Օրերս Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ն Սուրբ ծննդյան եւ աստվածահայտնության տոնի կապակցությամբ ընդունեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի պաշտոնակատար Եզրաս աբեղա Ներսիսյանին: Հոգեհարազատության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում հայոց հոգեւոր հովիվը պատրիարքին փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրական սիրո բարեմաղթանքները եւ շնորհավորանքները: Այնուհետեւ հայր սուրբը Ալեքսի Բ-ին իրազեկեց այն միջոցառումների մասին, որոնք Ռուսաստանի հայությունը պատրաստվում է անցկացնել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ: Պատրիարքը մեծ պատրաստակամություն հայտնեց իր մասնակցությունն ու օրհնությունը բերելու քրիստոնեական հավատքի ընդհանուր տոնին, ամենայնս նպաստելու կազմակերպական աշխատանքներին:
Ստանձնելով թեմի առաջնորդի պաշտոնակատարի պարտականությունները, Եզրաս աբեղա Ներսիսյանը մեծ նվիրումով ու եռանդով է լծվել Ռուսաստանի հայության հոգեւոր ու աշխարհիկ կյանքի վերազարթոնքի սուրբ գործին: Նա արդեն եղել է Ռուսաստանի գրեթե բոլոր հայաշատ տարածաշրջաններում ու խոշոր քաղաքներում, օրհնել նորակառույց կամ կործանումից փրկված նորաբաց հայկական եկեղեցիները:
Ամենուր աշխարհիկ իշխանությունները նրան ընդունում են բարձրագույն մակարդակով. հայր Եզրասն արդեն հանդիպումներ է ունեցել տարածաշրջաններում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչներ Վ. Կազանցեւի, Պոլտավչենկոյի, Կրասնոյարսկի նահանգապետ Ալ. Լեբեդի, էկոնոմիկայի նախարար Գ. Գրեֆի եւ ուրիշների հետ: Հետաքրքրական մի պարագա. Ռուսաստանի ղեկավարության մեջ առաջատար դիրքեր գրաված շատ պիտերցիներ հայր Եզրասին ընդունում են որպես «համաքաղաքացու»ՙ նկատի ունենալով նրա գործունեության պետերբուրգյան շրջանը: Կրեմլում կայացած պաշտոնական ընդունելություններից մեկի ժամանակ երկրի նախագահ Վլ. Պուտինը նրան հարցրել էրՙ հայոց եկեղեցու ներկայացուցիչն ինչպե՞ս է իրեն զգում Մոսկվայում Պիտերից հետո:
Հայր Եզրասն իր վրա է սեւեռում նաեւ մայրաքաղաքի հասարակական շրջանների ուշադրությունը: Նորերս ակադեմիկոս Գ. Տրապեզնիկովի գլխավորած աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիան նրան անդամ ընտրեց: Նշենք, որ հումանիտար համամարդկային վսեմ նպատակներ հետապնդող այդ համբավավոր կազմակերպության անդամ են ճանաչված պետական ու քաղաքական գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, հոգեւորականներ, 15 երկրներիՙ Մոսկվայում հավատարմագրված դեսպաններ եւ այլք:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա