«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2001-02-24 | #36, 2001-02-27 | #37, 2001-02-28


«ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻՑ Է ԵՂԵԼ ԵՎ ԿՄՆԱ...»

Վերջին տասնամյակում քաղաքական-տնտեսական իրավիճակների հետ կապվածՙ կյանքի շատ ու շատ երեւույթների նկատմամբ հասարակության վերաբերմունքն արագորեն փոխվեց: Ժամանակներ առաջ խորհրդային անազատությունների, գաղափարական կարծր ճնշումների օրերում ազգային արժեքների պահպանման հարցում շատ ավելի էինք նախանձախնդիր:

Այդ տարիներին պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը դիմորդների բազմաքանակությամբ գերազանցում էր մյուսներին: Այսօր այլ է իրականությունը: Ազատությունների այս լայն հորձանուտներում գնալով նվազում է հետաքրքրությունը բանասիրությանՙ հայոց լեզվի եւ գրականության նկատմամբ, երբ ազգային արժեքների հիմքը եւ առանձնաշնորհը լեզուն եւ նրանով ստեղծված մշակույթն է: Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի այսօրվա վիճակի մտահոգությամբՙ մեր զրույցը ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի հետ ներկայացնում ենք ընթերցողին:

- Բանասիրությունը, լեզուն եւ գրականությունը որեւէ ժողովրդի առաջընթացի կարեւոր գործոններից են եղել եւ կմնան որպես այդպիսին, քանի որ կապված են հոգեւոր, մշակութային արժեքների հետ: Գրականությունը մարդկային բարոյական նկարագիրը, հավատամքը, աշխարհընկալումը, գաղափարախոսությունը ձեւավորող կարեւոր գործոններից է:

Անժխտելի է, որ կյանքի մի շարք ասպարեզներում դրական փոփոխություններ են կատարվելՙ հատկապես մարդու հնարավորությունների դրսեւորման առումով: Ժամանակի թելադրանքն առկա է նաեւ համալսարանական կյանքի վրա: Այսօր ավելի մեծ է հետաքրքրությունը հեռանկարային ֆակուլտետների նկատմամբՙ միջազգային հարաբերությունների, ռոմանագերմանական, իրավաբանական եւ այլն, մի բան, որ չի կարելի ասել մեր ֆակուլտետի մասին: Այսօր մի մասը բանասիրության ֆակուլտետ սովորելու է գալիս իր բնատուր նախասիրություններից ելնելով, հայոց լեզվի եւ գրականության նկատմամբ ունեցած սիրուց: Եվ որովհետեւ նրանց հիմնական մասն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում կրթության ոլորտում, որի վիճակը այսօր այնքան էլ մխիթարական չէ, ապա հասկանալի է, թե հիասթափությունները որտեղից են: Այսօր անգամ ասպիրանտները քիչ են, նույնիսկ թափուր տեղեր ենք ունենում: Բայց նկատենք նաեւ, որ դպրոցներում էլ գրականությունը ետին պլան է մղված: Գրականության նկատմամբ հետաքրքրությունն ընդհանրապես նվազում է, քիչ է հրատարակվում դասական գրականություն: Մինչդեռ գրականությունը ինքնաձեւավորման, ինքնակրթության լավագույն միջոցներից է, այն մարդկության անցած կյանքի ողջ կենսափորձն է ներառում, որ փոխանցելի է ընթերցողին: Ընթերցանությունը գրեթե դուրս է մղվել մեր կյանքից: Այսօր ասում ենՙ մարդն ավելի անբարոյական է դարձել, ընտանիքին հավատավոր չէ, ազգային արժեքների նկատմամբ արհամարհոտ է եւ այլն: Դա գրականությանը անտեղյակ լինելուց է նաեւ:

- Ի՞նչ կասեք ուսուցման վարձավճարների մասին, սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ կա՞ արդյոք որոշակի վերաբերմունք:

- Վճարովի ուսուցման գաղափարը թերեւս այնքան էլ վատ չէ, եթե այդ գումարները ծառայեցվեն գիտության զարգացմանը, կրթության, գիտական աշխատանքների հրատարակմանը, բնագավառի մասնագիտական առաջընթացի գործին, սակայն իրականում այդ գումարների չափը ինքնահնար է, քանի որ պարզ հաշվարկ է, որ այսօր որեւէ մեկն իր աշխատանքով չի կարող վճարել նույնիսկ ամենացածր ուսման վարձը: Սովորելու հնարավորություն ունեն ապահովված ընտանիքի երեխաները եւ շատ դեպքերում անվճարունակ ընտանիքի խելացի երեխաները զրկվում են կրթություն ստանալուց: Համալսարանը շատ դեպքերում սատարում է ուսանողներին, բավականին զեղչեր են կատարվում ազատամարտիկների, դասախոսների, հաշմանդամների, հեռավոր շրջաններից եկած, նաեւ բարձր առաջադիմությամբ ուսանողների նկատմամբ: Ուսման վարձերը բարձր են, բայց եւ պետք է ասել, որ համալսարանը փաստորեն գոյատեւում է այդ մասնավոր վճարների հաշվին (լույս, ջեռուցում, հեռախոս, դասախոսների հավելավճարներ, ուսանողների կրթաթոշակներ): Շատ աշխատանքներ կատարվում են բարերարների (հիմնականումՙ սփյուռքահայ) շնորհիվ, ինչպես պատմության, իրավաբանության ֆակուլտետների, մեր ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճի վերանորոգումը եւ այլն:

- Այսօր երիտասարդությունն իր հետաքրքրություններով, մտածողությամբ առավել քան բազմաշերտ է: Զրուցելով նրանցից շատերի հետՙ նկատելի է հիասթափությունն ու հուսալքությունը հատկապես անհեռանկար ապագայի նկատմամբ:

- Ուսանողության առաջ լայն ասպարեզներ են բացված, թեկուզ հենց աշխարհի հազար ու մի մշակութային իրողությունների հետ առնչվելու առումով: Օտարամուտ գրականության, ֆիլմերի, ինֆորմացիայի կոմունիկացիաներն այսօր շատ են եւ գուցե այնքան էլ դյուրին չէ այդ ինֆորմացիայի հարուստ դաշտի մեջ կողմնորոշվել: Եվ դժվար է ասել, թե այսօրվա ուսանողը գաղափարական, իմացաբանական, աշխարհընկալման ավելի պակաս ունակություններ ունի, քան տասնամյակներ առաջ: Ամեն սերունդ իր կյանքի իրողություններն ու հնարավորություններն է բերում, եւ որդիների ու հայրերի մշտատեւ պայքարում միշտ էլ հաղթողը նորն է լինում: Իսկ այդ հուսալքությունները վաղվա նկատմամբ հավատի պակասից է: Երիտասարդն ապագա մասնագիտությամբ աշխատելու հեռանկար չի տեսնում այստեղ, որից էլ ծնվում է ելման դռների գործոնը: Մեկն այդ ճանապարհը տեսնում է երկիրը լքելու մեջ, մյուսը ոչինչ չանելու սովորությունից, «օրեր ենՙ կմթնեն, անց կկենանի» հոգեբանությամբ է ապրում, ծնվում է ծուլության սինդրոմը: Ոչինչ չանելուց հաճույք ստանալը դառնում է պահվածք, մտածողություն: Իհարկե, մի որոշ մասն էլ իր տեղն է գտնում:

- Զանազան պատճառաբանություններով, տարբեր կազմակերպությունների հետ կնքված աշխատանքային պայմանագրերով շատերը մեկնում են արտասահմանյան երկրներ, եւ նրանցից ոմանք չեն վերադառնում: Նման աշխատանքները, որից բավականին դրամ են վաստակում երիտասարդները, հաճախ դառնում են «խայծ», գայթակղություն եւ խթան այնտեղ մնալու:

- Մարդն ինքնակամ է իր ճակատագիրը տնօրինելու: Պարզ արգելում չի կարող լինել: Իհարկե, ուսման պրոցեսում չի թույլատրվում գնալ: Համալսարանի ռեկտորի անցած տարվա սեպտեմբերի հրամանով առանց սահմանված կարգով ձեւակերպումների դասախոսների եւ ուսանողների արտասահմանում գտնվելունՙ պահանջվում է խստագույն ուշադրություն դարձնել: Այստեղ կա նաեւ հոգեբանական գործոնը: Երիտասարդ մարդն իր բնույթով արկածախնդիր է, երիտասարդության տարերքն է այդպիսինՙ անհանգիստ, որոնող, հետաքրքրասեր: Սա նաեւ սեփական հնարավորությունները ստուգելու մի ձեւ է: Սա միայն հայկական երեւույթ չէ, այն բնորոշ է շատ ժողովուրդների: Ցավալին այն է, որ մեր երկրից հեռանում են ապագայի անորոշությունից: 10 տարվա ընթացքում մեր կյանքի եւ ոչ մի ասպարեզում առաջընթաց գրեթե չկա, ամենուրեք փլուզումներ են տեղի ունենում: Հայրենիքը նաեւ տեր պիտի կանգնի իր քաղաքացիներին: Պետական կառույցը ի վերջո ինչո՞ւ է ստեղծվածՙ նա պիտի կարողանա կազմակերպել իր հասարակության ներքին կյանքը:

- Տարբեր երկրների ուսումնական հաստատությունների հետ կնքված պայմանագրերը հնարավորություն են տալիս ուսումը շարունակել արտերկրում: Բանասիրական ֆակուլտետի ուսանողներն ունե՞ն այդ հնարավորությունները:

- Ցավոք, բանասիրության ոլորտում այդ հնարավորությունները չկան: Լավ կլիներ, որ սփյուռքի հայագիտական կենտրոններում մեր ուսանողները կարողանային խորացնել իրենց մասնագիտությունը, արխիվային աշխատանքներ, ուսումնասիրություններ կատարեին: Անցած տարի Անկարայի համալսարանի հետ կնքվել է ուսանողների փոխանակության պայմանագիր: Սակայն վերջին ժամանակներում հայ-թուրքական հարաբերությունների վատացման պատճառով կասկածելի է դառնում պայմանագրի իրականացումը:

Հայաստանում օտարերկրյա դեսպանատները մեծ աշխատանքներ են կատարում իրենց երկրի մշակույթը մեզ մոտ տարածելու ուղղությամբ: Արտերկրի մեր դեսպանատները նախանձախնդիր չեն այս հարցում, դրսում նրանք մեր լեզվի, մշակույթի պրոպագանդողները պիտի լինեն:

- Գործում ենք պետական համատարած «անտարբերության» դաշտում: Ձեր նախաձեռնությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ կորուստներ ու ձեռքբերումներ ունեք:

- Բանասիրության ասպարեզում եւ մեր ֆակուլտետի համար մեծ ծառայություններ մատուցած դասախոսների հիշատակի հավերժացման, նրանց տրադիցիաների շարունակման ավանդույնթների նպատակով ստեղծել ենք Գուրգեն Սեւակի, Էդուարդ Աղայանի անվ. լսարանները, Էդվարդ Ջրբաշյանի անվ. կաբինետը: Նախատեսվում են Լեւոն Ներսիսյանի եւ Թեքեյան մշակութային միության միջոցներով Վահան Թեքեյանի անվ. լսարանների ստեղծումը: Չնայած քիչ տպաքանակով եւ մամուլով, բայց շարունակում են լույս տեսնել լեզվաբանական, գրականագիտական աշխատություններՙ Ռ. Ղազարյանի, Հր. Թամրազյանի, Ալ. Մարգարյանի եւ այլն:

Ֆակուլտետում բազմաթիվ միջոցառումներ են կատարվում: Նշել ենք Ջահուկյանի 80- ամյակը, անվանի գրողների հոբելյանները (Ռ. Սեւակ-115, Շիրազ-85, Իսահակյան-125), 1915 թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտական նստաշրջան ենք անցկացրել, վերականգնել ենք շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ավանդույթը Չարենցի կամարում, ինչպես նաեւՙ «Տոհմիկ» երգչախումբը, կատարել ենք ծառատունկ (500 ծառ) Գորիս-Լաչին մայրուղու երկայնքով: Ունեցել ենք հյուրեր դրսից, որոնք բաց դասեր են անցկացրելՙ Իսրայելից հայագետ Մայքլ Սթոունը, Բեյրութից գրող, հրապարակախոս Պողոս Սնապյանը, Սան Պաուլոյի համալսարանի հայագիտական կենտրոնի տնօրեն Սոսի Ամիրալյանը: Առաջին անգամ ստեղծել ենք հունարեն լեզվի խումբ: Մշակույթով, պատմությամբ լինելով մերձ ժողովուրդներՙ հունարենի մասնագետներ չունենք: Պաշտպանվել են գիտական ատենախոսություններ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4