«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2001-04-11 | #67, 2001-04-12 | #68, 2001-04-13


ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ՈՒ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ

Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ տեղի ունեցավ սեմինար «Կրթություն, աղքատություն եւ տնտեսական ակտիվություն» թեմայով: Սեմինարի նախաձեռնողը ՄԱԿ-ի ներկայացուցչությունն էր, որի մշտական համակարգող Կատիցա Չեկալովիչի ողջույնի խոսքով էլ բացվեց միջոցառումը: Այնուհետեւ ելույթներ ունեցան սեմինարի մասնակիցները:

Հիմնականը, որ նշվում էր ելույթներում, կրթություն-զբաղվածություն կապի խզվածությունն էր եւ դրա հետեւանքով կրթական բարձր մակարդակ ունեցող բնակչության ցածր կենսամակարդակը: Հրապարակված տվյալները դրա վառ ապացույցն էին: Այսպեսՙ 99 տոկոս գրագիտության պայմաններում Հայաստանում աղքատության մակարդակը հասնում է 55 տոկոսի, ինչը համեմատելի է մի շարք աֆրիկյան եւ Արեւելյան Ասիայի երկրների հետ: Գործազուրկների 35_36 տոկոսը ունի միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն կրթություն: Նույն կրթությունն ունեցողներից աղքատ եւ շատ աղքատ է 43_53 տոկոսը: Առավել անմխիթար են 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշները: Դրանք կազմում են 2100_2200 դոլար: Այդ ցուցանիշով Հայաստանը 3 անգամ զիջում է լատինամերիկյան եւ Կարիբյան ավազանի, 1,5 անգամ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի եւ գրեթե հավասարվում է Մերձսահարյան Աֆրիկայի եւ Հարավային Ասիայի երկրներին:

Բարձր կրթվածությամբ ցածր կենսամակարդակ ունենալու պատճառը ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը բացատրում է սոցիալ-տնտեսական կացությամբ: Միայն այդ կացության բարելավմամբ կհաղթահարվի աղքատության խնդիրը:

Սակայն դրան, ըստ հանձնաժողովի նախագահի, խանգարում են ստվերայնությունն ու կլանները: Հետեւաբար պետք է պայքարել պատճառի, այլ ոչ թե հետեւանքների դեմ: Այսինքն պետք է կառուցել ժողովրդավարական պետություն, որի կառուցումը սակայն «դոփում է տեղում»: Այսպիսի եզրակացության հանգեց Շավարշ Քոչարյանը:

Սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի կարծիքով կրթությունն արժեզրկվել է: Հայաստանում գործող 87 բուհեր պատրաստում են տարեկան 15_20 հազ. մասնագետ, որոնք հետագայում չեն աշխատում իրենց մասնագիտությամբ: Պատճառն այն է, որ աշխատանքի շուկայի հնարավորություններն ավելի փոքր են, քան մասնագետների թիվը: Նման իրավիճակ չստեղծելու համար հարկ է տիրապետել աշխատաշուկային: Նախարարությունն ունի նաեւ զբաղվածության բաժիններ, որոնք փորձում են կարգավորել այդ խնդիրը:

Կրթության եւ գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանը նշեց, որ կրթության մակարդակն ընկել է: Դա հետեւանք է համակարգի անբավարար ֆինանսավորման եւ մասնավորապես ուսուցիչների ցածր աշխատավարձերի: Նա բացասական համարեց նաեւ ուսուցիչների վերապատրաստման համակարգի փլուզումը: Ներկայումս, Աիդա Թոփուզյանի կարծիքով, անհրաժեշտ է ռացիոնալիզացնել համակարգը եւ որպես այդպիսի օրինակ բերվեց 11-ամյա միջնակարգ կրթությանն անցնելը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանը եւս հիմնականում անդրադարձավ կրթական խնդիրներին: Եթե մի շարք երկրներում խնդիրն առաջնային (տարրական) կրթության ներգրավվածության աստիճանի բարձրացումն է, ապա Հայաստանում խնդիրն այլ կերպ է դրված: Մեզ մոտ այդ ներգրավածությունը կազմում է 100 տոկոս եւ մենք ցանկանում ենք թույլ չտալ դրա նվազումը: Այնուհետեւ փոխնախարարը համեմատեց կրթության եւ կենսամակարդակի փոխկապակցվածությունը Հայաստանում եւ զարգացած երկրներում: Վերոնշյալ երկրներում կրթվածության մակարդակը համապատասխանում է կենսամակարդակին: Մինչդեռ Հայաստանում կրթությունն ամենանվազագույն ազդեցությունն ունի կենսամակարդակի վրա:

Այս միջոցառման վերաբերյալ հարկ է նշել նաեւ, որ նմանատիպ սեմինարները խորհրդածությունների եւ վերլուծությունների որոշակի առիթ տալիս են: Սակայն դրանք խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող բնավ էլ ամենաարդյունավետ քայլերը չեն: Մասնավորապես աղքատության կրճատման լավագույն ճանապարհը երկրի տնտեսության զարգացումն է, ինչն առանց հավելյալ ծրագրերի կհանգեցնի աղքատության նվազեցմանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4