«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2001-02-01 | #19, 2001-02-02 | #20, 2001-02-03


«ԵՎՐՈՍՏԱՆ ՈՒՅՈՒՏՆ» ԱՐԺԱՆԱՑԱՎ ISO 9002 ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻՆ

Երեկ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության նախասրահում հանդիսավոր արարողություն էր: «Եվրոստան ույուտ» ընկերությունն արժանացել էր որակի եւ ստանդարտացման միջազգային սերտիֆիկատիՙ ISO 9002-ի:

Այս կապակցությամբ կազմակերպված շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրերՙ պետական պաշտոնյաներ, գործարարներ: Առաջինը ելույթ ունեցավ ընկերության նախագահ Մանվել Բադեյանը եւ տեղեկացրեց, որ սերտիֆիկատ են ստացել «Եվրոստանի» բոլոր ծառայություններըՙ դռների եւ պատուհանների պատրաստում, տուրիստական գործունեություն, ավիատոմսերի վաճառք, կահույքի պատրաստում, ընդհանուր շինարարություն, դիզայն, ոչ պարենային ապրանքների մեծածախ եւ մանրածախ առեւտուր: Այնուհետեւ ընկերության ղեկավարներին շնորհավորանքի խոսքեր ուղղեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Վարչապետի կարծիքով, այս սերտիֆիկատի շնորհումը կխթանի ընկերության գործունեության զարգացումն ու ընդլայնումը, եւ ներկայիս 70 աշխատատեղի առկայությունը մինչեւ տարեվերջ կհասնի 200-ի: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարը կարեւոր քայլ համարեց այս սերտիֆիկատի հերթական շնորհումը Հայաստանի առեւտրի համաշխարհային կազմակերպություն մուտք գործելու շեմին: Ըստ նրա, դա եւս մեկ հավաստիք է Հայաստանի ապրանքների եւ ծառայությունների որակի զարգացման: Իսկ Արսեն Ղազարյանը «Եվրոստանի» ISO 9002-ը համարեց ոչ միայն ընկերության, այլ Հայաստանի ամբողջ գործարարության հաղթանակը:

Հիշեցնենք, որ մինչ այժմ «Հայպետստանդարտն» այս միջազգային մրցանակը շնորհել է հայկական եւս 6 ընկերություններիՙ «Կոկա-կոլա», «Թամարա», «Աթենք», «Գեղարդ», «Ջերմուկ գրուպ» եւ «Ռոյալ Արմենիա»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4