցներն այնքան, որքան Թուրքիան է կարողացել կոծկել Հայոց ցեղասպանությունը: Լրատվության քողարկումն այնքան ամբողջական էր, որ մի ամբողջ ազգի կոտորածը դարձավ գոյություն չունեցող մի բան թուրք քաղաքացիների համարՙ նույնիսկ 1919- ի դատավարություններից հետո, երբ մեղավոր ճանաչվեցին ոճիրը կազմակերպողներն ու մահվան դատապարտվեցին, որոշ դեպքերում իրենց բացակայության պայմաններում: Մուսթաֆա Քեմալը կարողացավ այդ լռությունը նույնիսկ պարտադրել Եվրոպային եւ ամբողջ աշխարհին, որին որպես հետեւանք Հիտլերը հանդգնություն ունեցավ 1938- ին չափազանց ինքնավստահ տոնով հարց տալ. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»:
Սակայն այդ սարսափելի ոճրագործությունը ճակատագրված էր մտասեւեռում դառնալու եւ հետապնդելու Թուրքիային, որն այսօր կայսերական փառասիրությամբ է մոլեգնում: Երկրի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը մասնավորապես հավատացած է, որ Իրաքում գտնվող Մոսուլի նավթադաշտերը պատկանում են Թուրքիային, որ օսմանյան ժամանակաշրջանից ժառանգած իրավունքով Թուրքիային կարեւոր դեր է վստահված Բալկաններում, եւ դեռ նա պետք է իր գաղափարախոսությունը տարածի Կենտրոնական Ասիայումՙ վերակենդանացնելու Բահաէդդին Շաքիրի պանթուրանական ծրագրերը: Ի պատասխան ամերիկացի սենատոր Բիդենի այն հարցին, թե ինչպես է Թուրքիան պատրաստվում լուծելու Կիպրոսի հարցը, Էջեւիթն ամբարտավան ձեւով նշել է, որ Թուրքիան դեռ 1974- ին է լուծել այդ խնդիրըՙ գրավելով այդ սուվերեն երկրի ամբողջ տարածքի 38 տոկոսը:
Դժբախտաբար, Էջեւիթի այս ամբարտավանությունը սնուցում է Մ. Նահանգները, որը գնալով մեծացնում է Անկարայի «ոստիկանական» դերը Մերձավոր Արեւելքում:
Բայց, հակառակ թուրքական կառավարության զայրացկոտ ժխտումներին, աստիճանաբար պարզ է դառնում Թուրքիայի համար, որ ահավոր ցեղասպանության հարցի վերաբերյալ լռություն պահպանելն այլեւս հակասում է իր շահերին: Իհարկե, զանգվածային լրատվության մի շարք միջոցներ դեռ շարունակում են շեփորել կառավարության պաշտոնական դիրքորոշումըՙ սպառնալով ինչպես Հայաստանին, այնպես էլ եվրոպական երկրներին, սակայն հարցը գնալով ազգային համընդհանուր քննարկման առարկա է դառնում, որն էլ, երեւի, սկիզբը կդառնա այս կնճռոտ հարցի հնարավոր լուծման: Մինչ թուրքական կառավարությունը պատժամիջոցներ է ծրագրում Հայաստանի եւ Ֆրանսիայի դեմ, առավել սթափ ձայներ արտահայտվում են հենց այդ ծրագրերի դեմ: Սեդաթ Սերթօղլու անունով մի հոդվածագիր, օրինակ, «Սաբահ» օրաթերթում ծաղր ու ծանակի է ենթարկում Ֆրանսիայի դեմ ձեռնարկած արտգործնախարարության քայլերը: Նա գրում է. «Շուտով մենք այդ միջոցները ձեռնարկելու ենք Բրիտանիայի, ապա մի երրորդ երկրի եւ ի վերջոՙ ամբողջ աշխարհի դեմ, եւ Թուրքիան այդ բոլորի հետեւանքով իրեն մեկուսացված իրավիճակում է գտնելու: Եկեք սթափվենք եւ լրջորեն քննարկելով հարցը տեսնենք, թե ինչպես կարող ենք գլուխ հանել դրանից»:
Մեկ ուրիշ հոդվածագիրՙ Մեհմեդ Թեզքան, նույն «Սաբահ» օրաթերթում ավելի դիպուկ հարց է բարձրացնում գրելով. «Եկեք փոխանակ ցեղասպանության թեման բրիտանացիներին եւ ֆրանսիացիներին բացատրելուՙ տեսնենք, թե մենք մեր ժողովրդին բացատրե՞լ ենք դա: Հարցրեք ձեր շրջապատին, թե ինչ է կատարվել 1915- ին եւ տեսեքՙ քանի հոգի է պատասխանելու: Հեռուստատեսային վիկտորինաների ժամանակ հարցրեք, թե որեւէ մեկը գիտի՞ այդ մասին: Բաց արեք դպրոցական դասագրքերը եւ տեսեք, թե դրանցում որեւէ ակնարկ կա՞: Ոչ մի: Դա մի թեմա է, որի մասին մենք ոչինչ չգիտենք: Չգիտենք, որովհետեւ տաբու է եղել մեզ համար: Չպետք է ձեռք տայինք դրան, թե չէ մեր մատները կայրեին»:
«Ռադիկալ» շաբաթաթերթը, որը սովորաբար ամենահամարձակ հոդվածներն է տպագրում, Մինե Քերեքկանատի պատմվածքն է հրատարակել, որտեղ գլխավոր գործող անձը տառապում է ոճրագործի թոռ լինելու խոր ապրումներիցՙ գիտենալով, որ իր պապը երիտասարդ մի հայ որբի է սպանել տեղահանությունների ժամանակ: Ուրիշներն առավել հաշտվողական տոն են հնչեցնում: Օրինակՙ նույն «Ռադիկալում» մեկ ուրիշ հոդվածագիր նշում է, որ եթե անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբին եւ թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտնում են, որ իրոք հայերի նկատմամբ ցեղասպանություն է տեղի ունեցել, մյուս կողմից, սակայն, պատմաբան Բեռնար Լյուիսն այդ տեղահանությունները չի որակում «ցեղասպանություն»: Հոդվածի վերջում հեղինակը ափսոսանք է հայտնում, որ բաց թողնելով հնարավորությունը Թուրքիան չկարողացավ լեզու գտնել Տեր- Պետրոսյանի վարչակարգի հետ, որն ավելի զիջողական բնույթ ուներ:
Ինչպես տեսնում ենք, տեսակետների մեծ զանազանություն կա: Ոմանք կրակ են թափում հայերի հասցեին, ուրիշները քննարկումների կոչ են անում, իսկ երրորդ խմբի հետեւորդները գտնում են, որ հարցը շատ է առաջ գնացել, որպեսզի հնացած միջոցներով կարելի լինի պայքարել, անհրաժեշտ է առավել համագործակցված քաղաքականություն վարել: Կան դեռ չորրորդ խմբի ներկայացուցիչներ, որոնք ցեղասպանության անհապաղ ճանաչման կողմնակիցներ են, քանի դեռ «հայերը չեն դիմել հաջորդ քայլին եւ փոխհատուցման պահանջ չեն ներկայացրել»:
Բազմաթիվ թուրքեր, որոնք երբեք չէին լսել հայերի դեմ իրագործված ցեղասպանության մասին, զարթնել են վերջին իրադարձությունների ցնցումից եւ հարց են տալիս, թե արդյոք իրենք ոճրագո՞րծ մի ազգ են: Այնպես որ, ինքնազննման, ինքնաճանաչման մի պրոցես է սկսվել Թուրքիայում: Թուրքիան իր ինքնությունը հաստատելու ճգնաժամի մեջ է: Ժխտողական արտահայտություններով հանդերձ, հարցը Թուրքիայում դարձել է ազգային քննարկման առարկա: Սթափ մտածողները Թուրքիայում գտնում են, որ եթե Թուրքիան չլուծի, այլ ուժեր աշխարհում կարող են լուծել այդ խնդիրը, գուցե նաեւ ի վնաս Թուրքիայի ազգային շահերի:
Չնայած առայժմ փոքրաթիվ, սակայն կան մարդիկ, ովքեր գտնում են, որ հարցը պետք է որոշեն երկու պետություններըՙ Հայաստանն ու Թուրքիան: Դա իրոք առողջ մոտեցում է: Ցեղասպանությունն իրագործողների եւ տուժած կողմի միջեւ երկխոսությունը կարող է հարցը դնել ճիշտ հունի մեջ եւ վերջնականապես լուծել հաջորդող սերունդների համար:
Նրանք, ովքեր Թուրքիայում պնդում են, թե պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, կամ թե ճշմարտությունը գտնելու համար անհրաժեշտ է հավելյալ ուսումնասիրություններ կատարել, պետք է իմանան, որ աննկատ ծլկելու ժամանակներն առհավետ անցել են: Ճշմարտությունը վաղուց է հայտնի եւ ընդմիշտ դրոշմված է բոլոր վերապրողների հիշողության մեջ:
Ցեղասպանությունն, ամեն տրամաբանական կասկածից դուրս, ապացուցված է դեռ 1919- ին, երբ թուրք ջարդարարների նկատմամբ դատավարություններ տեղի ունեցան, եւ փաստաթղթեր կազմվեցին թուրքական դատարաններում:
Ցեղասպանությունն, ամեն տրամաբանական կասկածից դուրս, ապացուցված է, երբ Լոզանի պայմանագրի բանակցություններում Անգլիայի ներկայացուցիչ լորդ Քերզոնը հարց տվեց թուրք ներկայացուցիչ Իսմեթ Ինոնուին. «Ո՞ւր անհետացան պատերազմից առաջ Անատոլիայում բնակվող 3 մլն հայերը»:
Եթե Թուրքիայում ներկայումս ընթացող ազգային համընդհանուր քննարկումները վերածվեն խղճի արթնացման աննախադեպ երեւույթի, ապա կարող ենք հուսալ եւ ակնկալել, որ թունելի վերջում լույսն ի վերջո կհայտնվի: Թուրքիան կկարողանա մաքրել իր խունացած պատմական իմիջը, իսկ մեր անմեղ զոհերը կկարողանան հանգիստ ննջելՙ իմանալով, որ Թուրքիան վերջապես հաշտվել է իր նողկալի անցյալի հետ:
Դետրոյթ