Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո թուրքերը երկու շաբաթ բողոքի ցույցեր էին անում ֆրանսիական ներկայացուցչությունների առջեւ, պատժամիջոցների սպառնալիքներ էին հնչեցնում ամենաբարձր մակարդակով: Այդ դեպքերից հինգ շաբաթ անց Փարիզի «Էքսպրես» ազդեցիկ շաբաթահանդեսը կրկին անդրադարձել է այդ սպառնալիքներին եւ Թուրքիայում տիրող ներկա կացությանը:
Ճիշտ է, ֆրանսիական «Ալկատել» ընկերության հետ ընկերության թուրքական լրտես արբանյակի կառուցման ծրագիրը չեղյալ է հայտարարվել: «Թալես» (նախկին «Թոմսոն»), «Ժիատ» եւ «Ռենո» ֆիրմաները չեն մասնակցի թուրքական «F-16» ռազմօդանավերի վերահանդերձավորմանը եւ նոր տանկերի արտադրության կազմակերպմանը: Չեղյալ է հայտարարվել նաեւ Իզմիթի ծոցում կամրջի կառուցման նախագիծը: Այս կապակցությամբ շաբաթահանդեսը նշում է, որ վիճելի բոլոր նախագծերը հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել ֆրանս-թուրքական հարաբերությունների լարվածության վկայակոչմամբ:
Իրականում 6-12 ամիս հետո միայն պարզ կդառնա, թե թուրքերի պատժամիջոցներն արդյոք վնասո՞ւմ են Ֆրանսիային, որը խոշորագույն ներդնողն է Թուրքիայում եւ այդ երկրի երրորդ խոշոր մատակարարն է: Առայժմ հավաստի է լոկ այն, որ հենց Թուրքիայում է ֆինանսական ու տնտեսական ճգնաժամ սկսվել հանրապետության նախագահի եւ վարչապետի հակամարտության պատճառով: Ճգնաժամն այժմ երկրորդ պլան է մղել ֆրանս-թուրքական վեճերը:
Թուրքական «Միլիեթ» թերթը զայրույթով էր արձագանքել ֆրանսիացիների ընդունած «նենգ օրենքին»ՙ առաջին էջում խոշոր վերտառությամբ զետեղելով «Մնաս բարով, Ֆրանսիա» հոդվածը: Օրաթերթի գլխավոր մեկնաբան Օքթայ Էքսին «Էքսպրեսի» թղթակցին սրտնեղած ասաց. «Անցյալում որեւէ երկրի խորհրդարան արդյոք դատապարտե՞լ է Ֆրանսիային: Մինչդեռ Թուրքիան առաջին անգամ աշխարհին ներկայացվում է որպես ոճրագործ»: Սակայն օսմանյան կայսրությունում 1915 թ. հայերի դեմ գործված ոճիրը Ֆրանսիայից առաջ դատապարտել են Հունաստանը, Բելգիան, Ռուսաստանը, Մասաչուսեթսի նահանգը (ԱՄՆ), Եվրախորհրդարանը: Ուրեմն ո՞րն է զայրույթի պատճառը: «Ֆրանսիան մեր թշնամին չէր, բայց հիմա այն զգացումն ունենք, թե մեզ դավաճանել են», պարզաբանում է Օքթայ Էքսին:
«Իհարկե, թուրքերին լավ հայտնի է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցում Ֆրանսիան Թուրքիայի լավագույն բարեկամն է: Ճիշտ է, թուրքական բանակի որոշ պաշտոնյաներ ուզում են թուլացնել երկրի կախումը դաշնակից ԱՄՆ-ից: Ճիշտ է նաեւ այն, որ վերնախավի զգալի մասի համար ֆրանսիական մոդելը շարունակում է մարմնավորել քաղաքակրթության գաղափարը: Բայց Ֆրանսիայի խորհրդարանի քվեարկությունը սասանեց ֆրանսիացիների մի մասի հավատը, մասնավորապես խիստ ազդեցիկ բանակում», շարունակում է փարիզյան շաբաթահանդեսը:
Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Իլթեր Թուրքմենը նշում է, որ թուրքերից շատերը Ֆրանսիայի ԱԺ ընդունած օրենքը համարում են Եվրոպա Թուրքիայի մուտքն արգելելու մի նոր միջոց: Վերջինս կարող է ուժեղացնել եվրոպատյացների ճամբարը, որոնք վախենում են Սեւրի դաշնագրի վերակենդանացումից: Այս իրավիճակում ամրապնդվում է գերազգայնական քաղաքական վերնախավի եւ զինվորականների իշխանությունը:
Թուրքերի սրտնեղության ու զայրույթի գլխավոր պատճառն այն է, որ նրանք առաջվա պես չեն կարողանում սթափորեն նայել իրենց անցյալին: Գալաթասայի ֆրանսիական համալսարանի եւ Փարիզի 1-ին համալսարանի տնտեսագիտության դասախոս Ահմեդ Ինսելը սակավաթիվ զգաստամիտ թուրք մտավորականներից մեկն է: «Թուրքական հասարակությունն ստեղծվել է սեփական պատմության մոռացման տարբերակով: Պատկերացրեք, թե այսօրվա Ֆրանսիայում պաշտոնական գաղափարախոսությունը ժխտում է Դրեյֆուսի գործի եւ անցյալում հրեատյացության գոյությունը: Պատկերացրեք նաեւ, թե 1970-ական թթ. Կալիֆոռնիայում ֆրանսիացի հյուպատոս է սպանվում մի հրեայի կողմից: Եվ հանկարծ ֆրանսիական հասարակությունը բիրտ ձեւով բացահայտում է քողարկված ճշմարտությունը: Տվյալ դեպքում կհաղթի ժխտման ռեֆլեքսը: Մեր գլուխները լցրել են այնպիսի պատմություններով, որոնց համաձայն հայերն են թուրքերին տեղահանել եւ բռնություններ գործադրել: Հայերի տառապանքների վերհուշի արտահայտիչը միայն սփյուռքն է: Պատահական չէ, որ նման բացահայտումը հեշտությամբ նույնացվում է օտար երկրի նախահարձակման հետ», պարզաբանում է Ինսելը: Նա մտադիր է թարգմանել եւ իր «Բիրիքիմ» հանդեսում հրապարակել Ալժիրի պատերազմին վերաբերող ֆրանսիական աղբյուրներ, որպեսզի ապացուցի, որ հասարակությունը կարող է վերանայել իր քողարկված անցյալը:
Պ. Ք.