Լ. Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին
Մեր թերթի երեկվա համարում ֆրանսիական «Էքսպրես» շաբաթաթերթից թարգմանաբար արտատպած ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հարցազրույցը լայն հետաքրքրություն առաջացրեց թե՚ քաղաքական եւ թե՚ ընթերցողական շրջանակներում: Բնականաբար: Մեր խոսքաշատ առօրյայում հանրապետության նախկին նախագահի հետեւողական լռության յուրաքանչյուր խզում պիտի՚ առաջացներ նման հետաքրքրություն, նույնիսկ, եթե ֆրանսիացի լրագրողի հետ նրա հարցազրույցը կամ զրույցը նախատեսված էր այլ լսարանի համար:
Կարծում եմ, հենց վերջին հանգամանքն էլ հանրապետության առաջին նախագահին պետք է մղեր իր գաղափարներն արտահայտելիս լինելու շատ ավելի զուսպ եւ շրջահայաց: Ավա՜ղ, սակայն, Լ. Տեր- Պետրոսյանն այս անգամ էլ չէր կարողացել զսպել ժխտողականության, փաստերն ու երեւույթներն իր մտատիպարին հարմարեցնելու, գույները թանձրացնելու եւ պրագմատիզմի քողի տակ սեփական երկրի մասին մութ պատկեր ստեղծելու իր հին մարմաջը:
«Քաղաքական իրավիճակը շատ վտանգավոր է», սկսում է իր զրույցը նախկին նախագահն ու անցնում առաջՙ ցույց տալու, թե Հայաստանում իրավիճակը որքա՜ն է վտանգավոր, շա՚տ վտանգավոր: «Անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ավելի շատ սուբյեկտիվ, քան օբյեկտիվ պատճառներ ունեն», ասում է նա: Եվ խոսքը ոչ թե նախարարների, այլ վարչապետների՚ փոփոխությունների մասին է, քանի որ քիչ հետո բացատրում է. «Կարելի է չորս, անգամ տասը վարչապետ փոխել, բայց դա չի կարող Հայաստանը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից»: Ուրեմն, ըստ նախկին նախագահի, սուբյեկտիվ պատճառներ ուներ 1998 թ. նախագահական ընտրություններից հետո տեխնոկրատ Արմեն Դարբինյանի վարչապետ նշանակումը, կամ 1999 թ. խորհրդարանական ընտրություններում հաղթական Վազգեն Սարգսյանին վարչապետ նշանակելը, կամ վերջինիս ողբերգական սպանությունից հետո նրա եղբորըՙ Արամ Սարգսյանին նույն պաշտոնում նշանակելը, ինչը, անուրանալի է, մեծապես նպաստեց Հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված լարվածության թուլացմանը, կամ ավելի ուշՙ խորհրդարանական մեծամասնության լիդերիՙ Անդրանիկ Մարգարյանի նշանակումը կառավարության պետի պաշտոնում: Այդ նշանակումներից առնվազն երկուսը «աուտենտիկ» կերպով համապատասխանում են դասականորեն ժողովրդավարական երկրների կանոններին: Իսկ մյուս երկուսըՙ Ա. Դարբինյանի եւ Արամ Սարգսյանի նշանակումը, կատարվել են ներքաղաքական պայմանների անհրաժեշտ թելադրանքով: Հետեւաբար, իսկական սուբյեկտիվիզմ է այդ նշանակումներին սուբյեկտիվ պատճառներ վերագրելը:
«Ես գիտեմ մեր բանակը եւ ճանաչում եմ նրա հրամանատարներին, ասում է Լ. Տեր- Պետրոսյանը: Նրանք խելամիտ մարդիկ են եւ ըստ էության ավելի խաղաղասեր, քան իշխանություններն իրենք»: Երեւի ոչ ոքի չէր հաջողվել նման ձեւով հաչս օտարներինՙ սեփական երկրի ղեկավարությանը վարկաբեկելու փորձ անել, որքան Լ. Տեր- Պետրոսյանին: Ստացվում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարներն արնախում գազաններ են, ռազմատենչ եւ վտանգավոր, քանի որ, ըստ Լ. Տեր- Պետրոսյանի, նրանք նաեւ «մաքսիմալիստ» են, այսինքն թվարկված բոլոր մեղքերի վրա նաեւ ունեն աշխարհակալական նկրտումներ...
Արի, նման երկրում ներդրում կատարի, ֆրանսիացի գործարար:
Մարդկայնորեն հասկանալի պիտի լիներ մեր ազգային բանակի հրամանատարներին շողոքորթելու նախկին գլխավոր հրամանատարի ձգտումը, եթե հիմնված չլիներ կարճ հիշողության վրա: Հրաժեշտի իր հայտնի ճառում, Վ. Սարգսյանի, Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի հետ նաեւ նրանցՙ բանակի հրամանատարությանը նկատի ուներ Լ. Տեր- Պետրոսյանը, երբ թույլ էր տալիս «ձեզ հայտնի ուժեր» արտահայտությունը: Ուրեմն, ստացվում է դարձյալ, վերջիններս խելամիտ էին, երբ առաջին նախագահին ստիպում էին հրաժարական տալ:
Այս պարագայում հետաքրքրական պիտի լիներ իմանալ, թե ի՞նչ է Լ. Տեր- Պետրոսյանի կարծիքը երկրապահ զորահրամանատարների մասին, որոնք Հոկտեմբերի 27-ից հետո, արդեն 1,5 տարի, աղմկում են հրապարակներում, առանց իմանալու, թե ինչո՚ւ, առանց հասկանալու, թե ինչպես:
Լ. Տեր- Պետրոսյանն այս անգամ էլ առիթը բաց չի թողել Թուրքիայի հետ համագործակցելու մասին իր հին երգը երգելու, երգ, որ իր զինակիցներն ու իրեն սպասարկող մամուլը շարունակում են հնչեցնել միալար, հարցնող լինիՙ ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը Թուրքիայի հետ, մանավանդ ձեր իշխանության 6- 7 տարիների ընթացքում կուտակված պատմական ձախողված փորձից հետո, որի ընթացքում առնվազն մեկ անգամ այդ երկրի նախագահներից մեկը Մ. Նահանգներից արտոնություն էր խնդրում «մի քանի ռումբ գցելու» Հայաստանի վրա, իսկ մեկ այլ նախագահ առնվազն երկու անգամ Հայաստանը հայտարարում էր «անիծյալ սեպ»: «Համագործակցություն» լոզունգը գեթ մեկ անգամ դրեք մի կողմ եւ թղթի վրա կետ առ կետ բացատրեք «մաքսիմալիստներիս», թե ինչպե՞ս եք պատկերացնում «համագործակցությունը» ա՚յս Թուրքիայի հետ: Լեռնային Ղարաբաղից հրաժարվելո՞վ, Ցեղասպանությունը ուրանալո՞վ, ՆԱՏՕ-ի ուժերին Հայաստան հրավիրելո՞վ, ռուսներին վռնդելո՞վ, Իրանին մեկուսացնելո՞վ, թե՞ թուրքական ինֆլյացիան Հայաստանում տարածելով:
«1998 թ. կարող էինք հասնել փոխզիջման ավելի լավ պայմանների, քան այսօր», ասում է Լ. Տեր- Պետրոսյանը: Այժմ, երբ ոչ-էքսպերտներիս էլ մատչելի է Ղարաբաղի հակամարտության կարգավորման «փուլային» ծրագիրը, վստահ եւ միանշանակ կարող ենք ասելՙ ո՚չ, այդ տարբերակը մեզ ներքաշելու էր առնվազն 100 ամյա պատերազմի մեջ, յուրաքանչյուր փուլից հետո ծագող նոր հարցականներով եւ, հետեւաբար, նորանոր ճակատամարտերով հղի:
Կոկորդիլոսի արցունքներով է Լ. Տեր- Պետրոսյանն ավաղում կուսակցությունների վարկաբեկված լինելու եւ լրատվամիջոցների թույլ եւ կախյալ լինելու մասին: Ֆրանսիական լսարանին գուցե հայտնի չէ, չի՚ հետաքրքրում, այն խոշո՜ր վաստակը, որ ունեցել է Լ. Տեր- Պետրոսյանը կուսակցությունների վարկաբեկման եւ լրատվամիջոցների թուլացման գործում: Թեեւ, շեշտել է պետք, այդ բանը նրան ամբողջությամբ չի հաջողվել, բացի ՀՀՇ-ից: Իսկ ինչ վերաբերում է «իշխանությունների քարոզչությանը հակազդող» «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերին եւ «Ա1+» հեռուստակայանին, Լ. Տեր- Պետրոսյանը բոլորովին ճիշտ չէ. այս վերջինները «անկախ» չլինելով հանդերձ, հաջողությամբ են կռիվ տալիս իշխանությունների դեմ: Եվ բարեբախտություն է ու բոլորիս նվաճումը, որ նախագահ Ռ. Քոչարյանն այս հարցում նույնպես չի հետեւում իր նախորդի մեթոդոլոգիային...
Իր հարցազրույցում, պատասխանելով ֆրանսիացի թղթակցի հարցին, թե իրեն «հաջորդած Ռ. Քոչարյանն ավելի ռեալի՞ստ է այսօր», Լ. Տեր- Պետրոսյանն ասում է. «Այս իմաստով նրա մոտ որեւէ փոփոխություն չեմ տեսնում»: Մտային կուրության համար չենք կարող մեղադրել նախկին նախագահին, սակայն ոգու կուրության եւ ոխակալության համար պե՚տք է մեղադրել նրան:
Իրոք, հենց ա՚յս իմաստով նրա մոտ որեւէ փոփոխություն չենք տեսնում:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ