Պարզապես ցեղասպանության հարցում գերմանաբնակ թուրք մտավորականների տեսակետները բախվեցին Թուրքիայի պաշտոնական տեսակետներին
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Մարտի 23_25-ին Գերմանիայի Մյուլհայմ քաղաքի ավետարանչական ակադեմիայի շենքում «Պատմության ծանր բեռը» ընդհանուր խորագրի տակ կազմակերպվեց հայ-թուրքական հերթական երկխոսությունը: Սա փարիզյան երկխոսությունից տարբերվում էր ժամանակացույցի, զեկուցումների բովանդակության, զեկուցողների կազմի, Գերմանիայում գործող թուրքական կազմակերպությունների եւ մամուլի բուռն հակազդեցության առումներով: Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական տեսակետների բախումը գերմանաբնակ թուրք մտավորականների տեսակետներին, դարձավ միջոցառման առանձնահատկությունը: Այդ առումով վերջիններիս աջակցեցին Մյուլհայմի ավետարանչական ակադեմիայի ներկայացուցիչ դոկտ. Վոլֆ Դիտեր Յուստը եւ Համբուրգի համալսարանի պրոֆ. Օտտո Լուխթերհանդտը, իսկ դա նրանց եւս դարձրեց թուրքական մամուլի հարձակումների թիրախ:
Միջոցառման բացման խոսքում դոկտ. Յուստը նշեց Հայոց ցեղասպանության մեջ արեւմտյան մեծ տերությունների մեղսակցության մասին, ընդգծելով, որ Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել, նրան գլխավոր մեղսակից ճանաչեց: Պրոֆ. Լուխթերհանդտը, որը ելույթ ունեցավ երկխոսության եզրափակիչ նիստում, ասաց. «Ինչպես ներկայիս Գերմանիան իրավաժառանգորդն է գերմանական կայսրության, այնպես էլ Օսմանյան կայսրության իրավաժառանգորդն է համարվում Թուրքիայի Հանրապետությունը: Ցեղասպանությունը կատարվել է: Դրա պատասխանատուն թուրքերն են: Քեմալիզմը ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ որեւէ առնչություն չունի: Ես պատրաստ եմ ետ վերցնել իմ խոսքերը, եթե որեւէ մեկն ապացուցի, որ դա այդպես չէ»:
Թուրքական «Հյուրիեթը» մարտի 26-ի համարում զայրույթով արձագանքելով պրոֆեսորի զեկուցմանը, տողերիս հեղինակին մեղադրեց Թուրքիայի դեմ աներեւակայելի հերյուրանքներ տարածելու մեջ: Ըստ «Հյուրիեթի»ՙ «հայկական պետությունը քայքայելու Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքի դիմելու եւ նրան շրջափակման ենթարկելու» Թուրքիայի հակահայկական քաղաքականության դրսեւորումների մասին մեր տեսակետները հերյուրանք էին: Թեեւ Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Ոսկանյանն ինձ «Հյուրիեթի» նման հերյուրանքի մեջ չմեղադրեց, բայց իմ զեկուցման առնչությամբ արտահայտեց իր բացասական կարծիքը:
Հայ-թուրքական երկխոսության պարագային կարեւորն, ինչ խոսք, Ոսկանյանի կարծիք չէ, այլ միջոցառմանը նրա մասնակցությունը: Ակնհայտ է, որ կողմերից մեկի դեսպանի բացակայությամբ, երբ մյուսինը մասնակցում է, ապա մասնակցողն ինքնաբերաբար կարեւորում է այդ երկխոսության նշանակությունն իր երկրի համար: Միջոցառմանը Թուրքիայի դեսպանը չէր մասնակցում: Մինչդեռ Ոսկանյանը ոչ միայն մասնակցեց, այլեւ երեք օր օթեւանեց այդ նույն շենքում, որտեղ 11 զեկուցողների հետ օթեւանում էին մի քանի տասնյակ ունկնդիրներՙ հրավիրվածի կարգավիճակով: Հաճախ մարդիկ հարցնում էին, թե ձեր դեսպանն այստեղ ի՞նչ է անում: Իմ ելույթից հետո պարզվեց, որ դեսպան Ոսկանյանն այդ օրերի ընթացքում պատրաստվում էր տերպետրոսյանական դիրքերից ինձ խելք սովորեցնել:
Մյուլհայմում հայ-թուրքական երկխոսություն որպես այդպիսին չկայացավ: Այլ կերպ չէր էլ կարող, որովհետեւ միջոցառմանը զեկուցողի կարգավիճակով հրավիրված էին ԱՄՆ-ից երեք մասնակից, երեքն էլ մեր հայրենակիցներն են, նույնքան Թուրքիայից, իսկ Հայաստանիցՙ ընդամենը մեկը: Այս ամենի վրա եթե գումարելու լինենք այն գերմանաբնակ երեք թուրք մտավորականներին, նաեւ միջոցառման կազմակերպիչներին, որոնց թվում էր Գերմանահայկական ընկերակցության նախագահ դոկտ. Րաֆֆի Քանդյանը, կարծում եմ պատկերն ամբողջական կդառնա:
Բայց, ինչպես ժողովուրդն է ասումՙ չկա չարիք առանց բարիքի: Թուրքական մամուլի, Թուրքիայից ղեկավարվող կազմակերպությունների հակազդեցության, ինչպես նաեւ ավետարանչական ակադեմիայի դիմաց կազմակերպված թուրքերի բողոքի ցույցի պայմաններում Հայոց ցեղասպանության հարցը լայն արձագանք գտավ ոչ միայն Գերմանիայում բնակվող թուրքահպատակների, այլեւՙ գերմանացիների շրջանում: Թաներ Աքչամին եւ տկն Էլչին Քյուրշաթ Ահլերցին հասցեագրված սպառնալիքները նպաստեցին դրա ծավալմանը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներկա փուլում վերոհիշյալ արձագանքը նկատելի տեղաշարժ է:
«Հյուրիեթը» միջոցառմանն անդրադառնալով «Երկխոսության ծուղակ» խորագրով, Հայոց ցեղասպանության հարցում հայկական թեզերը հիմնավորելու մեջ որպես գլխավոր դերակատար, սպառնալով մատնացույց արեց Աքչամին, ապա սկսեց հարձակումներ գործել Քյուրշաթի վրա: Հատկանշական է, որ եթե Աքչամն սպառնալիքի թիրախ էր դարձել «Թուրքիան ինչո՞ւ է լռում» խորագրով զեկուցման համար պահանջելով անհապաղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա տկն Քյուրշաթը հարձակման ենթարկվեց հետեւյալ խոսքերի համար. «Ցեղասպանությունը պետական հանցանք է: Նացիստները հրեաների հետ ինչ-որ կատարել են, ապա Անատոլիայում էլ հայերի հետ է կատարվել: Ակնհայտ է, որ թուրքական պետությունը ծրագրված ցեղասպանություն է իրագործել: Թուրքիան չի կարող խուսափել այդ մեղադրանքից»:
Թեեւ «Հյուրիեթը» շրջանցեց Ռըդվան Աքարին, սակայն ոչ պակաս տպավորիչ էր նրա զեկուցումը, նա անդրադարձավ ազգային փոքրամասնությունների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությանը, ցույց տվեց, որ դրա հիմքում ընկած են իթթիհատականների քաղաքականության հիմնադրույթները եւ դա առ այսօր անփոփոխ շարունակվում է գործադրվել երկրում բնակվող քրիստոնյաների, այդ թվում ոչ թուրք էթնիկ խմբավորումների դեմ:
Այսպիսի ելույթների ազդեցության տակ միանգամայն տրամաբանական է, որ ավետարանչական ակադեմիայի նիստերի դահլիճում ոչ թե հայ-թուրքական երկխոսություն ծավալվեր, այլ թուրքական պաշտոնական տեսակետները բախվեին Աքչամի, Քյուրշաթի, Աքարի, ինչու չէ, նաեւ Ադանըրի տեսակետներին: Այս բախումը փաստորեն ձախողեց միջոցառման ընթացքում Հայոց ցեղասպանության հարցը վիճարկման առարկա դարձնելու պրոֆ. Հալիլ Բերքթայի մտահղացումները: Դրա հետ սահմանափակվեցին նաեւ հայ-թուրքական երկխոսությունը Թուրքիայի մտավորականների հետ ամերիկահայ մեր հայրենակիցների երկխոսությամբ սահմանափակելու շահագրգիռ ուժերի հնարավորությունը:
Քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել իր հակահայկական դիրքորոշումից, Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել եւ չի դադարում երկխոսությունը ծառայեցնել ցեղասպանության բանաձեւերի չեզոքացման նպատակին, Հայաստանը չպետք է նրա հետ երկխոսության մեջ մտնի: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի մտավորականներին, ապա նրանք նախ պետք է ճշտեն երկխոսության օրակարգը, իսկ համաձայնության գալու դեպքում ջանք գործադրեն ապահովելու համար դրա ծավալումն իրենց նախաձեռնությամբ: Ի վերջո, Հայոց ցեղասպանությունը որպես պատմական ճշմարտություն ենթակա չէ վիճարկման, իսկ երկխոսության հետեւանքներն անխուսափելիորեն անդրադառնում են Հայաստանի եւ Թուրքիայի վրա: