«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2001-04-13 | #69, 2001-04-14 | #70, 2001-04-17


ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԼՈՒՐՋ ՊԱՅՔԱՐ Է ՍԿՍԵԼ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Վանաձորում այսօրվա դրությամբ գրանցված են 7 հազար ապօրինի շինություններ: «Դրանց մեջ մտնում են ամենափոքր կառույցներից մինչեւ սեփական տներն ու օբյեկտները:

Եթե խոսենք ապօրինի շինությունների օրինականացման մասին, ապա մոտավորապես 200-ից 350 մլն դրամի մուտք է ակնկալվում Վանաձորի համայնքային բյուջե, ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, օրերս հրավիրած մամլո ասուլիսում: Քաղաքի 850 խանութ-տաղավարներից, բենզալցակայաններից եւ առեւտրի այլ օբյեկտներից ընդամենը 400-ն է օրինական: Մնացած 450-ն անօրինական է, եւ քաղաքապետարանը, ներքին գործերի մարմինների, դատախազության ու հարկային տեսչության հետ համատեղ, մեծ աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ... Շատ կարեւոր է այդ բոլոր գումարները հավաքրել եւ համալրել բյուջեն»:

Անցյալ տարի, քաղաքապետի հայտնած տվյալներով, 20 հազար քառ. մետր ճանապարհային եւ փոսային նորոգումներ են կատարվել (շուրջ 60 մլն դրամի աշխատանք): Քաղաքի տարածքում տնկվել է 6 հազար ծառ, կանաչապատվել են կենտրոնական մասի մայթամերձ տարածքները: Պրն Դարբինյանն իր խորին դժգոհությունն արտահայտեց տնկիների բարբարոսաբար ոչնչացման եւ դրա հանդեպ ցուցաբերված անտարբերության առիթով:

«Որքան էլ շատերը դժգոհեն տնակների տեղափոխման համար գործընթացը շարունակվելու է, որպեսզի քաղաքի բարեկարգ տեսքը վերականգնվի: Անցած տարի 276 ընտանիք նոր բնակարան ստացավ, գնվեցին բնակարաններ եւ տրվեցին քաղաքացիներին: Այսօր 421 բնակարանի կարիք ունեցող կա... Տնակների մեծ մասն օգտագործվում է որպես խորդանոց ու փայտանոց... Արդեն հանվել է 800 տնակ, եւ այդ տարածքները, բարենպաստ եղանակ լինելու դեպքում, անմիջապես կսկսեն բարեկարգվել»: Հանվելու են նաեւ այն խանութ-տաղավարները, որոնց տերերը հարկեր, տուրքեր չեն ուզում վճարել: «Մեկ ամսվա ընթացքում այլ քաղաքականություն կվարենք այն առեւտրի օբյեկտների տերերի հետ, ովքեր չեն ցանկանում օրինական դաշտ մտնել...»:

Պրն Դարբինյանը նշեց, որ այս տարի քաղաքում նախատեսվում են շինվերանորոգման մեծ ծավալի աշխատանքներ: Լինսի հիմնադրամի ծրագրով ամրացվելու է 8 բնակելի, շահագործման կհանձնվեն թիվ 3 դպրոցը, «Գուգարք» համաբուժարանը: Արդեն սկսվել են թիվ 8 դպրոցի շինաշխատանքները: «Քիմիագործների մշակույթի պալատի վերակառուցումը կսկսվի, այս տարի կվերակառուցվի ճակատային մասը, իսկ եկող տարի ամբողջությամբ կհանձնվի շահագործման»:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4