1700 թ. Մխիթար Սեբաստացու կողմից հիմնված Մխիթարյան միաբանությունը, իբրեւ հոգեւոր-մշակութային հաստատություն, 300 տարի շարունակ անդուլ նվիրումով ծառայել է հայ մշակույթի տարածմանը, պահպանմանը եւ զարգացմանը: Գիտական բեղուն եւ կազմակերպված գործունեությամբ, կրթական տասնյակ հաստատություններով, արժեքավոր, բազմաբնույթ գիտական, գեղարվեստական հրատարակություններով, զոհողությունների գնով փրկված եւ խնամքով պահպանված հազարավոր ձեռագրերով, գրադարանային հարուստ հավաքածուներով, հայ եւ օտարազգի արվեստագետների բարձրարժեք գործերով Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանությունը յուրահատուկ հայկական մշակութային կայսրություն է:
Ցավալիորեն, սակայն, Մխիթարյան միաբանության 300-ամյակը Հայաստանում նշվեց բավականին անշուք եւ աննկատ, այս առիթով «Ազգին» տված հարցազրույցի ժամանակ իր զարմանքն արտահայտեց Մխիթարյան միաբանության «Թանգարանների եւ մշակութային գանձերի» պատասխանատու, «Բազմավէպ» հանդեսի խմբագիր հայր Հայրություն Ծ. վրդ Պզտիկյանը, որն այս անգամ Երեւան էր այցելել Միաբանության 300-ամյակի առիթով մայրաքաղաքում կառուցվելիք Մխիթար Սեբաստացու անվան հրապարակի եւ հուշարձանի հետ (Թումանյան եւ Եզ. Կողբացի փողոցների խաչմերուկ) կապված մի շարք խնդիրներով:
Երեւանում գտնվելու այս մեկ ամսվա ընթացքում Հայր Հարություն Ծ. վրդ. Պզտիկյանն այցելել է Ղարաբաղ, շրջել Հայաստանի պատմամշակութային շատ վայրերում, եղել Նորավանքում, Կիրանց վանքում, Մակարավանքում եւ զարմացել մեր հոգեւոր մշակութային արժեքների նկատմամբ շատերի անտարբերություն-անտեղյակությունից: «Ես Իտալիայից եկա, Կիրանց վանք գացի, ցեխերու մեջ քալելովՙ մեկ ժամ բարձրացա, տեսնելու մեր պապերու հարստությունը եւ սքանչելի համալիր գտա», ասում է վարդապետը եւ հումորով առաջարկում, որ «ազգային պատասխանատվություն կրող ամեն պաշտոնյա հայոց պատմության քննություն պիտի անցնի»:
- Մխիթարյան միաբանության 300 տարիների անուրանալի ծառայությունների վերագնահատմամբ եւ վերարժեւորմամբ հանդերձ, ինչպես գրում եք դուք, այսօր հարկ է «ընկերության մեջ տարածել Մխիթար վարդապետին նոր տեսիլքը»:
- Այո, իր տեսիլքին մեջ ազգային ինքնության զորացումը կամ ամրացումը պետք է նպաստե լավագույն ձեւով ապրելու ներկան, առավելագույն կերպով կատարելու ստեղծագործական աշխատանքներ եւ բախվիլ աշխարհին առանց մտավախություններու: Դժբախտաբար, մինչեւ այսօր նույնիսկ զարգացած հայերը չեն ըմբռնած Մխիթար Սեբաստացի բացառիկ երեւույթը: Ան 5-րդ դարու մեր տիտաններու մակարդակի անձնավորություն մըն է: Մխիթարյան միաբանությունը 300 տարի մշակույթ կկերտե, 8000 ձեռագիր փրկած է կոտորածե: Երեք դարերու ընթացքին հիմնած է մշակութային կայսրություն մը, շուրջ 5000 հատոր հեղինակություն գրած են վարդապետները, տպագրած նախնյաց գործեր: Մխիթարյան վարդապետներուն պատրաստած «Հայկազեան բառարանի» նմանը չունին անգամ գերմանացիները, իսպանացիները: Երբ ռուսական, պարսկական կայսրությունները տպարան չունեին, Սբ. Ղազարի մեջ հայերը քարտեզներ կտպեին ռուսերենով: Կը հասկնամ, որ 70 տարի կոմունիստները չէին կրնար ըմբռնել. եկեղեցական միաբանություն էր, բայց հիմա ազատ, անկախ Հայաստանի մեջ ինչո՞ւ այս միաբանությունն իր տեղը չունի: Ո՚չ քարոզչությամբ զբաղած է, ո՚չ մարդորսությամբ, միայն Հայաստանյայց եկեղեցվո թիկունք եղած է եւ իր վարդապետներով, հրատարակություններով կշարունակե ծառայել հայ մշակույթին եւ հայ եկեղեցիին: Մխիթարյան միաբանություն ծնած է հայ եկեղեցվո մեջՙ որպես հայկական վանք, եւ մենք կշարունակենք այդ հոգեբանությամբ ապրիլ: Իտալիո մեջ 300 տարի գտնվիլը մեծ առավելություն մը եղած է, եվրոպական մշակույթեն օգտվելով եւ ազդվելովՙ զայն փոխանցել հայությանը եւ հայկական մշակույթը ներկայացնել Եվրոպային: Եթե այսօր հարյուրավոր հայագիտական ֆակուլտետներ կան Եվրոպայի մեջ, պարտ ենք Մխիթար Սեբաստացիին: Ես զարմացա, որ ազատ, անկախ Հայաստանի մեջ Մխիթարյան միաբանության 300-ամյակը անցավ ավելի անշուք, քան ջազի կոնսեր մը: Երբ Վենետիկի մեջ համագումար ըրինք, Սբ. Մարկոս եկեղեցին լեցուն էր բազմությամբ եւ գլխավորապես իտալացիներով: Լավ, որ Վեհափառը եկեղեցական պատրաստությամբ շատ կոկիկ հանդես մը կատարեց անցյալ ամիս վեհարանին մեջ. արժանավոր կերպով փառավորեց հայ եկեղեցվո այդ սքանչելի զավակըՙ Մխիթար Սեբաստացին:
- Վարդապետ, պատեհ առիթ է «Ազգի» ընթերցողներին վերհիշեցնելու Մխիթար Սեբաստացուՙ պատմական բացառիկ նշանակություն ունեցած հիրավի ազգանվեր գործունեության, նրա հիմնադրած միաբանության ծառայությունների մասին:
- Մխիթարյան միաբանությունը ուրիշ բան չէ, եթե ոչ վերանորոգում մը հայ վանական կյանքին, վերականգնումը հայ մշակույթին: Մխիթար Սեբաստացին Սեբաստիայի Սբ. Նշան վանքին մեջ աճած, ապա ճամփորդած Կարինի, Բասենի, Սեւանա, Էջմիածինի բոլոր վանքերը եւ հոն տեսնելով համատարած տգիտություն եւ թշվառություն, որովհետեւ կամ պարսից կամ օսմանյան իշխանության տակ էին, հետեւաբար ոչ մեկ մշակութային կյանք կար այնտեղ, ծրագրած է վերակենդանացնել հայկական վանական կյանքը: Բայց այդ մեկը անկարելի էր կատարել Օսմանյան կայսրության մեջ, հայկական պատմական հողերուն վրա, որովհետեւ ճնշումները, հալածանքը անպակաս էին եւ իմաստուն գաղափարը կունենա հեռանալու Օսմանյան Թուրքիայեն: Իրեն գաղափարակից 12 երիտասարդներ 1700 թ. սեպտեմբերի 8-ին Պոլսո Բերա թաղի մեկ հարկաբաժնի մը մեջ երդում կընեն, որ իրենք պիտի ապրին միաբան, երեք վանական ուխտերով (որ հայոց մեջ կար, բայց չէր հայտարարված)ՙ կուսակրոնություն, աղքատություն (այսինքնՙ ստացվածք պիտի չունենան, ինչ-որ ունին ամենուն հավասար է) եւ հնազանդություն: Հազիվ հիմնած միաբանությունը, կհեռանա Թուրքիայեն, որովհետեւ հալածանք կար իրեն դեմ եւ կփախչի Հունաստանի Մեթոն քաղաքը (որ Վենետիկի հանրապետության կպատկաներ), այստեղ կհիմնե վանք մը, հոն կպատրաստե իր ընկերները եւ առաջին պատվերը կըլլա լքված ձեռագիրները հավաքելը, նույնիսկ դրամով գնել, որպեսզի գրադարան կազմվի եւ փրկվին այս ձեռագիրները: 1815-ին կհարկադրվի տեղափոխվիլ Վենետիկ, Հունաստանի մեջ թուրքերու եւ Վենետիկի իշխանություններուն միջեւ ծագած պատերազմին հետեւանքով: Վենետիկի մեջ կստանա Սբ. Ղազար կղզին, որ անմարդաբնակ էր եւ կիսավեր: Իր իսկ գծագրություններով կղզիին վրա կկառուցե իր ծրագրած մենաստանըՙ եկեղեցին եւ օժանդակ շենքերը: Ահավասիկ ան 300 տարի կդառնա հայ մշակույթի փարոսը, եւ առաջին անգամն հայոց պատմության մեջ հաստատություն մը, որ 300 տարի չէ հալածված:
Հետադարձ ակնարկով մը կրնանք Մխիթար աբբահոր ծրագիրը տասը ենթամասերու բաժնել: Առաջին աշխատանքը կըլլա լեզվական վերանորոգումը եւ առաջին գիրքը, որ հրատարակեց Մխիթար վարդապետը, եղավ «Քերականութիւն գրաբար լեզուին» աշխատությունը: Ապա իրարու կհաջորդեն Մխիթարյան վարդապետներու լեզվական-քերականական գործերը: Լեզվական վերանորոգումին մեծապես նպաստեց «Հայկազեան բառարանը» 1836-37-ինՙ Հ. Գաբրիել Ավետիքյանի, Հ. Խաչատուր Սյուրմելյանի, Հ. Մկրտիչ Ավգերյանի աշխատասիրությամբ:
Երկրորդ շարժումը կըլլա պատմագրություն եւ հնախոսություն: Հ. Միքայել Չամչյան 3 հատորով լույս կընծայե «Պատմութիւն հայոց»-ը: Այս երեք հատորները կատարյալ են, անգնահատելի եւ մինչեւ այսօր կօգտագործվին պատմիչներու կողմե որպես աղբյուր: Պատմագրության զուգահեռ հնախոսական աշխատություններ կկատարե հիմնականորեն Հ. Ղուկաս Ինճիճյան: Այս վարդապետը մասնավոր առաքելությամբ կղրկվի Հայաստան եւ 3 ստվար հատորներու մեջ կնկարագրե ամբողջ Հայաստանի վիճակագրությունը: Հ. Ղուկաս Ինճիճյանի գործը ազգագրական տեսակետե եղած է հիմնաքարը մեր իրավունքները պաշտպանելու: Ասոր առընթեր զարկ տված են կրոնական, բարոյական եւ ծիսական գործերունՙ հրատարակելով մեր սուրբ հայրերեն աստվածաբանական գործեր: Հ. Գաբրիել Ավետիքյան եւ Հ. Մկրտիչ Ավգերյան հրատարակած են Նարեկացինՙ առաջին անգամ մեկնաբանություններով: Հ. Մկրտիչ Ավգերյան կգրե «Լիակատար Վարք Սրբոցը», ուր ընդգրկված են Հայաստանյայց եկեղեցվո տոնացույցին բոլոր սուրբերը:
Հաջորդ բաժինը դասական հեղինակներու հրատարակությունն էր, եւ V-ը դասական գրականության շարժումն էր: Ամենեն մեծ հեղինակը Արսեն Բագրատունին էր, որուն հայերենը ամենակատարյալ արտահայտությունն է մեր լեզվին: Ասոր զուգընթաց սկսած է մշակվիլ նաեւ ժողովուրդի լեզուն եւ աշխարհաբարը: 1800-ի սկիզբները առաջին անգամ լույս կտեսնե 1727-ին Մխիթար աբբահոր գրած «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ը: Նույն տարին ժողովրդական լեզվով հրատարակություններ կսկսին, որուն կհաջորդե Հ. Ղուկաս Ինճիճյանի հեղինակությամբ աշխարհաբարով թերթը, իսկ Վենետիկի մեջ կհրատարակվի «Տարեգրութիւնք» կամ «Դիտակ Բիւզանդեան»-ը: Ասոնք կըլլան աշխարհաբարի առաջին երեւումները:
VIII բաժինը հայ թատրոնի ծագումն է: Նախաքրիստոնեական եւ ետլուսավորչյան Հայաստանի մեջ անժխտելի է հայ թատրոնի մը գոյությունը, սակայն ան չէ ունեցած հարկ եղած զարգացումը: Բուն թատրոնը կծնի Սբ. Ղազարի վանքին մեջ: Առաջին ձեռագիրը ունեցանք 1753-ին: Վենետիկ իր Գոլդոնիով կապրեր ամենաբեղուն թատերական շրջանը: Մերինները, ներշնչվելով իտալական թատրոնի ազդեցությունեն, կշարադրեն հայկական պիեսներՙ նյութ քաղելով հայոց պատմությունեն: Գրեթե 200 պիես կգրվի Սբ. Ղազարի մեջ, նախ գրաբար, ապաՙ աշխարհաբար: Սբ. Ղազարի մեջ ծնած հայ թատրոնը Մխիթար աբբահոր շունչին տակ կդառնա մեծ եղելություն մը, որ հետագային կծաղկի Թիֆլիսի եւ Պոլսո մեջ: Մկրտիչ Պեշիկթաշլյան, Արմեն Արմենյան, Նարպեյ, Սրապիոն Հեքիմյան, Թովմաս Թերզյան, Պետրոս Ադամյան, Վահրամ Փափազյան սաներն են Վենետիկի եւ Փարիզի Մխիթարյանՙ Մուրադ Ռափայելյան եւ Սամվել-Մուրադյան վարժարաններուն:
1746-ին Տրանսիլվանիո Պաշպալով հայկական գաղութին մեջ հիմը կդրվի առաջին Մխիթարյան վարժարանին: Անկե վերջը Մխիթարյան միաբանությունը 54 վարժարաններ ունեցած է, որոնցմե տասը տակավին գոյություն ունին:
Մխիթար վարդապետի հաջորդՙ իններորդ բաժինը հայկական քարտեզագրության կվերաբերի: Առաջին հայկական քարտեզը պատրաստված է 1695 թ. Ամստերդամի մեջ, Թովմաս Վանանդեցիի խնամքով, պղինձի վրա փորագրված: Այդ փորագրությունը Մխիթար վարդապետ բերած է Սբ. Ղազար եւ տպած է «Համատարած աշխարհագրութիւն» անունով:
Ամենեն կարեւորը եւ վերջինը Մխիթար աբբահոր ծրագիրներեն, անոր հիմնած Ակադեմիան է, որ գրեթե ֆրանսիական ակադեմիայի ժամանակակից է: Հիմը դրված է 8 սեպտեմբեր 1700-ին, այդ օրեն սկիզբ կառնե ակադեմիական աշխատանք մը, ծրագրված եւ գործադրված կաճառական լրջությամբ:
1810-ին, երբ Նապոլեոն կայսր զինվորագրության համար երիտասարդներու պետք ուներ, վանականներ կուզեր զինվորագրելու եւ վանքեր կփակեր, Սբ. Ղազարի առջեւ կանգ կառնե, որովհետեւ կներկայանան եւ իրեն կբացատրեն, որ Սբ. Ղազարը միայն վանական հաստատություն մը չէ, այլՙ գիտական ակադեմիա: Եվ Նապոլեոն Ա-ի կայսերական հրովարտակով Սբ. Ղազարի Մայրավանքը պաշտոնապես կդառնա Academia Armena Saneti Lazari, այսինքնՙ «Հայկական Ակադեմիա Սրբոյն Ղազարու»:
Իրավական հաստատություն դարձած Մխիթարյան ակադեմիան շուտով կունենա իր Կանոնագիրքը եւ իր «Բազմավէպ» պաշտոնաթերթը, որ լույս կտեսնե 1843-են եւ անընդմեջ լույս տեսած է, նույնիսկ երկու միջազգային պատերազմներու ատեն եւ իր երկարակեցությամբ մեր մամուլին նահապետը կնկատվի:
Մեր ակադեմիային անդամները վարդապետներ են եւ այն բոլոր անձերը, որոնք հայագիտությունն առաջ տարած են, ունեցած ենք նաեւ մեծ եվրոպացիներ, որոնք անդամ եղած են մեր ակադեմիային, ինչպես Վիկտոր Լոնգլուա, Մակլեր, Մեյե, Ֆեյդի եւ այլն:
- Վարդապետ, ինչպե՞ս եք գնահատում Վենետիկ-Վիեննա միաբանությունների անջատ գործունեությունը:
- Մխիթար Սեբաստացու մահեն 30-40 տարի վերջ բաժանում մը տեղի ունեցած էր որոշ տարակարծություններու պատճառով: 1773 թ. խումբ մը վարդապետներ կհեռանան Սբ. Ղազարեն եւ սիրալիր հյուրընկալություն գտնելով ավստրիական կայսրության կողմե, կհաստատվին Վիեննայի մեջ 1811-ին: Այս երկվությունը լավ արդյունք տվավ. գերմանական ազդեցության տակ բանասիրական աշխատանքներն ավելի զորացան: Երկու միաբանության այս զուգահեռ ընթացքը 250 տարի տեւելեն հետոՙ վերջ մը գտավ անցյալ ամառ: Երկու աբբահայրեր հրաժարեցան, նոր, միացյալ վարչություն ընտրվեցավ եւ մեկ աբբահայր: Օրինակ մը, որ հայերը անմիաբան չեն: Եվ այսօր մենք կրնանք ըսել, որ Միացյալ միաբանությունը սփյուռքի մեջ մշակութային կայսրություն մը հիմնած էՙ իր 8000 ձեռագիրներով, բյուրավոր գիրքերով, մշակութային գանձերով:
Զրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ