«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


ԳՈՎԵՍՏԻ ԽՈՍՔԵՐ ՄՈՒԹԱՖՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

Օրերս թուրքական «Օրթադողու» թերթն այսպիսի վերնագրով մի հոդված է հրապարակել: Սա «Գորշ գայլերի» պաշտոնաթերթն է, իսկ հոդվածագիր Սեյֆի Շահինը «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության նախկին պատգամավոր է: Նա ներկայումս վերոհիշյալ թերթում սյունաշարի հեղինակ է: Թե ի՞նչն է դրդել Ազգայնական շարժում կուսակցության նախկին պատգամավորին գովեստի խոսքեր շռայլել Պոլսո հայոց պատրիարքին, դժվար է ասել: Բայց որ «Օրթադողու» թերթը Հայոց ցեղասպանության բանաձեւերի առնչությամբ ամիսներ շարունակ ամենալկտի ձեւով հայերին է հայհոյել, փաստ է: Դրա վառ ապացույցն այդ թերթի սեպտեմբերի 25-ի համարն է, որտեղ ահա թե ինչ է գրում «Օրթադողուն». «Թուրքիան հանգամանքների բերումով ԱՄՆ-ին հակազդել չի կարող, բայց միանգամայն ի վիճակի է արժանին հատուցել հայ շներին»:

Համենայն դեպս, վերոհիշյալ հոդվածը թերթում լույս է տեսել ապրիլի 7-ին, որտեղ հոդվածագիրը գրում է. «Ամեն անգամ, երբ Մութաֆյանը հայտնվում է մամուլի ներկայացուցիչների առջեւ իր սահուն թուրքերենով, որպես վշտացած մի համայնքի առաջնորդ, փորձում է որոշակի ազդանշաններ հաղորդել: Ըստ Մութաֆյանի, նաեւ ըստ իս, հաշտ ու խաղաղ ապրելու փոխարեն ինչո՞ւ կռվել: Ինչո՞ւ Հայաստանի հայերը բախվելով թուրքական շրջափակմանը, խեղճ ու կրակ ապրեն, լինեն թշվառ: Մինչդեռ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայերը շռայլ կյանք են վարում: Նրանք չեն էլ ուզում Հայաստանին գումար տրամադրել: Ավելին, սրանք թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելով, դեռ աչքաբացություն են անում, որպեսզի Թուրքիայից փող պոկեն: Միաժամանակ Թուրքիայում բարեկեցիկ կյանք վարող հարուստ հայերի անդորրն են խանգարում: Երկրում բազմաթիվ եկեղեցիներ, հիվանդանոցներ եւ այլ հիմնարկություններ ունեցող հայերի նկատմամբ հարուցում են թուրքերի կասկածամտությունը: Ինչի արդյունքում հայերին մտավախություն են պատճառում, նրանց դնելով մեղադրվողի դերում: Ի տարբերություն թուրք-հայկական հարաբերությունները փչացնող Քոչարյանի, թվում է, թե թուրքերի իրավացիությունն ու ճշմարտություններն ըմբռնողները հենց Թուրքիայի հայերն են: Որովհետեւ պատրիարք Մութաֆյանը շատ տրամաբանական եւ ճշմարտացի է խոսում: Թուրքական արտաքին գերատեսչությունն այս առումով պետք է արժեւորի Մութաֆյանին: Կարեւոր են պետության եւ համայնքի անդորրի համար սրտացավ այս պատրիարքի խոսքերը: Նա ասում է. «Եթե մեզ հանձնարարություն տան, կկատարենք»: Այլեւս Թուրքիան պետք է կատարի այն, ինչ սրանից է բխում»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4