«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2001-04-14 | #70, 2001-04-17 | #71, 2001-04-18


ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Ի՞նչ է կատարվել եւ ի՞նչ է նախատեսվում

Երբ մարդիկ դժգոհում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, նշում, որ որեւէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել, եւ նրանց այդ տրամադրություններն էլ օգտագործում են քաղաքական որոշակի շրջանակներն իշխանություններին քննադատելիս, ապա վերջիններս կարող են մատնանշել առնվազն տնտեսության 2_3 ճյուղ, որտեղ անցած մեկ տարվա ընթացքում առաջընթացն անժխտելի է: Իհարկե, չի կարելի մոռանալ, որ առաջընթացը սկիզբ առավ այն ժամանակ, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կազմավորած կառավարությունը գլխավորում էր վարչապետ Արամ Սարգսյանը: Ընդունելով, որ դժվար գործը մեռյալ կետից շարժելն է, ինչն իրականացրեց նախկին վարչապետը, հարկ է նաեւ նշել, որ նրա պաշտոնանկությունից հետո գործընթացը կանգ չառավ:

Առավել տեսանելի առաջընթացն արձանագրվեց Հայաստանի արդյունաբերության ավանդականի համարում ունեցող ճյուղումՙ լեռնամետալուրգիայում: Ավելի կոնկրետՙ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանման եւ մշակման ասպարեզում: Եվ դա պատահական չէ: Հայաստանի ընդերքը հարուստ է այս հանածոներով: Մոլիբդենի համաշխարհային պաշարների 7_9 տոկոսը մեր երկրում է, եւ դրանցով Հայաստանը երրորդն է աշխարհում (ԱՄՆ-ից եւ Չիլիից հետո): Հայաստանում է գտնվում նաեւ պղնձի համաշխարհային պաշարների մեկ տոկոսը: Դրանց արդյունահանման եւ մշակման գործընթացի վերականգնումը, ինչն ըստ էության ընդհատված էր վերջին 9_10 տարիներին, առաջնահերթ նշանակություն էր ձեռք բերում:

2000 թ. ապրիլից, ուղիղ մեկ տարի առաջ, լեռնամետալուրգիական հսկաների գործարկումը սկսեց իրականություն դառնալ: Բնագավառի միակ աշխատող ձեռնարկությանըՙ Զանգեզուրի (Քաջարանի) պղնձամետալուրգիական կոմբինատին (ՊՄԿ) նախ միացավ Ալավերդու «Մանես եւ Վալեքսը», այնուհետեւ Ագարակի, ապա Կապանի պղնձամետալուրգիական կոմբինատները: Արդեն այս տարվա ընթացքում սկսվեց Ախթալայի հանքավայրերի շահագործումը եւ լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի վերակառուցումը: Վերջինիս ծրագիրն իրականացման դեռեւս նախնական փուլում է: Այդ փուլում, ըստ ՀՀ արդյունաբերության նախարարության շինանյութերի եւ հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանի, նախատեսված է 22_24 տոկոս պղնձի պարունակությամբ հանքանյութ ստանալ, որից ցածր ցուցանիշի դեպքում աշխատանքն անարդյունավետ կլիներ: Սեպտեմբերին նախատեսվում է լիարժեք շահագործման հանձնել լեռնահարստացուցիչ ֆաբրիկան, որի վերականգնման ծրագիրն իրականացնում է ռումինական «Մետալ պրինտց» ընկերությունը: Վերջինս 1 մլն դոլարի ներդրում է կատարելու այստեղ, իսկ փոխարենը ստանալու է ֆաբրիկայի արտադրանքի վաճառքի բացառիկ իրավունքը: Ներկայումս Ախթալայում հանքավայրի եւ ֆաբրիկայի վերականգնման լուրջ աշխատանքներ են տարվում, ինչը հույս է ներշնչում, որ ծրագրված ժամկետին դրանք լիարժեք կգործեն եւ տեսականից բացի, կլուծվեն նաեւ սոցիալական հարցեր: Բարձր վարձատրվող աշխատանքով կապահովվի 350_400 մարդ:

Վերադառնալով լեռնամետալուրգիայի վերջին մեկ տարվա անցած ուղուն, նշենք, որ այստեղ, Արթուր Աշուղյանի կարծիքով, հարյուր տոկոսով կատարվել է այն, ինչ ծրագրվել էր: Վերագործարկվել են հիշատակված ձեռնարկությունները, արձանագրվել է արտադրության ծավալների 50 տոկոս աճ: Ճիշտ է, խնդիրներ կան (տրանսպորտային, ֆինանսական, պղնձի եւ մոլիբդենի միջազգային գների տատանումների եւ այլն), սակայն դրանք աշխատանքային բնույթի են: Այդ դեպքում կարելի՞ է ասել, որ այս ոլորտում լուրջ խնդիրներ այլեւս չկան: Որպես այդպիսիք շինանյութերի եւ հանքարդյունաբերության վարչության պետը անհրաժեշտ համարեց աշխատանքային ռիթմի կայունացումը եւ ձեռնարկությունների շահութաբերության բարձրացումը: Արտադրության ծավալների աճը նախատեսվում է 10_15 տոկոսի սահմաններում, ինչին հասնելու դեպքում կունենանք ոչ պակաս նվաճում, քան անցած տարվա 50 տոկոսանոց աճն էր: Մշակված են «Մանես եւ Վալեքսի»ՙ Հայաստանում պղնձի արտադրության զարգացման, Ագարակի ՊՄԿ-ի ամսական 200 հազ. տոննա հանքավայրի մշակման ծրագրերը: Ագարակի դեպքում կստացվի տարեկան 7 հազար տոննա մաքուր պղինձ: Կապանի ՊՄԿ-ի արտադրության ծավալը ծրագրված է ավելացնել 25_30 տոկոսով: Դա եւ ընդհանրապես Կապանի կոմբինատի գործունեությունը հնարավոր դարձավ այստեղ նոր հանքավայրի բացման շնորհիվ: Շահումյան կոչվող վայրում այդ հանքի բացումն Արթուր Աշուղյանը հսկայական քայլ համարեց, նշելով, որ դա կատարվել է առանց մեծածավալ նեդրումների, ներքին ռեսուրսներով եւ անգամ պարտքեր կուտակելու միջոցով: Եթե դա չկատարվեր, ապա կենտրոնական հանքավայրն արդեն սպառված կլիներ: Իսկ նոր հանքը, մասնագետների հավաստմամբ, շատ հարուստ եւ գրավիչ է:

Ի դեպ, Հայաստանում լեռնամետալուրգիայի զարգացման կարեւոր քայլերից մեկը ոլորտի ձեռնարկությունների փոխհամաձայնեցումն է: Դրա շնորհիվ Հայաստանից հնարավոր կլինի արտահանել հնարավորինս մշակման բարձր փուլ անցած արտադրանք: Անցյալ տարվա վերջին անցկացված մրցույթի արդյունքներն այնքան էլ նպաստավոր չէին այս առումով: Սյունիքի երեք կոմբինատների հանքանյութը գնելու հայտ ներկայացրած 7 կազմակերպություններից հայաստանյան «Մանես եւ Վալեքսը» եւ մաքուր երկաթի գործարանը լավագույն պայմանները չէին առաջարկել: Դա, իհարկե, ուներ նաեւ սուբյեկտիվ պատճառներ, որոնցից գլխավորը պետության կողմից այս ձեռնարկությունների գերավճարների վերադարձը ձգձգելն էր: Այնուամենայնիվ, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը գնաց այն բանին, որ բանակցելով մրցույթի մասնակիցների հետ, կարողացավ Հայաստանի ձեռնարկությունների համար պահպանել վաճառվող արտադրանքի զգալի մասը: Դրա շնորհիվ առաջարկված պղնձի 13 հազ. տոննայից 6 հազարը (մոտ 40 տոկոս) գնեց «Մանես եւ Վալեքսը», իսկ 5,6 հազար տոննա մոլիբդենի 2,8 հազար տոննան (50 տոկոս)ՙ մաքուր երկաթի գործարանը:

Մյուս կարեւոր խնդիրը, որը դրված է հանքարդյունաբերության եւ շինանյութերի արդյունաբերության առջեւ, պետության եւ ընդերքը շահագործողի հարաբերությունների կարգավորումն է: Այսօրվա ընկալմամբ, եթե հանքավայրը պետական է, նշանակում է, որ այն ոչ մեկինը չէ: Այս վիճակը շտկելուն է կոչված մշակման փուլում գտնվող «Կոնցեսիաների մասին» օրենքը: Այս փաստաթղթով պետությունը կդառնա ընդերքի իրական տերը եւ հանքավայրը շահագործողի գործընկերը: Կստեղծվի նաեւ մոդելային պայմանագիր, որով կճշտվեն պետության եւ շահագործողի իրավունքներն ու պարտականությունները: Այսինքնՙ այս ոլորտում կսկսեն գործել խաղի կանոններ, որոնք այժմ բացակայում են: Օրենսդրական այս փոփոխության նպատակը մեր ընդերքի պաշարների արդյունավետ օգտագործումն է, որոնք, ինչպես հայտնի է, չեն վերականգնվում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4