«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2001-04-21 | #75, 2001-04-24 | #76, 2001-04-26


ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՍ ՀԱՆՑԱՎՈՐ Է

Լիոնում լույս տեսնող «Ֆրանս-Արմենի» հանդեսի մարտյան համարում մի շարք նյութեր են զետեղված Հայ դատի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Մասնավորապես անդրադառնալով «Էսպրի» վերլուծական ամսագրի հունվարյան համարում տպագրված Օլիվիե Աբելի «Թուրքիան Եվրոպայի շեմին» հոդվածին, ֆրանս-հայկական հանդեսը գրում է, որ, հեղինակի կարծիքով, որեւէ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունումը «կարող է տեղ չթողնել պատմական որոնումների համար»: Բայց հեղինակը մոռանում է, որ նման օրենքի ընդունումը չի նշանակում պատմական հետազոտությունների շարունակման բացառում (օրինակՙ հրեաների ողջակիզումը): Բացի դրանից, ցեղասպանությունը ոչ թե սոսկ պատմական փաստ է, այլ ոճիր, ուստի պետք է ոչ միայն ճանաչվի, այլեւ դատաքննության ենթարկվի, ինչը ենթադրում է պետական ապարատի եւ վերազգային կառույցների մասնակցություն:

Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ճանաչումը զայրացրեց ամերիկացիներին, որոնք այս հարցում հայտնվեցին հետին պլանում: Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, եւ պատահական չպետք է համարել բանակցությունների հերթական փուլի անցկացումը հենց Ֆլորիդայում: «Ֆրանս-Արմենի» ամսագրի խմբագրականում նշվում է, որ Ֆրանսիայում եւս կան Թուրքիայի «դատապաշտպաններ», որոնց թվում են նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՜Էստենը, մեկնաբաններ Ալեքսանդր Ադլերը եւ Օլիվիե Աբելը: Իրենց հրապարակումներով նրանք կամա թե ակամա արդարացնում են Թուրքիայի ժխտողականությունը եւ միաժամանակ վիրավորում մարդկային արժանապատվությունը, անարգում միլիոնավոր հայ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայում ընդունված օրենքն իրական ուժ կունենա լոկ այն դեպքում, եթե ընդգրկվի Երկրորդ աշխարհամարտում մարդկության դեմ գործված ոճիրների ժխտումը դատապարտող Գայսոյի օրենքի շրջանակներում: Խմբագրականում մասնավորապես նշվում է, որ ներկայիս թուրքական պետությունը լիովին պատասխանատու է Հայոց ցեղասպանության հետեւանքների (օրինակՙ կայքի հափշտակումների ու յուրացումների), ինչպես նաեւ Հայաստանի այսօրվա մի շարք դժվարությունների համար: Եթե Օսմանյան կայսրության եւ երիտթուրքերի կառավարության ժառանգորդ Թուրքիան իրոք ուզում է դառնալ ժողովրդավարական երկիր, ապա պարտավոր է վերջ դնել ժխտողականությանը, պատմականորեն եւ քաղաքական առումներով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերացնել Հայաստանի շրջափակումը եւ լիարժեք կերպով փոխհատուցել հայ ժողովրդին:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4