«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2001-04-10 | #66, 2001-04-11 | #67, 2001-04-12


ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

<20016703.jpg>

«Ազգի» հարցերին պատասխանում է Եզրաս վրդ. Ներսիսյանը

Ռուսաստանի, Մոսկվայի հայությունը պատրաստվում է, իսկ որոշ տեղերում էլ արդեն սկսել է մեծ հանդիսությամբ նշել մեր ազգային պատմության բախտորոշ իրադարձությունըՙ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված այդ կապակցությամբ եւ ի՞նչ արձագանք է գտնում այդ պատմական փաստը ռուս հասարակայնության շրջանում. «Ազգի» Մոսկվայի թղթակցի այս եւ մի շարք այլ հարցերին պատասխանում է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի պաշտոնակատար Եզրաս վարդապետ Ներսիսյանը:

- Հայր Սուրբ, նախքան հիմնական թեմային անցնելը կուզենայի հարցնել Զատկի տոնի մասին: Հաճելի զուգադիպությամբ հայերն ու ռուսները նոր հազարամյակի շեմին սուրբ իրադարձությունը նշում են նույն օրը: Ի՞նչ խորհուրդ եք տեսնում դրա մեջ:

- Ամենայնս խորհրդանշական է. վերջերս հայոց հայրապետը գտնվում էր Մոսկվայում եւ նրա ու պատրիարք Ալեքսի II-ի հանդիպման ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց համատեղ տոնախմբել Տիրոջ ամենահաղթ հարության ուրախությունը: Քրիստոնյա եղբայր երկու ժողովուրդների համար եզակի հնարավորություն է ստեղծվումՙ հավատարիմ իրենց նախնյաց սրբազան ավանդներին, աստվածապարգեւ այս կյանքն իրականացնելու քրիստոնեական առաքելությունըՙ ապրել աստվածահաճո ու ազգօգուտ արարումներով: Սա 2000-ամյա քրիստոնեական հավատքի 1700-ամյա մեր ոգեկոչության բազմախորհուրդ տոնակատարությունն է:

- Իսկ հիմա խոսենք մեր երկրի պետական քրիստոնեացման հոբելյանի մասին: Ի՞նչ են ծրագրել ռուսաստանցի հայերն այդ կապակցությամբ եւ ովքե՞ր են կազմակերպիչները:

- Ծրագրերը բազմազան են ու բազմաբնույթ: Կարելի է ասել, որ մեկնարկը տրվեց օրերս Սոչիումՙ տեղի հայերի եռանդուն մասնակցությամբ: Ռուսաստանի մասշտաբով միջոցառումները կազմակերպված են ՀՀ դեսպանության, թեմական խորհրդի եւ Ռուսաստանի հայերի միության ուժերով: Անմասն չեն նաեւ մյուս ազգային հասարակական-մշակութային կազմակերպությունները: Հատուկ պետք է նշել միության նախագահ, ազնիվ բարերար, Գրիգոր Լուսավորչի շքանշանակիր Արա Աբրահամյանի նվիրյալ աշխատանքը ինչպես տվյալ տոնակատարության անցկացման, այնպես էլ առհասարակ ազգանպաստ գործունեության ասպարեզում: Նա եւ նրա շուրջը բոլորված ճշմարիտ քրիստոնյա հայորդիները խորապես գիտակցում են Հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեական հավատքի արժեքն ու իմաստը, դերն ու նշանակությունը մեր ազգային գոյատեւման ու հարատեւման խնդրում:

Ապրիլի 22-ին հոբելյանը հայոց հայրապետի հովանավորությամբ կնշվի Կրեմլի պետական համերգասրահում եւ կհամարվի Ռուսաստանի ողջ հայության միջոցառում: Ծրագիրը հոգեւոր-ազգային բնույթի էՙ տեղի ու Հայաստանից հրավիրված արվեստի վարպետների մասնակցությամբ: Անշուշտ արժեքավոր է, որ տոնակատարությանը կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ալեքսի II պատրիարքը, Ռուսաստանի ու նրա մայրաքաղաքի ուրիշ ղեկավարներ: Կուզենայինք այստեղ տեսնել նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հրավերներ ենք ուղարկել նաեւ արտասահմանի մեր հոգեւոր առաջնորդներին, սփյուռքի ներկայացուցիչներին: Վիթխարի իրադարձություն ենք ակնկալում:

- Ռուսաստանի ուրիշ ի՞նչ վայրերում կանցկացվեն միջոցառումներ:

- Բոլոր հայաշատ քաղաքներում ու տարածաշրջաններում: Արդեն Սոչիում զգացվեց մեր հայրենակիցների անչափելի ոգեւորությունը: Նշված վայրերի եկեղեցիներում կմատուցվի պատարագ, կկազմակերպվեն հոգեւոր ու աշխարհիկ հանդիսություններՙ երեկույթներ, համերգներ, ցուցահանդեսներ, բարեգործական նախաձեռնություններ եւ այլն: Մայիսին հրավիրված եմ Պյատիգորսկ:

- Հայր Սուրբ, երեւի ոչ ոք ինձ չի մեղադրի, եթե խնդրեմ հատուկ անդրադառնալ Ձեր «հայրենի» Պետերբուրգում անցկացվելիք միջոցառումներին:

- Ձեր ասած «հայրենի» բառը հուզում է ինձ. իրոք այդ քաղաքի, նրա բարեպաշտ հայորդիների հետ ես կապված եմ հոգուս թելերով: Պիտերում հոբելյանական միջոցառումները կանցկացվեն հուլիսին: Մեր եկեղեցու եւ հյուպատոսության նախաձեռնությամբ կհրավիրվի գիտաժողով «Հայաստանը եւ քրիստոնյա արեւելքը» թեմայով, որը տեղի կունենա Պետերբուրգի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում, որտեղ, ինչպես գիտեք, գործում է նաեւ մեր ստեղծած հայագիտության բաժինը: Հայաստանից եւ արտասահմանից հրավիրել ենք 30 ճանաչված արեւելագետների, հայագետ պատմաբանների: Կկայանա պետերբուրգցի շնորհալի հայ երիտասարդ երաժիշտների համերգ: Էրմիտաժում կբացվի հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես եւ այլն:

- Մոսկվայում, Պետերբուրգում թե այլուր զգո՞ւմ եք տեղի իշխանությունների աջակցությունը:

- Պետերբուրգում, Մոսկվայում թե այս երկրի որեւէ մեկ այլ վայրում մենք միշտ զգացել ենք իշխանական մարմինների բարյացակամ, ուշադիր վերաբերմունքը: Նույնքան ջերմ է եղել նաեւ Ռուսաստանի կրոնապետների, մտավորականության վերաբերմունքը: Մենք ամենայն աջակցություն ենք ստանում ներկա հոբելյանի կապակցությամբ:

- Վերջերս ես Մինսկում էի, Բելառուսի հայությունն էլ է պատրաստվում նշելու մեր քրիստոնեական հոբելյանը: Բայց ամբողջ Բելառուսում չկա ոչ մի հայկական եկեղեցի: ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանը, տեղի հայ համայնքը լուծում են այդ երկրում ազգային անդրանիկ հոգեւոր հաստատության ստեղծման հարցը, բայց եւ սպասում են Հայ եկեղեցու, մասնավորապես Ռուսաստանի թեմի աջակցությանը:

- Տեղյակ եմ հարցին, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել Մինսկ ու նպաստել եկեղեցական հայ համայնքի ստեղծման գործին: Բելառուսի հայությունը մտնում է մեր թեմի մեջ, եւ ամեն մի աջակցություն ինքնին պարտք է ու պարտավորություն մեզ համար: Մինսկում Հայ եկեղեցու հիմնաքարի օծումն արդեն պատմական իրադարձություն կդառնա...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4