Իսկ պետությունն անզոր է դա կանխել
Հայաստանի հարյուրավոր ձեռնարկություններ սեփականաշնորհվեցին չնչին գնով եւ մաս-մաս վաճառվեցին: Դրա հետեւանքով երկրի տնտեսությունը հայտնվեց անդունդի մեջ, սրվեց սոցիալական կացությունը, իսկ առանձին անձինք ունեցան շքեղ առանձնատներ, մեքենաներ, բանկային յուղոտ հաշիվներ: Թվում է, թե առանց մատը մատին խփելու հարստացածների ժամանակներն անցյալում են մնացել: Սակայն պարզվում էՙ ոչ: Ձեռնարկությունների սարքավորումների վաճառքն ու գումարների գրպանումը շարունակվում է նաեւ այժմ: «Ազգն» անդրադարձել է «Գյումրի-տեքստիլին», որի տնօրենն առանց ժամանակը զուր վատնելու, մինչ թուրքական «Նետեքս-տեքստիլի» հետ պայմանագիր կնքելը, չի դադարում հիշատակված գործընթացն իրագործել: Օրերս տեղեկացանք եւս մեկ ձեռնարկության (արդեն մասնավոր) սեփականատերերի կողմից հաստոցների վաճառքի փաստի մասին. Երեւանի գուլպա-նասկեղենի (նախկինում դեկորատիվ գործվածքային) ֆաբրիկայի սեփականատերերըՙ Հակոբ Հակոբյանը (ԱԺ պատգամավոր Մալաթիա-Սեբաստիա համայնքից ընտրված), Մուշեղ Մկրտչյանը (տնօրեն), Վալերի Մագթաղյանը (փոխտնօրեն) եւ Վաչիկ Խաչատրյանը (գլխավոր ինժեներ) տարիներ առաջ չնչին գներով ձեռք բերելով ձեռնարկության բաժնետոմսերի գերակշիռ մասը, ձեռնամուխ են եղել հաստոցների վաճառքին: Նախկինում եւս նրանք պարբերաբար վաճառել են ձեռնարկության սարքավորումները: Նշենք նաեւ, որ ֆաբրիկան, թեկուզ փոքր հզորություններով, սեփականաշնորհելուց հետո երբեւէ եւ այժմ էլ չի աշխատել ու աշխատում: Նրա բանվորները համալրել են գործազուրկների բանակը: Այսինքնՙ հաստոցների նախկին եւ ներկա վաճառքը հաստատապես չի ուղղվելու շրջանառու միջոցների ձեռքբերմանը: Ըստ մեր տեղեկությունների, վաճառված հաստոցներից փոքր բաժնետերերին է տրվում որոշակի գումար (մինչեւ մի քանի հազար դրամ) եւ հայտարարվում, որ նրանք այլեւս բաժնետերեր չեն: Փաստորեն, տարիների ընթացքում ստեղծված արժեքները հերթական անգամ փոշիացվում եւ յուրացվում են: Ամենացավալին այստեղ այն է, որ պետությունն անզոր է կամ անզոր է ձեւանում այդ գործընթացին միջամտելու համար: Պետական համապատասխան պաշտոնյայի պատասխանը հետեւյալն էր. «Գործարանը սեփականաշնորհված է, եւ նրա սեփականատերն իրավունք ունի վարվել այնպես, ինչպես ցանկանում է»: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ