Իսկ պետականըՙ մթագնում նրա ապագան
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգը» նախորդ համարում անդրադառնալով նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի եւ վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հակասություններին, որոնք փաստորեն գագաթնակետին են հասել ազգային անվտանգության խորհրդի փետրվարի 19-ի նիստում, կարծիք էր հայտնել, թե Թուրքիայում պետական ճգնաժամ է: Հատկանշական է, որ փետրվարի 20-ին այդ կարծիքը հաստատեց թուրքական պետհեռուստատեսությունը, մատնանշելով. «Էջեւիթ-Սեզեր հակասությունները պատճառ են դառնում Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ ճգնաժամի»: Նույն օրվա համարում վերոհիշյալ ճգնաժամը աննախադեպ բնութագրեց նաեւ կենտրոնական «Սաբահ» թերթը:
Ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանք իրենց պարտքը համարեցին ընդգծել, որ Էջեւիթ-Սեզեր լարվածությունը, դրա արտահայտման վայրն ու դրսեւորման ձեւերը միանգամայն հակասում են թուրքական պետության ավանդույթներին: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Ազգային անվտանգության խորհրդի չարաբաստիկ նիստում, որտեղ զինվորական իշխանության ներկայացուցիչներն ակնհայտորեն գերակայում են քաղաքացիականներին: Նիստը Սեզերի նախագահությամբ գումարվել է տեղական ժամանակով 09:30-ին: 45 րոպե անց, այսինքնՙ 10:15-ին վարչապետ էջեւիթը զայրացած լքել է դահլիճը: Նրա օրինակին են հետեւել փոխվարչապետներ Մեսութ Յըլմազն ու Հուսամեթթին Օզքանը, ներքին գործերի նախարար Սադեթթին Թանթանը, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սաբահաթթին Չաքմաքօղլուն: Այս ամենից հետո նախագահ Սեզերն ստիպված նիստը շարունակել է զինվորականների հետ:
Ակամա հարց է ծագումՙ Էջեւիթը ինչո՞ւ է հեռացել դահլիճից: Այդ հարցին պատասխանում է թուրքական մամուլըՙ մատնանշելով Սեզերի 6 րոպեանոց ելույթը: Թուրքական մամուլի տվյալներով Սեզերն իր ելույթում սկսել է հանդիմանել Էջեւիթին եւ մասնավորապես ասել. «Մեծարգո վարչապետ, հանուն կառավարող կոալիցիայի կայունության, շարունակում եք կեղտի մեջ նստել, անօրինականության հեղինակները, որոնց թվում են նաեւ մի քանի նախարարներ, դեռ իրենց զբաղեցրած պաշտոններում են: Դուք չեք խորշում միջամտել դատական իշխանությունների գործերին, հալածելով նրանց, ովքեր վճռական պայքար են մղում անօրինականությունների դեմ: Ձեր այս վերաբերմունքը հակասահմանադրական է, քանի որ սահմանադրությամբ տարանջատված են իշխանության տարբեր թեւերի ֆունկցիաները»:
Ի պատասխան Սեզերի, Էջեւիթը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում չի կարող մասնակցել նիստի աշխատանքներին: Երբ նա պատրաստվում էր լքել դահլիճը, նախագահ Սեզերը նրա կողմն է շպրտում Թուրքիայի սահմանադրությունը: Այդ ընթացքում փոխվարչապետ Օզքանը, որ համարվում է էջեւիթի աջ թեւը թե՚ կառավարության եւ թե՚ «Ձախ ժողովրդավարական» կուսակցության մեջ, միջամտում է: Նա այդ նույն ոճով, ինչպես Սեզերը, սահմանադրությունը ետ է շպրտում նրա վրա, բացականչելով. անշնորհակալ կատու: Այնուհետեւ Օզքանը Սեզերի վրա սկսում է գոռալ. «Դուք արժանի չեք Ձեր պաշտոնին: Ձեր արածը վարչապետին առնվազն դավաճանություն է»: Ակնարկը նախագահի պաշտոնում Սեզերի ընտրության մասին է, ինչը Մեջլիսում մեծապես հաջողվել էր Էջեւիթի կառավարության մաս կազմող «Ձախ ժողովրդավարական», «Ազգայնական շարժում» եւ «Մայր հայրենիք» կուսակցությունների պատգամավորների ձայներով:
Թուրքական թերթերը փետրվարի 20-ի համարներում նշում են, որ Էջեւիթըՙ հեռանալով ազգային անվտանգության խորհրդի նիստից, շտապել է վարչապետարան, որտեղ հրաժարականի պատրաստակամություն է հայտնել: Միայն զինվորականության միջամտության շնորհիվ կանխվել է նրա հրաժարականը: Ըստ «Ջումհուրիեթի», զինվորականությունը տեղեկանալով հրաժարականի մասին, անմիջապես վարչապետարան է ուղարկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, բանակի գեներալ Ասբուրուքին, հաղորդելու համար չհրաժարվելու մասին թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի խնդրանքը Էջեւիթին: Վերջինս տեղի է տվել, բայց շուտափույթ նախարարների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որի ավարտին կառավարությունը նախագահ Սեզերից պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել վարչապետ Էջեւիթից: Դրան գրավոր հայտարարությամբ պատասխանել է նախագահի ապարատը: Այդ ընթացքում զինվորականությունը գլխավոր շտաբի շենքում խորհրդակցություն է հրավիրել: Այսպիսով, Էջեւիթ-Սեզեր լարվածությունը Թուրքիայում վերաճել է պետական ճգնաժամի, ներառելով նախագահին, կառավարությանը եւ զինվորականներին:
Հարցը, սակայն, սոսկ պետական ճգնաժամը չէ, այլ դրա կայծակնային անդրադարձը դրամական բորսայի վրա: Ինչպես այդ մասին նշվում է թուրքական թերթերում, Ազգային անվտանգության խորհրդի վերոհիշյալ միջադեպից ընդամենը երեք ժամ հետո Թուրքիայի Կենտրոնական բանկը 5,1 մլրդ ամերիկյան դոլարի կորուստ է կրել: Այնուհետեւ այդ գումարը հասել է 7,5 մլրդ-ի: Այլ կերպ, պետական ճգնաժամի հետեւանքով ցնցվել է նաեւ բորսան: Քանի դեռ շարունակվում է այդ ճգնաժամը, կշարունակվեն բորսայի ցնցումները: Դա հղի է ֆինանսական խորը ճգնաժամով: Եթե դրան գումարենք էներգետիկ ճգնաժամը, որն անցյալ տարվա հոկտեմբերից թուրքական տնտեսությունն է ցնցում, ապա դժվար չէ հանգել երկրում առկա համընդհանուր տնտեսական ճգնաժամի եզրակացությանը: Թվում է, թե պետական ճգնաժամը գալիս է տնտեսականը լրացնելու, այս պայմաններում մթագնման սպառնալիքի առջեւ է կանգնում թուրքական պետության ապագան: