Ֆրանսիացի հայտնի օպերային երգչուհի Նորա Գյուբիշը երաժշտասերներին ծանոթ է մասնավորապես «Սալամբո» եւ «Կարմեն» օպերաներում գլխավոր հերոսուհիների փայլուն դերակատարումներով: 29-ամյա մեցցո-սոպրանոն արդեն հետաքրքրում է աշխարհի ամենանշանավոր օպերային թատրոնների տնօրեններին:
«Ֆրանս-Արմենի» ամսագրից տեղեկանում ենք, որ ամուսնուՙ հայազգի դաշնակահար Ալեն Ալթինօղլուի հետ Նորան հմտանում է նաեւ հայկական մեղեդիների եւ ռոմանսների կատարման մեջ: Թեեւ չի տիրապետում հայերենին, բայց հայկական մեղեդիների կատարումներով արդեն հանդես է եկել եկեղեցիներում: Նորան պնդում է, որ օպերային երգիչը պետք է ասելիք ունենա: «Ամեն անգամ, երբ բեմ եմ բարձրանում, ձգտում եմ ապրել իմ կերպարի կյանքով եւ այն ապրեցնել հանդիսականներին: Չպետք է երգել թռչնի պես», ասում է նա:
Սան Ֆրանցիսկոյի օպերայում հայերեն բեմադրվող «Արշակ Երկրորդ» օպերայում Փառանձեմ թագուհու դերի համար թատրոնի տնօրենն ընտրել է Նորա Գյուբիշին, դրանով մեծ գոհունակություն պատճառելով երգչուհուն: Ընտրությունը կատարվել է Փարիզում կայացած մրցութային ունկնդրության ժամանակ:
Պ. Ք.