«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2001-04-03 | #61, 2001-04-04 | #62, 2001-04-05


Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. «ՄՂՈՆՆԵՐ ՉԵՄ ԿՏՐԵԼ ՊՐՈՊԱԳԱՆԴԱ ԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԴԱՍ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

<20016203.jpg>

Դատելով Հ. Ալիեւի ելույթիցՙ ԼՂ հարցի վերջնական կարգավորման համար տարիներ են անհրաժեշտ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ապրիլի 3-ին Ֆլորիդա նահանգի Քի Վեսթ քաղաքի Հարրի Ս. Թրումենի փոքրիկ սպիտակ տանը ԱՄՆ պետքարտուղար Փաուելն առանձին_առանձին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներիՙ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ն. Գրիբկովի, Ք. Քավանոյի եւ Ժ. Ժ. Գայարդի մասնակցությամբ հանդիպումներ է ունեցել նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի հետ, որոնց ավարտին ԱՄՆ պետքարտուղարը, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Եթե Փաուելն ու Քոչարյանը խոսել են 1_2 րոպե, ապա Ալիեւըՙ կես ժամից ավելի: Ադրբեջանի նախագահը ներկաներին պատմել է «հայ-ադրբեջանական հակամարտության», «հայկական ուժերի իրականացրած էթնիկ զտումների», Խոջալուի, ԵԱՀԿ գագաթաժողովների, «մեկ միլիոն փախստականների», «քսան տոկոս տարածքների զավթման» եւ շատ այլ բաների մասին, որոնք ուղղակի առնչություն չունեն ներկա բանակցությունների հետ: Նախագահ Քոչարյանի ելույթը եղել է կարճ, հստակ. «Ես վստահ եմ, որ այս սենյակում գտնվողները լավատեղյակ են ե՚ւ հակամարտության պատմությանը, ե՚ւ ներկա կարգավիճակին: Ֆլորիդա ժամանելով մղոններ չեմ կտրել պրոպագանդա անելու կամ համանախագահներին դաս տալու համար: Ո՚չ, ես այստեղ եմ եկել կառուցողական աշխատանք տանելու, որպեսզի գտնենք կարգավորումը»: Ապա Փաուելը մի նախադասությամբ եզրափակել է. «Շնորհակալություն շատ կարճ ելույթի համար», ինչը ենթադրել է տալիս, որ հերթական անգամ նախկին ՊԱԿ-ի աշխատակից եւ քաղբյուրոյի անդամ Ալիեւն իր ելույթով պարզապես ձանձրացրել է ունկնդիրներին:

Կրկին անդրադառնալով Ալիեւի ելույթին նշենք, որ նա շատ խիստ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հատկապես նրանց ներկայացրած վերջինՙ «ընդհանուր պետություն» բանաձեւը, որն Ադրբեջանի կողմից ընդունելու դեպքում, ըստ Ալիեւի, փաստորեն, «Լեռնային Ղարաբաղը ստանում է անկախություն»: Ընդհակառակը, ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի կարեւորությունը: Ըստ Փաուելի, համանախագահող երկրներն աշխատում են միասին եւ համաձայն են պաշտպանել հակամարտության լուծման այն տարբերակը, որն ընդունելի է կողմերի համար: Ադրբեջանի առաջնորդը քննադատել է նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որը «կոշտ եւ ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել»: Ի դեպ, դեռ մի քանի ամիս առաջ բրիտանական «Ֆայնենշլ թայմսը» գրել էր, թե 1999 թ. հոկտեմբերին Քոչարյանը ԼՂ կարգավորման շուրջ Ալիեւի հետ համաձայնության էր հասել, սակայն, հետագայում, Հայաստանի նախագահը հրաժարվել էր: Քի Վեսթում նույն բանը կրկնեց Ալիեւը:

Ապրիլի 3-ին Քի Վեսթում տված ասուլիսում ԱՄՆ պետքարտուղարը պատասխանելով հարցին, թե հույս կա՞, որ բանակցությունների արդյունքում կլինեն նոր առաջարկներ, ասել է. «Կարծում եմՙ կան մի շարք գաղափարներ: Որոշ գաղափարներ երկու նախագահներն արդեն քննարկել են համանախագահների, նախագահներ Շիրակի եւ Պուտինի հետ: Այնպես որ կան մի շարք գաղափարներ, որոնց մենք հետամուտ ենք, եւ ես կգերադասեի չորակավորել նոր առաջարկներ, հին առաջարկներ անուններով: Կան ընդհանուր տեսակետներ, կան տարաձայնություններ կողմերի միջեւ, եւ հետագա մի քանի օրերի ընթացքում մենք կքննարկենք դրանք»: Փաուելի այս պատասխանից ավելի են հիմնավոր դառնում փորձագետների այն տեսակետները, թե Քի Վեսթում հնարավոր է նոր առաջարկների հավանականությունը, միեւնույն ժամանակ նախորդ երեքը եւս շարունակում են մնալ օրակարգում:

ԱՄՆ պետքարտուղարին նաեւ այսպիսի հարց է ուղղվել. «Հնարավորություններ կա՞ն, որ բանակցությունների հաջողության դեպքում երկու նախագահները կժամանեն Վաշինգտոնՙ հանդիպելու նախագահ Բուշին»: Փաուելը պատասխանել է. «Կարծում եմ դեռ վաղ է նման ենթադրություն անել: Բանակցությունները լինելու են շատ, շատ դժվար: Նախագահ Բուշը բանակցություններին հետեւում է շատ, շատ ուշադրությամբ, եւ ես վստահ եմՙ եթե ապագայում առաջընթաց լինի, ԱՄՆ նախագահը կցանկանար հանդիպել երկու նախագահներին: Բայց ես չգիտեմՙ դա կլինի այս շաբաթ, թե ապագայում»:

Քի Վեսթի բանակցությունների նախօրեին փորձագետները նշում էին, որ եթե Ֆլորիդայից նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը մեկնեն Վաշինգտոնՙ հանդիպելու Ջ. Բուշին, ապա նշանակում է, որ երկու նախագահների հանդիպումներում ինչ-որ առաջընթաց նկատվել է: Հակառակ պարագայում կնշանակի, որ Քի Վեսթում գրանցվել է մոտավորապես այնպիսի առաջընթաց, ինչպես նախագահների նախորդ 15 հանդիպումներում: Իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը տեղեկացնում է, որ Ք. Փաուելը չի բացառել իր վերադարձը Քի Վեսթ, ինչը կարող է ընկալվել հաջողության նախանշան: Մեր կարծիքով, Փաուելի հնարավոր վերադարձը Քի Վեսթ կարող է նշանակել ոչ միայն առաջընթաց բանակցություններում, այլ նաեւ ընդհակառակըՙ բանակցությունները տապալվում են, եւ դրանք ձախողումից փրկելու համար է հենց ԱՄՆ պետքարտուղարը վերադառնում Հարրի Ս. Թրումենի փոքրիկ Սպիտակ տուն:

Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կտան քիվեսթյան բանակցություններըՙ կգրանցվի՞ «դիվանագիտական ճեղքում», թե՞ դրանք կտապալվեն, մեզ համար դրանք առայժմ փակ են, քանի որ բանակցությունները պահվում են խիստ գաղտնի: Մենք շարունակում ենք մնալ մեր այն պնդումին, որ բանակցությունները տապալվելու են, քանի որ Ալիեւը եւ ադրբեջանական կողմն ուզում են այն, ինչ ունեցել են մինչեւ 1988 թվականը, եւ Ադրբեջանի նախագահի ելույթը հենց դրան էր հանգում:

Ամերիկյան առաջատար թերթերը արդեն անդրադարձ են կատարել քիվեսթյան բանակցություններին: Եթե ընդհանուր առմամբ ներկայացնենք ամերիկյան ԶԼՄ_ների դիրքորոշումը, ապա կարող ենք փաստել. ԱՄՆ_ի շահերի համար Հարավային Կովկասը կենսական տարածաշրջան է, ԱՄՆ_ին հետաքրքրում է Կասպիցի էներգակիրները, միայն ԼՂ հարցի կարգավորման դեպքում է հնարավոր այս տարածաշրջանը դարձնել բարգավաճ եւ ծաղկուն: Թերեւս արժե մեջբերել «Նյու Յորք թայմսի» «Փաուելը Կովկասի առաջնորդների հետ սկսում է նոր բանակցություններ» վերնագրով հոդվածի հետեւյալ հատվածը. «Պրն Քոչարյանը շարունակ գիտակցում է, որ իր նախորդըՙ Լեւոն Տեր_Պետրոսյանը գահընկեց արվեց ԼՂ հարցում կոշտ գծի հետեւորդների կողմից 1998 թ. ադրբեջանցիների կողմից «փուլ առ փուլ» տարբերակին հավանություն տալու համար: Այդ տարբերակի դեպքում հայկական ուժերը դուրս էին բերվում Ադրբեջանի գրավյալ տարածքներից, եւ փախստականները հնարավորություն էին ստանում վերադառնալ տուն»: «Նյու Յորք թայմսը» հիշեցնում է նաեւ, որ Քոչարյանի համար դժվար է գնալ լուրջ փոխզիջումների, քանի որ նա եղել է ԼՂ առաջնորդը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4