«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2001-04-05 | #63, 2001-04-06 | #64, 2001-04-07


ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ

Անդրանիկ Մանուկյանի հավաստմամբՙ առաջին անգամ 10 տարվա ընթացքում

Պետեկամուտների նախարարի մամուլի ասուլիսի առիթը 2001 թ. առաջին եռամսյակի բյուջեի մուտքերի կատարման վերաբերյալ «ստույգ ինֆորմացիա» հաղորդելն էր: Այդ ժամանակահատվածում նախատեսված է եղել որպես հարկային պարտավորություններ հավաքել 35 մլրդ 480 մլն դրամ, ինչը 8,5 մլրդ դրամով ավելի է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակի համար նախատեսվածը: Հնարավոր է եղել հավաքել 35 մլրդ 640 մլն դրամ: Այսինքնՙ ապահովվել են նախատեսվածից ավելի մուտքեր: Անդրանիկ Մանուկյանը սա համարեց բացառիկ երեւույթ, քանզի վերջին 10 տարիների ընթացքում առաջին եռամսյակի համար բյուջետային մուտքերը մշտապես թերակատարվել են: Նա հույս հայտնեց, որ նախարարությունը կշարունակի հետեւողական աշխատանքը, եւ տարեվերջին բյուջեն կկատարվի ու մի քիչ էլ կգերակատարվի: Հաղորդվեց նաեւ, որ ընդհանուր բյուջետային մուտքերը կազմել են 45 մլրդ դրամ: Ոչ հարկային եկամուտները կազմել են 4,9 մլրդ դրամ, «տարբեր գործառույթներից եկամուտները»ՙ 1 մլրդ դրամ եւ ստացված գրանտներըՙ 3,5 մլրդ դրամ: Նախատեսված է եղել 42 մլրդ դրամ, իսկ ստացվել է 3 մլրդ դրամ ավելի:

Պետեկամուտների նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, խնդրեց լուրջ չվերաբերել այն տվյալներին, որոնց համաձայն բյուջեն կատարվել է կանխավճարների շնորհիվ: Եթե որոշ գումարներ էլ, օրինակ, բենզին ներկրողների կողմից վճարվել են մինչեւ ապրանքի ներմուծումը, ապա դրանք մի քանի օրվա ընթացքում մարվել են: Սակայն դա կանխավճար չէ: Իսկ կանխավճարի մասին խոսակցությունները տարածում են նրանք, ովքեր չեն ցանկանում հարկեր վճարել: Եվ երբ պետեկամուտների նախարարությունը նրանցից պահանջում է հարկ վճարել, դա ներկայացվում է որպես կանխավճար պահանջելու դրսեւորում: Նախարարը վճռականություն հայտնեց շարունակելու ստվերային շրջանառության դեմ իր պայքարը: Նա առաջարկեց լրագրողներին հարցնել, թե ի՞նչ կարծիքի են ֆինանսական մուտքերի վերաբերյալ բյուջեից վճարվողների հոծ խավեր ունեցող սոցապ, կրթության եւ գիտության, առողջապահության, մշակույթի եւ սպորտի նախարարները, որոնք մշտապես բողոքում էին թերֆինանսավորումից: «Ազգի» այն հարցին, թե ինչպե՞ս է նախարարը պայքարելու ստվերային շրջանառության դեմ տոնավաճառներում, այն դեպքում, երբ խորհրդարանը կասեցրեց հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումն այստեղ, եւ որեւէ հաշվառում հնարավոր չէ կատարել, Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց, որ «այստեղ իրոք մեծ ստվերայնություն կա»: Նա նաեւ նշեց, որ ինքը դեմ է եղել խորհրդարանի որոշմանը, որը ընդունվել է միտինգների ճնշման տակ: Սակայն նախարարությունն ունի մեծ լիազորություններ, եւ դրանք գործի են դրվելու:

Հնարավոր համարո՞ւմ է նախարարը, որ մինչեւ տարեվերջ կարող է ազատվել աշխատանքիցՙ պատասխանեց, որ ինքն «այս պաշտոնից կառչած չէ»: Սակայն նախագահի վերջին այցելությանը նախարարություն եւ արած հայտարարությունը վկայում են, որ նման զարգացումը հավանական չէ:

Բնականաբար, նախարարին ուղղված հարցերի շարքում առանձնանում էին բենզինի, ծխախոտի եւ դեղերի հարկմանն առնչվող խնդիրները:

Բենզինի ներկրման մասին ասվեց, որ յուրաքանչյուր ամիս նախատեսված են 19 հզ. տոննայի ներմուծում եւ համապատասխանաբար 2,3 մլրդ դրամ մուտքեր: Մարտ ամսին բենզին չի ներկրվել ընդհանրապես: Իրանից վառելիքի ներմուծումն արգելվել է, քանզի դա ոչ թե բենզին է, այլ նավթավերամշակման գործարանների թափոնը: Դրա վաճառքը որպես բենզին Հայաստանում վնաս է հասցնում շրջակա միջավայրին եւ ավտոմեքենաներին: Իսկ թե ինչո՞ւ այդ հարցով չի զբաղվում այն մարմինը, որը դա պարտավոր է կատարելՙ «Հայպետստանդարտը», Անդրանիկ Մանուկյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել «Հայպետստանդարտին»ՙ անուղղակիորեն փաստելով վերջինիս անգործությունը:

Ծխախոտի վերաբերյալ բարձրացված խնդիրներից մեկը վերաբերում էր ներմուծվող ֆիլտրով եւ առանց ֆիլտրի ծխախոտների համար միատեսակ ակցիզային դրոշմանիշ ունենալուն: Նախարարը նշեց, որ այդ դրոշմանիշն արդեն տարբերակվելու է: Մաքսանենգ ներմուծվող ծխախոտի առկայությունը Անդրանիկ Մանուկյանը չժխտեց, սակայն զարմանք արտահայտեց «Գրանդ տոբակոյի»ՙ նախարարությանն ուղղված բողոքի առթիվ, նշելով, որ Հրանտ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել իրենՙ մաքսանենգության դեմ ծավալած արդյունավետ պայքարի համար:

Դեղորայքի թեման շատ ավելի ընդգրկուն էր: Պետեկամուտների նախարարը վերստին կրկնեց, որ դեղորայքի թանկացումը սաբոտաժ էր, քանզի ԱԱՀ կիրառելուց հետո թանկացավ ոչ թե 20 տոկոսով, այլՙ 40-50 եւ անգամ 100 տոկոսով:

Որպես ապացույց, որ դեղերը նախկինում ներմուծվել են կեղծ ինվոյսային (ապրանքագրային) արժեքներով, ներկայացվեցին նախարարության կողմից Կենտրոն եւ Շենգավիթ համայնքների դեղատներում անցկացված ուսումնասիրությունները: Նպատակն էր պարզել, թե ի՞նչ գնով են ձեռք բերվում դրանք եւ ի՞նչ գնով են վաճառվում: Պարզվել է, որ դեղերի նախկին ինվոյսային միջին արժեքը կազմել է 1,2 միավոր եւ վաճառվել է 3 միավորով: Իսկ առանձին դեղերից ստացվել է գերշահույթ մինչեւ 700 տոկոսի չափով, ինչը շուկայում տիրող մենաշնորհի հետեւանք է եղել:

Ներկայումս ներկրվող դեղերի վաճառքի գների վերաբերյալ արձանագրվել է, որ, օրինակ, միջմկանային ներարկման համար նախատեսված անալգինի լուծույթը ներկրվել է 43 դրամով, սակայն դեղատներին վաճառվել 450-500 դրամով: Նման օրինակները բազմաթիվ էին:

Ասուլիսի վերջում պետեկամուտների նախարարըՙ վերադառնալով բյուջեի մուտքերի ապահովման խնդիրներին, նշեց, որ հաջորդ եռամսյակում դրանց կատարումն ավելի հավանական է: Եթե առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի էր պահանջվում հավաքել 8,5 մլրդ դրամ, ապա երկրորդումՙ 7 մլրդ, երրորդումՙ 5 մլրդ, իսկ չորրորդում որեւէ հավելում նախատեսված չէ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4