«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2001-04-05 | #63, 2001-04-06 | #64, 2001-04-07


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՌԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԱՄԵՐԻԿԱ» ԶԲՈՍԱՆԱՎ

<20016403.jpg>

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Իրավ, չափազանց բարդ, ներկա պայմաններում գրեթե անհնար է գտնել ղարաբաղյան կարգավորման մի տարբերակ, որն ընդունելի եւ ոչ այնքան ցավալի լինի հակամարտության երեք կողմերի համար: Խնդիրն առավել բարդանում եւ խճճվում է նրանով, որ հնարավոր կարգավորումը պետք է նաեւ ինչ-որ կերպ համադրել միջազգային միջնորդների հավակնություններին, թեեւ նրանք հավաստիացնում են, թե կհամաձայնեն հակամարտության կողմերի համար ընդունելի ցանկացած տարբերակի:

Հաստատվել Լեռնային Ղարաբաղում, նշանակում է ազդեցություն ունենալ եւ վերահսկել ողջ հարավկովկասյան տարաշարջանը: Ահա թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից յուրաքանչյուրն առանձին-առանձին ցանկություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ չկորցնել կամ ամրապնդել իր երկրի դիրքերը մեր տարածաշրջանում:

Նախանձելի չի նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի վիճակը: Բացի այն, որ նրանք ուղղակի պարտադրված են բավարարել ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հավակնությունները, պետք է ցույց տան իրենց ժողովուրդներին, թե որքան ջանքեր են թափում եւ չեն ստորագրի ազգային շահերին հակասող որեւէ փաստաթուղթ, իսկ Ադրբեջանի 78-ամյա նախագահը Ղարաբաղի համար, իր խոսքերով, պատրաստ է մեկնել նույնիսկ Անտարկտիդա:

Սակայն այս օրերին Ալիեւը մերձարեւադարձային Ֆլորիդայում է, ինչպես իր հայաստանցի պաշտոնակից Քոչարյանը: Քի Վեսթում շարունակվող բանակցությունների երրորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակել են նախորդ օրվա «ֆորմատը». առավոտյան մի քանի ժամանոց հանդիպում Քոչարյանի, կեսօրից հետոՙ Ալիեւի հետ:

Ապա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «Ամերիկա» զբոսանավով վայելել են Ֆլորիդայի գեղեցկությունները: ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Ֆ. Ռիքերը նախագահների զբոսանքը համարել է շատ օգտակար, քանի որ «նպաստել է նախագահների միջեւ բնականոն անձնական հարաբերությունների հաստատմանը»:

Բանակցությունների խիստ գաղտնիությունը Քի Վեսթում գտնվող լրագրողներին մղում է տարբեր կանխատեսումների: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը գրում է, թե լուսանկարներից մեկում Հարավային Կովկասի քարտեզի վրա խոնարհված Ռ. Քոչարյանն ու ամերիկացի համանախագահ Ք. Քավանոն ենթադրաբար քննարկում են տարածքների փոխանակման ինչ-որ տարբերակ, որին դիվանագետները պատասխանել են, թե դա չի համապատասխանում իրականությանը, ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կողմերի տարաձայնություններն առայժմ խորն են:

Չափազանց ուշագրավ է «Gazeta SNG.ru» էլեկտրոնային թերթի «Աբխազական մտրակ ու մեղրաբլիթ կամ ամերիկյան սադրանք Քի Վեսթում» հոդվածը: Ըստ թերթի, ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով Ֆլորիդայի բանակցություններին մասնակցում է ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ ադըղեյցի ոմն Յահա Ղազանը, որն իրեն կոչում է «Աբխազիայի նախագահ Վլ. Արձինբայի բարձրաստիճան ներկայացուցիչը», եւ ամերիկացի դիվանագետների կողմից ներկայացվել է նախագահներ Ալիեւին ու Քոչարյանին: «Gazeta SNG.ru»-ն գրում է, թե Արձինբայի ներկայացուցչին ներգրավելով ղարաբաղյան բանակցությունների հոլովույթ, ԱՄՆ-ը կովկասյան աշխարհաքաղաքական դավադրություն-խաղի մեջ է ներքաշում Սուխումի եւ Թբիլիսիի ներկայացուցիչներին: Հոդվածում ենթադրություն է արվում, թե աբխազական սադրանքը կարող է խաղարկվել որպես մտրակՙ ուղղված Հայաստանի դեմ, եթե Երեւանը հրաժարվի ընդունել խաղի ամերիկյան կանոնները:

Քիվեսթյան բանակցությունների «աբխազական» երանգին է անդրադարձել նաեւ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» իր երեկվա համարում, սակայն այլ կտրվածքով. «Մասնավոր հյուրի կարգավիճակով Քի Վեսթում է գտնվում մեկը, որն իրեն համարում է ինքնահռչակ Աբխազիայի նախագահ Վլ. Արձինբայի ներկայացուցիչ: Չի բացառվում, որ միջնորդները փոքր-ինչ ընդլայնելով ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը (բնականաբարՙ ոչ պաշտոնապես), Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին որպես յուրահատուկ նվեր են առաջարկում աբխազական երկաթգծի ապաշրջափակումըՙ ապահովելով Աբխազիա-Վրաստան, ապա Թբիլիսի-Բաքու-Երեւան երկաթգծային հաղորդակցությունը: Այս նախագծի համար Սուխումին կարող է ստանալ 100 մլն դոլար: Դժվար թե Արձինբան տեղյակ լինի գործին: Պարզապես ԱՄՆ պետդեպարտամենտը «բաժանում» է Ալիեւին ու Քոչարյանին»:

Չի նշվում, թե Քի Վեսթ ժամանած ավելի քան 100 դիվանագետների շարքում ներկա՞ է պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչը:

Բանակցությունները լուսաբանող լրագրողները շրջանառության մեջ են դրել եւս մեկ ենթադրություն-վարկած, թե իբր Հ. Ալիեւի առաջին օրվա ելույթը, որը տեւեց կես ժամից ավելի եւ հիմնականում մեղադրանքներ էրՙ ուղղված Հայաստանին, հետեւանք է համանախագահներիՙ Քոչարյանին եւ Ալիեւին առաջարկած կարգավորման մի տարբերակի, որն իբր ադրբեջանանպաստ չէ: Ահա իբր թե այս պատճառով էր Ալիեւի ելույթն այդքան սուր: Զերծ մնալով որեւէ մեկնաբանությունից, միայն նշենք, որ Ալիեւը ցանկացած ֆորումի ժամանակ, ինչպես Ստրասբուրգում որը թեկուզ ինչ-որ կերպ առնչվում է ԼՂ հարցին, այլ բան չի ասում, ինչ ասաց Քի Վեսթում երեք օր առաջ:

Գանք գլխավորին: Բանակցություններում որեւէ առաջընթաց կա՞: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին պատասխանել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը. «Տվյալ պահին դժվար է ասել, թե մենք հաջողությամբ կթողնենք այս փոքր կղզին: Բայց առայժմ, մեր տեսանկյունից, հարցը դրական ուղղությամբ է ընթանում: Պետք է բոլորս հասկանանք, որ բանակցությունների ֆորմատը մի քիչ տարբեր է նախորդներից: Հակառակ նրա, որ երկու նախագահները գտնվում են նույն կղզում, բավականին մոտ են ապրում, բայց իրար հետ դեռ չեն հանդիպել, եւ չգիտենքՙ կհանդիպե՞ն, թե՞ ոչ: Ֆորմատն այնպիսին է, որ նախագահներն առանձին-առանձին հանդիպում են համանախագահողների հետ: Սա դիվանագիտության մեջ կոչվում է «մոտակայքում»:

«Մենք այս պահին չգիտենք, թե համանախագահների բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ինչպես են ընթանում: Մեզ ասում են, որ նորմալ է գնում, բայց կոնկրետ չգիտենք արդյունքների մասին:

Իհարկե, կան խնդիրներ, կան բարդություններ, որովհետեւ սա բարդ գործընթաց է, բայց ընդհանուր առմամբ, մեր մասով ընթացքը նորմալ է: Եվ եթե նման, ինչքան որ մերն է, դրական ընթացք լինի ադրբեջանական մասով, կարծում եմ, որ մինչեւ ուրբաթ երեկոյան կարող է ինչ-որ մի դրական տեղաշարժ լինել, որը նոր խթան կդառնա բանակցությունների հետագա շարունակման համար»:

Ավելի ուշ, ըստ «Ազատության», երկու նախագահները հանդիպել են «Ամերիկա» զբոսանավի վրա եւ սիրալիր կարճատեւ զրույց ունեցել:

Քի Վեսթի մոտակայքում շրջանառվում է ԼՂ կարգավորման եւս մեկ վարկած: Վերլուծաբանների համառ պնդումներով սեղանի վրա շարունակում են մնալ ԵԱՀԿ ՄԽ երեք առաջարկները, որոնցից եւ պետք է ծնվի չորրորդ առաջարկը, որը կպարունակի դետալներ փուլային եւ փաթեթային տարբերակներից: Այս տարբերակի փիլիսոփայությունը հետեւյալն է. հայկական կողմը վերադարձնում է ազատագրված վեց շրջանները, փախստականները վերադառնում են, որի դիմաց Ադրբեջանը Հայաստանի հետ քննարկում է ԼՂ կարգավիճակի խնդիրը:

Ապրիլի 6-ին, ինչպես հաղորդվել էր նախապես, Քի Վեսթում բանակցություններն ավարտվում են: Չի բացառվում, որ կկայանա Քոչարյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպումըՙ այս անգամ եռանախագահողների անմիջական մասնակցությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4