Վաշինգտոնը Երեւանին չի բացատրել, թե ինչու է ուզում Թեհրանի հետ խորհրդակցել
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Օսկանյանն ու Իլվեսը ստորագրեցին կրկնակի հարկումից ազատվելու մասին համաձայնագիր: «Մենք շատ ենք կարեւորում երկկողմ հարաբերություններն Էստոնիայի հետ: Զուտ անհատ երկրի եւ տարածաշրջանային առումով մենք Էստոնիայից սովորելու շատ բան ունենք: Ընդհանրություններ ունենք ե՚ւ չափի, ե՚ւ մտածելակերպի առումովՙ նկատի ունենալով բալթյան եւ կովկասյան տարածաշրջանները, երեք փոքր երկրների համագործակցությունը, նրանց ընդհանուր ուղղվածությունը դեպի Եվրոպա: Էստոնիան այն երկիրն է, որը բավական արագ, հաջող կերպով հաղթահարեց անցումային փուլը եւ այսօր կանգնել է Եվրամիության անդամակցության շեմին», Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսում նշեց Վարդան Օսկանյանը, որի էստոնացի գործընկերը չորսօրյա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության, այդ թվում նախագահ Քոչարյանի հետ:
Ասուլիսի ավարտին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնվեց լրագրողների շրջափակման մեջ: Բնականաբար, բոլոր հարցերը վերաբերում էին ղարաբաղյան հակամարտությանը եւ օրերս ավարտված քիվեսթյան բանակցություններին:
Ինչպես հայտնի է, ԼՂ հակամարտության կարգավորման քիվեսթյան բանակցություններում ԱՄՆ-ը կարեւորեց բանակցային գործընթացում Իրանի դերը: ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ք. Քավանոն հայտարարեց, որ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ինչ-որ ձեւով պետք է տեղեկացնել ԵԱՀԿ ՄԽ մյուս պետություններին եւ Իրանին: ԱՄՆ-ը, որը Իրանի հետ չունի, ավելի ճիշտ, ունի թշնամական հարաբերություններ, գտնում էՙ բանակցություններում որպես շահագրգիռ կողմ անհրաժեշտ է Իրանի ներգրավվածությունը:
Բանակցություններում իբրեւ շահագրգիռ կողմի Իրանին ներգրավելու իմիտացիայով Վաշինգտոնը փորձում է արագացնե՞լ եւ արդարացնե՞լ տարածաշրջանում իր ռազմավարական դաշնակից Թուրքիայիՙ Հարավային Կովկասում հակամարտությունների եւ ընդհանրապես տարածաշրջանային գործընթացների մեջ ներգրավումը: Մոտավորապես նման հարցադրումով «Ազգը» երեկ դիմեց ՀՀ արտգործնախարարին: «Իրենք չեն ասել, չեն բացատրել, թե ինչու են ուզում Իրանի հետ խորհրդակցել: Կարող է ձեր մեկնաբանությունն արդարացված լինել», ասաց Օսկանյանը:
Մեր կողմից ասենք, որ ակնհայտ է, որ Քի Վեսթում Իրանի հետ կապված հայտարարությունը սադրանք է, որին պաշտոնական Թեհրանը չի արձագանքի: Համենայն դեպս, ապրիլի 11-ին Իրանի նախագահ Խաթամին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հանդիպմանը ուղղակիորեն ասել է. «Հուսով եմՙ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրը կլուծվի առանց օտար միջամտության, տրամաբանությամբ եւ խոհեմությամբ, ուղղակի բանակցությունների շրջանակներումՙ հաշվի առնելով տարածաշրջանի շահերը»:
Տարածաշրջանի շահեր ասելով Իրանը բացառում է ԼՂ հարցում Թուրքիայի ներգրավվածությունը, որքան էլ այդ ներգրավվածությունը լինի «դրական»: Այնպես որ, Իրանը դժվար թե ենթարկվի քիվեսթյան սադրանքին:
Ռուսական ԶԼՄ-ները տարածել էին լուրեր, թե Քի Վեսթում ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով բանակցություններին մասնակցում է ԱՄՆ քաղաքացի ոմն Ղազան, որը իրեն կոչում է Աբխազիայի նախագահ Արձինբայի ներկայացուցիչ, եւ ամերիկացի դիվանագետները նրան ներկայացրել են նախագահներ Ալիեւին եւ Քոչարյանին: «Ազգի» հարցին, թե բանակցությունների ընթացքում բացի ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներից, տարածաշրջանի այլ երկրների դիվանագետներ եւ փորձագետներ մասնակցե՞լ են քիվեսթյան քննարկումներին, արտգործնախարարը պատասխանեց մեկ բառով. «Ո՚չ»:
Տեղեկություններ կային, որ Քի Վեսթում է նաեւ Լոռու մարզպետը: Պրն Օսկանյանը չժխտեց այս տեղեկությունը. «Քոչինյանը պարզապես այդ օրերին ԱՄՆ-ում էրՙ հավանաբար իրենց մարզի հետ կապված հարցերով»: Քի Վեսթում չեղա՞վ. «Ինքը Քի Վեսթում եղավ»: Պատահաբա՞ր. «Ոչ, որովհետեւ այնտեղ էին անմերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց հետ մարզպետը ինչ-որ շփումներ պետք է ունենար, հարմար առիթ էր», ասաց ՀՀ արտգործնախարարը:
«Ազգի» հարցինՙ «Հավասարակշռությունը պահպանելու համար նախընտրելի չէ՞ր նախագահ Քոչարյանի հանդիպումը Պուտինի հետ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ղեկավարը քիվեսթյան բանակցություններից անմիջապես հետո բանակցել է ԱՄՆ-ի նախագահ Բուշի եւ Ֆրանսիայի նախագահ Շիրակի հետ»: Վարդան Օսկանյանն այսպես պատասխանեց. «Այդպիսի խնդիր չի դրվել: Այսօր որեւէ մեկը դիվանագիտական էթիկան պահելու խնդիրը չի դրել որեւէ մեկի առաջ: Նախագահ Քոչարյանն ուղղակի Փարիզով էր վերադառնում»:
Ապրիլի 12-ին տեղի է ունեցել Քոչարյան-Պուտին հեռախոսազրույցը, որի մանրամասներին Օսկանյանը ծանոթ չէ. «Երեւի թե նախագահը քիվեսթյան բանակցությունների մասին տեղյակ է պահել Պուտինին: Պետք է ասեմ, որ այս փուլում ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող պետություններն աննախադեպ համագործակցության մեջ են»:
Մեր մեկ այլ հարցիՙ ինչո՞վ էր պայմանավորված ԼՂՀ նախագահ Ղուկասյանիՙ «Լոս Անջելես թայմսին» տված հարցազրույցում «կամ անկախություն, կամ միացում ՀՀ-ին» կտրուկ դիրքորոշումը, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, բայց դա նորություն չի: ԼՂՀ ղեկավարությունն այդ մասին միշտ էլ ասել է»: Իսկ հնարավո՞ր են ճնշումներ ԼՂՀ ղեկավարության վրա: «Համենայն դեպս նախագահներ Քոչարյանը եւ Ղուկասյանը շփումների մեջ են, միշտ խորհրդակցում են իրար հետ», ասաց Օսկանյանը:
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ նոր առաջարկություն Քի Վեսթում չի եղել. «Երեւի թե դեռ պատրաստ չէ: Կարծում եմ, նախագահների փարիզյան եւ քիվեսթյան հանդիպումները պետք է հիմք ծառայեն, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ն այդ հանդիպումների հիման վրա թղթի վրա դնի մի նոր առաջարկություն»: