Անդրանիկ Մարգարյանը բացառում է այդ քայլի հետաձգումը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդրման շուրջ կրկին աղմուկ է բարձրացել: Երեկ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել տոնավաճառների առեւտրականները կամ ինչպես ասում ենՙ փոքր ձեռներեցները: Նրանց պահանջը նույնն էրՙ չեղյալ համարել ՀԴՄ-ների ներդրման մասին կառավարության որոշումը: Հիշեցնենք, որ բազմիցս նման ճնշմանը կառավարությունը տեղի է տվել եւ հետաձգել այդ որոշման իրականացումը: Մինչդեռ դեռեւս 2000 թ. նոյեմբերի 1-ին ՀԴՄ-ների տեղադրումն առեւտրի այդ կենտրոններում պետք է ավարտված լիներ: Բանն այն է, որ առանց դրանց տեղադրման անիմաստ է խոսել ստվերային ապրանքաշրջանառության դեմ պայքարի եւ հավասար մրցակցային դաշտի ապահովման մասին: Բնական է, որ դա չի ոգեւորում ստվերային շրջանառությունից գերշահույթներ ստացող տոնավաճառների սեփականատերերին: Հենց նրանց դրդմամբ էլ կազմակերպվում են առեւտրականների ցույցերը: Այո, հերթական անգամ կառավարությունը ծրագրել է ՀԴՄ-ների տեղադրումն ավարտել մինչեւ փետրվարի 21-ը: Պետեկամուտների նախարարության ձեռնարկած քայլերը ոչ այլ ինչ են, քան օրենքի պահանջի եւ իր պարտականությունների կատարում: Այդուհանդերձ, փոքր ձեռներեցները վճռական են իրենց պահանջների մեջ: Ի՞նչ տեղի կունենա այս անգամ: Դարձյա՞լ կառավարությունը տեղի կտա եւ չի կատարի իր իսկ ընդունած որոշումը: Այս հարցը երեկ «Ազգի» թղթակիցն ուղղեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: «Ո՚չ: Մենք բոլոր քայլերը նկատի ենք առել: Կառավարության որոշման մեջ կա հստակ ժամանակացույց, թե մինչեւ ամսի քանիսը ՀԴՄ-ները պետք է տեղակայվեն: Մենք ետ չենք կանգնի այս քայլից: Կարեւորն այստեղ ոչ այնքան դրանից ակնկալվող գումարներն են, որքան Հայաստանում գործող փոքր ձեռներեցներին հաշվառելը: Դա ապագայում հնարավորություն կտա որոշակի կանխատեսումներ կատարել շուկայի զարգացման համար»:
Հուսանք, որ գոնե այս անգամ խոսքը գործ կդառնա, եւ կառավարությունը կկատարի շուկայում հավասար մրցակցային դաշտի ապահովմանը եւ ստվերային տնտեսությունը կրճատող այս հույժ կարեւոր քայլը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ