Ռուսաստանի OPT հեռուստատեսությամբ տրված շոուներից մեկի ժամանակ ցուցադրվեցին մոդելագործ Քրիստինե Հակոբյանի աշխատանքները: Ուշադրություն էր գրավում այն հանգամանքը, որ այսպես ասած ավանգարդիստական ոճով արված զգեստների մեջ աչքի էին զարնում ընդգծված հայկական երանգները:
Ինքնին այն փաստը, որ Ռուսաստանի առաջատար հեռուստատեսությամբ ներկայացվում է երիտասարդ հայուհու հավաքածուն, արդեն մեծ նվաճում է. այդ ասպարեզի ներքին խոհանոցին քիչ թե շատ ծանոթ մարդը լավ գիտի երեւույթի նշանակությունը: Առավել եւս, երբ պարզվում է, որ Հակոբյանի «թիկունքին» ոչ ոք կանգնած չէ, ինքն էլ «սովորական» ընտանիքից է, հայրը փաստաբան է, մայրըՙ ասեղնագործ (ի դեպ, Հայաստանում նշանավոր դարձած Դաբաղյանների տոհմից): Նաեւ առինքնում է, որ Քրիստինեն, ծնված ու մեծացած լինելով Կիսլովոդսկում, Հայաստանում եղել է սոսկ մասնավոր այցելություններով:
- Ստավրոպոլի մոդելագործության ուսումնարանն ավարտելուց հետո կատարելագործվել եմ Մոսկվայումՙ Սլավա Զայցեւի մոտ, ասում է Քրիստինեն: Մայրս ինձ միշտ խորհուրդ էր տալիս իմ ստեղծած զգեստների մեջ օգտագործել հայկական մոտիվներ, որոնք կոլորիտ հաղորդելով աշխատանքներին, դրանք կդարձնեն ինքնատիպ, ոչ ստանդարտ:
Քրիստինեն հասկանում է, որ դա դյուրին խնդիր չէ. ավանգարդն ու հայկականը զուգորդելը մեծ զգուշություն է պահանջումՙ նյութի իմացություն եւ համատեղման նուրբ զգացողություն: Նա լրջորեն ուսումնասիրում է հայկական տարազները, զգեստները, մանրանկարները եւ այլն: Այդ գործում նրան քաջալերում եւ անհրաժեշտ գրականությամբ ապահովում է հայ եկեղեցու տեղի թեմի առաջնորդ տեր Սարգիսը:
Քրիստինեն արդեն մասնակցել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում կազմակերպված նորաձեւության ցուցադրումներին: Նվիրական իղձ ունիՙ ներկայացնել իր աշխատանքները նախնյաց երկրում: Իսկ մինչ այդ պետք է այցելել Երեւան ու շրջագայել թանգարաններում:
Չի բացառվում, որ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելու տոնակատարության օրերին նա երեւանցիներին մատուցի հայկական տարազների իր անդրանիկ հավաքածուն:
Հաջողություն մաղթենք Քրիստինեին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Հ. Գ. Մի դիտարկում. վերջին տարիների բեկումնային իրադարձություններից հետո Ռուսաստանի տարբեր վայրերում հանգրվանած հայաստանցի հայերը, որքան էլ վհատված, իրենց հետ բերում են նաեւ հայկական շունչը: Նրանք տեղի հայերի մեջ արթնացնում են այն ազգայինը, որը մթագնել էր կոմունիստական տասնամյակների ընթացքում: Քրիստինե Հակոբյանը դրա վկայությունն է. նրա շրջապատում շատ են հայաստանցիները: