<20016704.jpg>
Ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց կրկնեցՙ հայկական կողմը երեք նախապայմաններից չի նահանջի
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Այս անգամ մենք Հեյդար Ալիեւի հետ ուղղակի բանակցություններ չենք ունեցել: Բանակցությունների կազմակերպիչներն ընտրել էին այլ ֆորմատ: Մենք համանախագահների հետ խոսում էինք տարբեր հարցերի շուրջ: Համենայն դեպս մեր մասով այն արդյունքները, որ ունեցել ենքՙ դրական եմ համարում: Քանի որ համանախագահողների համատեղ հայտարարությունը եղել է լավատեսական, ենթադրում ենք, որ Ադրբեջանի մասով նույնպես դրական են գնահատվում արդյունքները: Այս ամենը հիմք է տվել համանախագահներին հայտարարելու, որ ժամանակն է արդյունքները թղթի վրա դնելՙ պայմանագրի ձեւով: Հունիսին Ժնեւում կլինեն նոր բանակցություններ», երեկ երեկոյան Փարիզից վերադարձին «Զվարթնոց» օդակայանում հայտարարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ի՞նչ է տեղի ունեցել Քի Վեսթում: Արդյոք հայկական կողմի եւ մասնավորապես նախագահ Ռ. Քոչարյանի լավատեսությունը հի՞մք է տալիս ենթադրելու, որ այնտեղ Հայաստանի համար տխուր բան չի եղել: Կամՙ արդյոք կարելի՞ է ենթադրել, թե ադրբեջանական կողմի եւ մասնավորապես արտգործնախարար Գուլիեւի ու նախագահ Ալիեւի չափավոր եւ զուսպ հայտարարություններն արտահայտում են բանակցությունների արդյունքների իրական պատկերը:
Ամեն դեպքում Հայաստանի նախագահն օդանավից իջավ լայն ժպտալով, ժպտալով խոսում էր իրեն դիմավորող Հայաստանի ղեկավարության հետ, նույնիսկ լիաթոք ծիծաղում: Նախագահ Քոչարյանիՙ լրագրողներին բարեւելը նույնպես լավատեսորեն էր տրամադրում:
Հայաստանի նախագահը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր փաստաթուղթ են դնելու սեղանին, որը լինելու է փաթեթային, ամբողջական: Իսկ ի՞նչ սկզբունքներ են լինելու նոր առաջարկություններում: «Բազմիցս հայտարարել եմ այն սկզբունքների մասին, որոնցից դուրս ես հարցի կարգավորումը չեմ տեսնում»: Հիշեցնենքՙ հայկական կողմն առաջ է քաշել կարգավորման, այսպես ասենք, երեք նախապայմաններ, որոնցից այն կողմ ոչ մի քայլ չի զիջի. Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ հորիզոնական հարաբերություններ, այսինքնՙ բացառվում է ԼՂՀ-ի ենթակայությունն Ադրբեջանին, ԼՂՀ-ի ոչ անկլավային վիճակ, միջազգային անվտանգության երաշխիքներ:
Նախագահ Քոչարյանը նշեց, որ նոր առաջարկությունները կտարբերվեն նախորդներից: Իսկ ինչպիսի՞ն կլինեն դրանք: Եթե համեմատելու լինենք «Ընդհանուր պետություն» բանաձեւում ամրագրված ընդհանուր սկզբունքների հետ, դրանք ի նպա՞ստ, թե՞ ի վնաս կլինեն Հայաստանի համար: «Չեմ կարծում, որ ի վնաս մեզ որեւէ բան կլինի: Ինչպես գիտեք, Ալիեւի հետ բանակցություններ չեմ վարել եւ վերջերս մի քանի անգամ ասել եմ, որ երկկողմ հանդիպումների ռեսուրսը սպառվել է: Համանախագահողները ճիշտ ժամանակին ընտրել են ճիշտ աշխատաոճ», ասաց նախագահ Քոչարյանը:
Եռանախագահների նորՙ չորրորդ առաջարկը կարո՞ղ է կրել իմպերատիվՙ հակամարտության կողմերին պարտադրելու բնույթ: «Չեմ կարող միանշանակ ասել: Չեմ կարծում, որ շատ ուժեղ ճնշման ճանապարհով հնարավոր է արդյունքի հասնել: Չափավոր ճնշում կարող է լինել, բայց կրկնեմՙ քիվեսթյան բանակցությունների ընթացքում որեւէ ճնշում, ճնշման փորձ չի եղել, չեմ նկատել: Մեր մասով բանակցությունները եղել են կառուցողական», վստահեցրեց երկրի նախագահը:
Հայկական պատվիրակությունը Քի Վեսթում դրել է ղարաբաղյան կողմիՙ բանակցություններին մասնակցելու հարցը, սակայն, ինչպես նշեց պրն Քոչարյանը, հստակ չի կարող ասել, թե երբ Ստեփանակերտը կներգրավվի բանակցային գործընթացում:
Նախապես տեղեկություններ էին տարածվել, թե Քի Վեսթից հետո նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը կբանակցեն Մոսկվայումՙ Պուտինի միջնորդությամբ: Սակայն Քի Վեսթում պարզվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ժնեւում: «Հայտարարություն չի եղել, եղել է ենթադրություն, որ հանդիպումներից մեկը կարող է լինել նաեւ Մոսկվայում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ժնեւում հանդիպելու մասին եւ ռուսական կողմը դեմ չէր, ճիշտ հակառակըՙ կողմ էր», ասաց Քոչարյանը, չցանկանալով մեկնաբանել հաջորդ շաբաթ Ռուսաստանում ադրբեջանական օրերի շրջանակներում նախատեսվող Պուտին-Ալիեւ հանդիպումը: «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ չպիտի նման մշակութային օրեր լինեն Մոսկվայում: Երկկողմ հարաբերություններին որեւէ մեկնաբանություն տալու խնդիր չունեմ», ասաց նախագահը:
Նախագահ Քոչարյանը Վաշինգտոնում Բուշի հետ հանդիպելուց հետո ցանկություն չի ունեցել լրագրողներին հանդիպելու: Ալիեւը Բուշի հետ հանդիպելուց հետո լրագրողների համար շատ կարճ բրիֆինգում ասել էր մոտավորապես հետեւյալըՙ ինքը քիվեսթյան բանակցություններից լավատեսորեն չի տրամադրված: «Չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում ցանկություն չեմ ունեցել լրագրողներին հանդիպելու: Ուղղակի առիթ չեմ ունեցել: Բուշի հետ հանդիպումը հաջող էր: Հիմնականում բանակցությունները ԼՂ հարցի կարգավորման շուրջ էին, նաեւ ճանաչողական: ԱՄՆ նոր կառավարությունը ներկա էր ամբողջ թիմով: Խոսք գնաց երկկողմ հարաբերությունների, զարգացման հեռանկարների մասին: Այդ հանդիպումից գոհ եմ», ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպումը այսպես բնութագրեց նախագահ Քոչարյանը հայ լրագրողներին:
Իսկ Փարիզո՞ւմ: «Փարիզում հանդիպեցի Շիրակի հետ: Նախնական պայմանավորվածություն էր եղել, եւ վերադարձին տեղյակ պահեցի քիվեսթյան հանդիպումների մանրամասները: Շիրակը լավ տեղյակ է ամբողջ գործընթացին: Սա այն դեպքերից է, երբ նախագահը խորացած է հարցի մեջ», պատասխանեց Քոչարյանը: Իսկ կա՞ր անհրաժեշտություն: «Նախօորոք պայմանավորվածություն ունեինք եւ քանի որ Փարիզով էինք վերադառնում, կարծում եմ, ճիշտ էր Շիրակին հանդիպելը: Իրենց կողմից կար այդ ցանկությունը: Շտապ հանդիպման բնույթ չէր կրում», ասաց Քոչարյանը:
Լրագրողները փորձեցին ճշտելՙ հաղորդակցությունների բացման, տարածքների փոխանակման մասին խոսակցություններ եղե՞լ են: «Դետալների մասին չեմ կարող խոսել», եզրափակեց Հայաստանի նախագահը: