Հայտնում է ընկերության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը
Նախատոնական շուկայում գների թանկացման երեւույթին «Ազգը» քանիցս անդրադարձել է եւ հրապարակումներից մեկում անսպասելի համարել նաեւ «Գրանդ քենդիի» համանման մոտեցումը: Եվ ահա, տեղական արտադրողներից առաջինը (հուսանքՙ ոչ վերջինը) լինելով, այս ընկերության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնեց, որ փետրվարի 1-ից «Գրանդ քենդին» էժանացնելու է իր շոկոլադե ապրանքները: Դրա հիմնական պատճառն այն է, որ կառավարությունը 10 տոկոս մաքսավճարից ազատել է շոկոլադի հումքիՙ կակաոյի հատիկների ներմուծումը, իսկ ընկերության ղեկավարությունն ավելի նպաստավոր պայմանագիր է կնքել «Բրեդաբեդ» ընկերության հետՙ դրանց ձեռքբերման վերաբերյալ: «Գրանդ քենդիի» շոկոլադե կոնֆետները եւ կոնֆետների տուփերի (բոնբոներկա) գները էժանացել են 50- 250 դրամով:
Ինչ վերաբերում է նախամանորյա թանկացման պատճառներին առնչվող մեր հարցին, ապա, ըստ տնօրենի, դրանք հետեւյալն էին. նոյեմբեր-դեկտեմբերին գրեթե կրկնակի բարձրացան շաքարավազի միջազգային գները: Թանկացան նաեւ ընկույզը, չրեղենը: «Ինձ համար շատ պարտավորեցնող էր, որ ժողովուրդը սրտին մոտ ընդունեց «Գրանդ քենդիի» թանկացումները: Դա նշանակում է, որ սպասումները մեզանից շատ են: Սակայն բիզնեսը մնում է բիզնես, եւ առանց շահույթի մենք չենք կարող աշխատել»: Այսպիսին էր Արմինե Հովհաննիսյանի պարզաբանումը: Այդ ամենով հանդերձ նա տեղեկացրեց, որ դեկտեմբերին ընկերության արտադրանքը լավ սպառվեց եւ, իր գնահատմամբ, «Գրանդ քենդին» այժմ գրավել է քաղցրավենիքի տեղական շուկայի շուրջ 60 տոկոսը: Կոնկրետ շոկոլադների առումով հայկական ընկերության ապրանքների գները 800- 1000 դրամով զիջում են ռուսական համանման ապրանքներին: Ուկրաինական կոնֆետների մեջ օգտագործվում է ոչ թե բնական հումք, այլ զանազան փոխարինիչներ: Դրանք կրկնակի էժան են, քան, ասենք, կակաոյի հատիկները: Այդ պատճառով էլ ուկրաինական կոնֆետները գնային առումով գրեթե հավասար են հայկական կոնֆետներին: Մոտ ժամանակներս «Գրանդ քենդին» եւս պարտադրված կլինի պահպանիչ բաղադրանյութեր օգտագործել, սակայն միայն արտահանվող շոկոլադների համար: Ներկայումս դրանց պահպանման ժամկետը 3- 6 ամիս է, մինչդեռ արտահանման դեպքում անհրաժեշտ է 8- 12 ամիս: Որպես արտահանման հիմնական շուկա առաջին հերթին դիտարկվում է Վրաստանը, որտեղ արդեն վաճառվում են ընկերության ապրանքները: Չնչին ծավալներով արտադրանք է արտահանվել նաեւ Կանադա եւ ԱՄՆ, բայց դա միայն շուկան շոշափելու նպատակ է հետապնդում: Իրանում արդեն գովազդվում է «Գրանդ քենդիի» արտադրանքը: Ընկերությունը նպատակադրվել է ավելի մեծ ակտիվությամբ աշխատել արտահանման վրա, քանզի, տնօրենի կարծիքով, «անհնար է գոյատեւել հայկական փոքրիկ շուկայի համար աշխատելով»:
Գործարանն այսօր աշխատում է իր հնարավորությունների 70 տոկոսի չափով եւ ունի շուրջ 700 աշխատակից: Նրանց միջին աշխատավարձը կազմում է 90- 100 դոլար: Հզորությունների լիարժեք գործարկմանը խանգարում է նաեւ սեզոնային գործոնը: Ամռանը շոկոլադ չի արտադրվում, հունվարին բոլոր ապրանքները մեծ դժվարությամբ են սպառվում: Դա նույնպես արտահանման վրա կենտրոնանալու պատճառներից մեկն է: Ձեռնարկությունը շարունակում է աշխատել հին սարքավորումներով եւ, տնօրենի կարծիքով, եւս 10 տարի ընթացիկ նորոգումներ կատարելով, հնարավոր է դրանք շահագործել: Սկսվել է նաեւ նոր ապրանքատեսակների արտադրությունը: Շուտով շուկայում կհայտնվեն 100, 50 եւ 18 գրամ քաշով շոկոլադե սալիկներ: Ծրագրված է բատոն կոնֆետների, իսկ ամռանըՙ պաղպաղակի արտադրությունը: Նպատակ կա վերականգնելու նաեւ ծամոնի արտադրությունը, որի թանկարժեք հոսքագծերը նախկինում վաճառվել են: Վերադառնալով շոկոլադե ապրանքների գների իջեցմանը, «Գրանդ քենդիի» տնօրենն ընդգծեց, որ իրենք ցանկանում են, որ այդ իջեցումը հասնի ժողովրդին: «Չստացվի այնպես, որ մենք 200- 250 դրամ գին իջեցնենք, իսկ շահի միջնորդ առեւտրականը», իր խոսքը եզրափակեց Արմինե Հովհաննիսյանը: Նա նաեւ ավելացրեց, որ կարամելի գները չեն իջնի, քանի որ պահպանվում են դրա հիմնական հումք շաքարավազի բարձր գները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ