«Արվեստի տաճարը մտնելու համար հրավերքներ չկան: Կա սեփական վճիռ», նկարիչների «Խաչմերուկ» ստեղծագործական խմբի այս ասածին կարելի է հավելել, որ նման վճիռ կայացնողն այն ամբողջական սերն ու նվիրումն է առ արվեստը, որ այն դարձնում է ապրելիք օրերի անհրաժեշտություն, եւ այդ ներքին հավատամքը ստեղծագործողին «պարտադրում է» իր իրականությունըՙ անպայմանորեն տարբեր այս ընկալումներից, դրանով հանդերձ հետաքրքիր ու որոնելի, բայց եւ ինչ-որ տեղ անհասկանալի-առեղծվածային:
Շաբաթ երեկոյան «Առաջին հարկ» (First floor) պատկերասրահը լիքն էր բազմությամբ, եւ մթնոլորտն ասես գերհագեցած էր: Ցուցասրահի նկարներիՙ այցելուներին փոխանցած ջերմությանը փոքր-ինչ նպաստել էր թերեւս բարեհաճորեն մատուցվող ընտիր գինին ու երաժշտությունը:
«Առաջին հարկ» պատկերասրահում ցուցադրվում էին տարբեր աշխարհայացք ունեցող եւ գեղարվեստական ուղղություն ներկայացնող 4 նկարիչներիՙ Վարդան Թովմասյանի, Սամվել Չիբուխչյանի, Վահան Ռումելյանի, Արա Հայթայանի աշխատանքները: Ցուցահանդեսը կշարունակվի 14 օր: Մեկ ցուցասրահի մեջ այս նկարների ցուցադրումը գեղարվեստական այլակարծությունը հանդուրժելու փորձ է, քանի որ արվեստն ընձեռում է լայնախոհության այս հնարավորությունը. գեղարվեստական տարբեր մոտեցումների, սկզբունքների հանգրվանում-համատեղումը մեկ կետումՙ իբրեւ բաց, անկաշկանդ, համագործակցող ու հանդուրժող մտքի դրսեւորում:
Ցուցադրվող գործերի հեղինակներն արվեստասեր հանրությանը վաղուց արդեն ծանոթ են իրենց մասնակցությամբ ամենատարբեր ցուցահանդեսներիՙ թե՚ Երեւանում, թե՚ արտերկրում, այդ թվում նաեւ անհատական:
Դասական եւ արդիական արվեստի նուրբ համադրությամբՙ գունային ազատ երեւակայությունը, դինամիզմը, գծապատկերային նուրբ զգացողությունը, անկաշկանդ թեթեւությունը Վարդան Թովմասյանի ներկայացրած գործերին հաղորդում են թատերայնություն ու ռոմանտիկ շունչ («Ասպետի երազանքը», «Արվեստանոցում», «Բեմահարթակ»):
Իր գունային կոլորիտով, կառուցվածքով միանգամայն այլ է Սամվել Չիբուխչյանի աշխարհը: Մի քիչ ավելի անհաղորդ գույները եւ ներքին այն հանդարտությունը, որ ներկա է կտավների լռության ծալքերում, առաջացնում են անժամանակյա, վերնյութական ընկալում, հաղորդում անփոփոխ վիճակների անշարժության զգացում, ուր ապրումների իրական «սեթեւեթանքը» բացակայում է:
Միանգամայն ազատ մտածողություն է ենթադրում Վահան Ռումելյանը գունային ժայթքումների նմանվող իր գործերով, որոնցում իշխող վերացական ձեւը տարբեր տրամադրություններ է ստեղծում: Պատկերային ուրվագծում չունեցող գունագծային այս համակարգում իշխում են հոգեվիճակների կուտակումները, որ արտաբխում են ներքին, իրարամերժ զգացումների պոռթկումներով:
Ներկայացված մյուս գործերը պատկանում են Արա Հայթայանի վրձնին, որի աշխատանքներին սպասողական, բայց հանգիստ ու ներհուն վիճակներն են բնորոշ: Պատկերված իրերը (աթոռը) խոսուն են այնքան, որ տեսանելի են դարձնում բացակայողին: Անշարժության եւ շարժումի սահմաններից նկարիչը փորձում է ասես վերանալ եւ թափանցել իրերի խորքը: «Այսօր կա մի միտում Երեւանում, ասում է Արա Հայթայանը, թե արվեստի տարբեր ուղղություններ, տեսակներՙ ժամանակակից, գերժամանակակից, դասական, բաժանված են եւ մեկ սրահում չեն կարող ցուցադրվել: Սակայն այդ մտայնությանը հակադիր կա նաեւ այլՙ արվեստի ընդհանուր դաշտ հասկացողությունըՙ տարբեր ուղղությունների համատեղումը մեկ սրահում:
Այսօր այստեղ խաչվում են չորս տարբեր աշխարհայացքներ, գեղարվեստական մտածողություններ»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ