«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2001-03-01 | #39, 2001-03-02 | #40, 2001-03-03


ԼԵՎՈՆ ՍԱՅԱՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՄՊՐԵՍԱՐԻՈՆ

Երբ 1997 թ. սեպտեմբերի 11-ին Ելիսեյան պալատում նախագահ Ժակ Շիրակը Ֆրանսիայի բարձրագույն պարգեւըՙ Պատվո լեգեոնի շքանշանն էր հանձնում Լեւոն Սայանին, վերջինս (իր իսկ խոստովանությամբ) վերհիշում էր Մեծ եղեռնից հազիվ փրկված եւ 1922 թ. Մարսելում ապաստան գտած սեբաստացի ծնողներին:

Լեւոն Սայանը պատմում է, որ սկզբում փորձել է հոր նման մսագործ աշխատել, բայց չի սիրել այդ զբաղմունքը: Հնդկաչինի պատերազմի ժամանակ ուզում էր պարաշյուտիստ դառնալ, բայց շուտ զորացրվեց եւ որոշեց բախտը փորձել ԱՄՆ-ում, ուր տեղափոխվեց 1956 թ.: Այնտեղ կատարեց ամեն տեսակ աշխատանքներ: Սկզբում աշխատում էր ռադիոգործարանումՙ շաբաթական 34 դոլարով: Հետո անգլերեն սովորեց եւ դարձավ տաքսու վարորդ: Նյու Յորքը լավ գիտեր, քանի որ այնտեղ ցրիչ էր եղել: Այնուհետեւ աշխատեց տպարանում, հացի գործարանում: Միաժամանակ վարսավիրություն էր սովորում եւ Նյու Յորքում մի անգամ նույնիսկ վարսավիրների միության նախագահ ընտրվեց:

Լեւոն Սայանը խոստովանում է, որ չնայած այս բազմազանությանը, ինքը մշտապես երազել է միայն երգելու մասին: Քույրը հաճախ էր խոսում Շառլ Ազնավուրի մասին, նամակներում գրում էր, որ ինքն ու մայրը Շառլին տեսնելիս Լեւոնին են հիշումՙ ոչ միայն հայկական ծագման, այլեւ արտաքին որոշ նմանության պատճառով: 1963 թ. Նյու Յորքում Ազնավուրի համերգը նրանց ծանոթության սկիզբը դարձավ: Հետագա համերգային շրջագայություններից մեկի ժամանակՙ 1965 թ. Ազնավուրը Սայանին առաջարկեց դառնալ իր ելույթների բեմադրիչը եւ սկզբնական շրջանում խորհուրդներով օգնում էր տիրապետելու այդ գործին: ԱՄՆ-ում, Կանադայում եւ Փարիզում կայացած ելույթներից հետո Ազնավուրը նրան առաջարկեց Ֆրանսիա տեղափոխվել կանոնավոր համագործակցության համար: Սայանը սկսեց զբաղվել Ազնավուրի նաեւ համերգների ու շրջագայությունների կազմակերպման գործերով:

Էքս ան Պրովանսում ծնված Սայանը մանկուց սիրում էր օպերան: 1971 թ. նա ծանոթացավ իր կուռքիՙ աշխարհահռչակ տենոր Մարիո դել Մոնակոյի հետ, որի մենահամերգը կազմակերպեց 1972 թ. Փարիզի «Փլեյել» համերգասրահում: 1979 թ., երբ Մարիո դել Մոնակոն թողեց բեմը, Սայանը դարձավ Պլասիդո Դոմինգոյի մենեջերը: Աշխատել է նաեւ Ռոբերտո Ալանյայի, Անջելա Գեորգիուի, Լայզա Մինելիի, Ֆրենկ Սինատրայի, Սեմի Դեւիս կրտսերի եւ այլ նշանավոր երգիչ-երգչուհիների հետ:

1988 թ. դեկտեմբերի 7-ին Նյու Յորք վերադառնալիս Լեւոն Սայանը լուր ստացավ Հայաստանում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի մասին: Նա Շառլ Ազնավուրին առաջարկեց կազմակերպություն հիմնել Հայաստանին օգնելու համար: Դիմեցին նաեւ մի քանի ընկեր-բարեկամների: Շուտով սկսվեց ծանրոցների առաքումը Հայաստան: Ինչ վերաբերում է «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը, բազմաթիվ հանրահայտ երգիչներ մասնակցեցին դրա ստեղծմանը: Հայտնի կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը տեսահոլովակ նկարահանեց: Վաճառվեց գրեթե 2 մլն ձայնապնակ: Սայանը նշում էր, որ վերջին տարիներին «Ազնավուրըՙ Հայաստանին» կազմակերպությանն օժանդակել են տարբեր միություններ, իսկ այժմ օգնում է Համաշխարհային բանկը:

«Նա Ֆրանսիայում դարձել է միակ միջազգային իմպրեսարիոն: Լեւոնը վիթխարի աշխատանք է կատարում: Ըստ երեւույթին նա ծնվել է այդ զբաղմունքի համար: Լեւոնը ոչ միայն միակ հայ իմպրեսարիոն է, այլեւ աշխարհում այդ ասպարեզում ճանաչված միակ ֆրանսիացին: Երբ նա զբաղվում է որեւէ արվեստագետով, գլխովին նվիրվում է գործին», Լեւոն Սայանի մասին ասում է Շառլ Ազնավուրը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4