Մարտի 2-ին Շնողում գազատարի բացման արարողություն էր: Գյուղը, որն ունի 830 տնտեսություն, նախկինում ունեցել է գազից օգտվող շուրջ 250 բաժանորդ: Այսօր մոտ 3 կմ երկարությամբ շարքից դուրս եկած գազատար խողովակները փոխարինվել են նորերով, «Լոռի սանտեխնիկ» ՍՊԸ-ի կողմից (տնօրենՙ Վաղարշակ Ափինյան) կատարվել է ավելի քան 10 մլն դրամի աշխատանք, եւ հնարավորություն է ստեղծվել գյուղի բոլոր բնակիչների համարՙ օգտվել գազամատակարարումից, որն ընդհատվել էր 10 տարի առաջ: Բաժանորդների թիվը հետզհետե ավելանում է: Այդ օրը գազից օգտվում էին արդեն 15 ընտանիք. համապատասխան վճարումներ կատարելուց հետո գազ կունենան նաեւ մյուս բնակիչները:
«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Ադոնցը, փոխտնօրեն Ռոբերտ Ասատրյանը Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի, մարզպետարանի տրանսպորտի եւ տնտեսության ենթաճյուղերի վարչության պետ Վարդան Գեւորգյանի, «Լոռիգազ» ԳԳՄ մասնաճյուղի պետ Վարդան Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Շնող եւ ծանոթացան կատարված աշխատանքներին:
Ռ. Ադոնցը մասնավորապես ասաց. «Որպես կանխավճար մուծած գումարները կներդրվեն մյուս բնակավայրերի գազիֆիկացման համար: Եվ ես վստահ եմ, որ լոռեցիները պարտաճանաչ կկատարեն մուծումները, քանի որ բարեհամբույր ու մարդասեր ժողովուրդ են»: Պարոն Ադոնցը եւ մարզպետ Հ. Քոչինյանը հատկապես շեշտեցին «Լոռիգազ» ԳԳՄ մասնաճյուղի պետ Վարդան Բաղդասարյանի ջանքերն ու ներդրումը:
Մարզը նախկինում ունեցել է 25 հազար գազասպառող, այսօր սպառողների թիվն արդեն 12 հազար է եւ աստիճանաբար ավելանում է: Հուսանք, որ շուտով նրանց կմիանան նաեւ Վանաձորի բազմաբնակարան շենքերի բնակիչները:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ