Հայաստանում ծխախոտի բիզնեսն իր շահութաբերությամբ երկրորդն է համարվում բենզինից հետո: Եվ զարմանալի չէ, որ մինչեւ տեղական ծխախոտի արտադրության վերակայացումը, ծխախոտի ներմուծումը գտնվել է իշխանություններին մոտ կանգնած անձանց եւ կլանների ձեռքին: Այդ տարիներին, բնականաբար, շուկայում մրցակցությունը բացակայում էր: Իրավիճակը սկսեց փոխվել 1997 թ. երկրորդ կեսին, երբ «Հայծխախոտ» արտադրական միավորման տարածքում ստեղծվեց «Գրանդ տոբակո» հայ-կանադական ընկերությունը:
Այն շուտով գրավեց ներքին շուկայի մեծ մասը եւ լուրջ մրցակից դարձավ ներմուծող ընկերությունների համար: Վերջիններս էլ իրենց հերթին սկսեցին ավելի ճկուն գնային քաղաքականություն վարել: Ծխախոտի տեղական արտադրողի եւ ներմուծողի մրցակցությանը պարբերաբար միջամտում էր պետությունըՙ փոփոխելով յուրաքանչյուրի համար սահմանված հաստատագրված վճարները: 1999 թ. օգոստոսի 1-ից սահմանվեցին 150 դոլար եւ 100 դոլար վճարները համապատասխանաբար ներմուծվող եւ արտադրվող ծխախոտի մեկ արկղի համար: 2000 թ. դրանք դարձան 100 դոլար եւ 80 դոլար: Այսինքնՙ տեղական արտադրողի առավելությունը 50 դոլարից իջավ եւ դարձավ 20 դոլար: Այս փոփոխությունն էլ արտադրողի եւ ներմուծողի փոխհարաբերությունների լարվածության պատճառ դարձավ:
Ո՞ւմ են ձեռնտու սահմանված վճարները
«Գրանդ տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Ղալումյանի կարծիքով հաստատագրված վճարների ներկա չափերը չեն բխում տեղական արտադրողի շահերից: Վերջինս ներմուծողի հետ հայտնվում է հավասար պայմաններում: Ներմուծվող այլ ապրանքների դիմաց վճարվում է որոշակի մաքսավճար, եւ եթե ծխախոտի համար էլ գործեր հարկման այլ մեխանիզմ, ապա այդ 20 դոլարը ներմուծող ընկերությունը կվճարեր որպես մաքսավճար: Այնպես որ, ըստ «ԳՏ»-ի գործադիր տնօրենի, ծխախոտի արտադրությունը որեւէ առավելություն չունի: Դավիթ Ղալումյանը նշում է, որ հավասար պայմանները չեն նշանակում հավասար մրցակցություն: «ԳՏ»-ի եւ, օրինակ, ամերիկյան «Ֆիլիպ Մորիսի» հնարավորությունները միանման չեն: Չնայած վերջինիս Հայաստանում ներկայացուցիչ ընկերությանՙ «Պարիս Արմենիայի» տնօրեն Հրաչ Դեմիրճյանն այլ հիմնավորումներ է ներկայացնում: Նա տարօրինակ է համարում այն փաստը, որ տեղական արտադրողը չէր բողոքում հաստատագրված վճարներից այն ժամանակ, երբ դրանց տարբերությունը ընդամենը 5 կամ 8 դոլար էր: Այն ժամանակ տեղական արտադրությունը զարգանում էր եւ մրցակցությունից դուրս մղում ներմուծվող ծխախոտին: 20 դոլարի տարբերությունը, ըստ «Պարիս Արմենիայի» տնօրենի, լիովին բավարար է տեղական արտադրողինՙ ներմուծողի հանդեպ առավելություն ունենալու համար: Մինչդեռ, երբ 2000 թ.-ի ապրիլի 1-ին սահմանվեցին նոր վճարների չափերը, ներմուծողն իջեցրեց իր ապրանքի գները, իսկ արտադրողը «որոշ բաներ իջեցրեց, որոշը շատ չնչին իջեցրեց, որոշն ընդհանրապես չիջեցրեց»:
Այսինքնՙ ցանկացավ նույն գները պահպանելով նույն շահույթը ստանալ: Կամՙ մրցակցությունից դուրս մնալ: Նոր հաստատագրված վճարները դրա հնարավորությունը չեն տալիս եւ դա է պատճառը, Հրաչ Դեմիրճյանի կարծիքով, որ տեղական արտադրողը դժգոհ է: Այս տեսակետին թերեւս կարելի է համաձայնել, եթե չլիներ մեկՙ գլխավոր բայցը:
Ինչպես արդեն նշվեց, «Ֆիլիպ Մորիսի» (որը ծխախոտի համաշխարհային շուկայի առաջատարն է եւ Հայաստան ներմուծվող ծխախոտի 70-75 տոկոսն այս ընկերությանն է պատկանում) եւ «Գրանդ տոբակոյի» հնարավորությունները նույնը չեն: Առաջինը լայն հնարավորություն ունի իջեցնելու ծխախոտի գներն այնքան, մինչեւ «Գրանդ տոբակոն» ընդհանրապես անիմաստ համարի ծխախոտ արտադրելը: «Ֆիլիպ Մորիսի» գնային տարբերակված քաղաքականության գոյությունը չժխտեց նաեւ «Պարիս Արմենիայի» տնօրենը, բայց դեմպինգ դա չհամարեց: Դա թերեւս էական էլ չէ, քանզի անկախ նրանից, թե այդ երեւույթը ինչպես կկոչվի, «Ֆիլիպ Մորիսն», օրինակ, Եթովպիայում կարողանում է «Մարլբորո» ծխախոտը վաճառել 200 դրամին համարժեք գումարով եւ ցանկության դեպքում նույնը կարող է անել Հայաստանում: Հետեւաբար, եթե զուտ շուկայական տնտեսության սկզբունքներով ղեկավարվենք, ապա հավասար մրցակցությունն իսկապես հնարավոր չէ ապահովված համարել: Համենայն դեպս, Հայաստանի օրենսդրությամբ դեռեւս այդ խնդիրն ամբողջությամբ կարգավորված չէ: Այստեղ պետության աջակցությունը տեղական արտադրողին անհրաժեշտ է, սակայն այն պետք է արտահայտվի ոչ այնքան հարկային եւ մաքսային դրույքաչափերով, որքան հենց նույն օրենսդրությամբ: Մասնավորապեսՙ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը կյանքի կոչելով, «Տեղական շուկայի պաշտպանության մասին», «Հակադեմպինգի մասին» եւ այլ օրենքների ընդունմամբ եւ կիրառմամբ, դա հնարավորություն կտա տեղական արտադրողին հաջողությամբ մրցակցել ներմուծող ընկերությունների հետՙ զերծ մնալով ինչպես մրցակցությունից դուրս արտոնյալ վիճակում հայտնվելուց, այնպես էլ արտադրության դադարեցման վտանգից:
Առանց ֆիլտր ծխախոտի համար ե՚ւ ներմուծողի, ե՚ւ արտադրողի համար սահմանված 32 դոլար վճարը ներմուծողները դրական են համարում: Նրանք նշում են, որ սպառողին ընտրելու հնարավորություն է տրվում: Հակառակ դեպքում, երբ ներմուծվող առանց ֆիլտր ծխախոտի վրա դրված հաստատագրված վճարը բարձր է, ներմուծողը զրկվում է ներմուծելու հնարավորությունից, իսկ սպառողին պարտադրվում է գնել տեղականը: Սակայն այս մոտեցումը եւս ընդունելի կլիներ, եթե դարձյալ չլինեին այլ հանգամանքներ: Դրանցից գլխավորը, ինչպես նշվեց, ներմուծվող ցածրորակ ծխախոտի կողմից էժանության շնորհիվ ներքին շուկայում տեղական ծխախոտի դուրսմղման հնարավորությունն է: Այսինքնՙ այս դեպքում առանց ֆիլտր տեղական ծխախոտը հայտնվել է շատ ավելի դժվար վիճակում, քան ֆիլտրովը: Բացի տեղական արտադրողի եւ ներմուծողի միջեւ առկա վերոնշյալ եւ ուրիշ հակասություններից, առկա է եւս մեկ վտանգ, որը հավասարապես վնասում է երկու կողմինՙ մաքսանենգությունը:
Մաքսանենգությունը վնասում է ե՚ւ արտադրողին, ե՚ւ ներմուծողին
Ե՚վ «Գրանդ տոբակոյում», ե՚ւ «Պարիս Արմենիայում» նշեցին, որ մաքսանենգությունը միշտ էլ եղել է: «Գրանդ տոբակոյում» մեզ ներկայացված տվյալների (պաշտոնական) համաձայն, Հայաստանում սպառվող տարեկան ծխախոտի քանակը 5,5 մլրդ հատիկն է 750 հազար ծխող հաշվարկով: Սակայն այդ թիվն արձանագրվել է ընդամենը մեկ անգամՙ 1998 թ.-ին: 1999 թ.-ին Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, վաճառվել է մոտ 4,5 մլրդ, 2000 թ.ՙ 3,2 մլրդ հատիկ: Այսինքնՙ տարեցտարի մաքսանենգ ճանապարհով Հայաստան մուտք գործող ծխախոտն ավելացել է, եւ բյուջեն չի ստացել հսկայական գումարներ: Համաձայն «Գրանդ տոբակոյում» կատարված հաշվարկների, միայն 2000 թ. շուրջ 22 մլն դոլար հարկային մուտքեր չեն եղել մաքսանենգության ծավալների մեծացման պատճառով: Հատկապես ընկերությունում դժգոհ էին պետեկամուտների նախկին նախարար եւ վարչապետի ներկայիս խորհրդական Գագիկ Պողոսյանի գործունեությունից: Նրա նախարար եղած ժամանակ ծխախոտի մաքսանենգության ծավալներն անհամեմատ մեծացել էին: Եվ ընդհակառակըՙ ողջունում էին ներկա նախարար Անդրանիկ Մանուկյանիՙ մաքսանենգության դեմ ձեռնարկած լուրջ պայքարը: «Պարիս Արմենիայում» եւս այն կարծիքին էին, որ պետեկամուտների ներկայիս նախարարն առաջինն է, որի աշխատանքներն այս հարցում տեսանելի են: Սակայն երկու ընկերությունների ղեկավարներն էլ գտնում էին, որ արդյունքները կերեւան մի քանի ամիս հետո, քանզի մաքսանենգ ճանապարհով նախկինում ներկրված ծխախոտն այսպես թե այնպես պետք է սպառվի: Պետք է նշել նաեւ, որ մաքսանենգությունը կարող է նպաստել կամ խոչընդոտել պետությունն իր հարկային եւ մաքսային քաղաքականությամբ: Եթե տեղական արտադրողը գտնում է, որ 2000 թ. ապրիլի 1-ից հետո մաքսանենգությունն ավելի մեծ ծավալների հասավ, ապա «Պարիս Արմենիայում», ընդհակառակը, այն կարծիքին են, որ ապրիլի 1-ից հետո դրանք նվազեցին: Սակայն եթե դարձյալ վկայակոչենք պաշտոնական վիճակագրությունը, ապա ակնհայտ է դառնում, որ 2000 թ. վիճակը վատթարացել է: Այստեղ, իհարկե, բացի հաստատագրված վճարների չափերից, գոյություն ունի նաեւ սուբյեկտիվ գործոնըՙ պետեկամուտների այս կամ այն նախարարի հաջող կամ անհաջող գործունեությունը:
Ինչ մնում է բյուջեի մուտքերին, ապա պատկերն այստեղ հետեւյալն է: 1999 թ. ընդհանուր առմամբ վճարվել է 16,4 մլն դոլար, 2000 թ.ՙ 24,7 մլն դոլար: Ընդ որում, տեղական արտադրողը 1999 թ. վճարել է 11 մլն դոլար, 2000 թ.ՙ 11,8 մլն դոլար, իսկ ներմուծողը համապատասխանաբարՙ 5,4 մլն դոլար եւ 12,9 մլն դոլար: «Պարիս Արմենիայի» տնօրեն Հրաչ Դեմիրճյանի կարծիքով, 2000 թ. ապրիլի 1-ի որոշման հետեւանքով են բյուջետային մուտքերն ավելացել, եւ կառավարությունը ճիշտ է վարվելՙ նախաձեռնելով հաստատագրված վճարի այդ փոփոխությունը: Եվ իրոք, ակնհայտ աճն ակնառու է: Սակայն այստեղ նույնպես հարկ է նշել մեկ հանգամանքՙ բյուջեի մուտքերն ավելացնելը չպետք է ինքնանպատակ լինի եւ բավարարի միայն տվյալ պահի անհրաժեշտությանը: Կառավարությունը նախ եւ առաջ պարտավոր է մտահոգվել երկրի տնտեսության իրական հատվածի զարգացման հարցերով: Այսինքնՙ նպաստի արտադրության խթանմանը, որն ապագայում շատ ավելի էական եկամուտներ եւ կայուն զարգացում կբերի, քան 2000 թ. արձանագրված բյուջետային մուտքերի աճը: Միաժամանակ, վերստին ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ տեղական արտադրողի համար «ջերմոցային» պայմաններ ստեղծելուց, ինչը հետագայում կհարվածի հենց նույն արտադրողին, հետեւաբար եւ երկրի տնտեսությանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ