«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2001-05-18 | #91, 2001-05-19 | #92, 2001-05-22


ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՐՈՊԵՆԵՐ

Ղարաբաղի բանակին նվիրված հաղորդում մոսկովյան հեռուստաալիքով

Փռված բազմոցին, ծուլորեն դիտում էի մոսկովյան հեռուստաալիքի (TBM) «Շաբաթվա արդյունքները» վերլուծական հաղորդումը, որով ամփոփում են Ռուսաստանում եւ արտասահմանում անցած 7 օրում տեղի ունեցած քաղաքական-տնտեսական, մշակութային իրադարձությունները: Վերջում հաղորդավարը հայտարարեց, որ հեռուստադիտողներին է ներկայացվում նոր հաղորդաշարՙ «Աշխարհի բանակները» խորագրով: Եվ որ առաջին ռեպորտաժը նվիրված է... Ղարաբաղի բանակին: Երեւի պատկերացրիք, թե ինչի վերածվեց իմ «ծույլ» կեցվածքը: Համակ ուշադրություն դարձած ըմբոշխնեցի այդ մի քանի րոպեն: Թեեւ մտահոգություն կար, որ մոտեցումները կարող էին սուբյեկտիվ լինել: Բայց ոչ. մոսկվաբնակ լրագրողս մեծագույն հպարտության պահեր ապրեց: Տալով արցախյան բանակի ստեղծման սեղմ պատմությունը, ցուցադրվեցին կուռ զորախմբերը, արդիական տեխնիկան, խրոխտ զինվորները, որոնք երգում էին Հայաստանի հիմնը (պարզ է, որ դա ես «գլխի ընկա»): Հետաքրքիր էին մեկնաբանությունները. չնայած զորքը «անօրինական» է, բայց ըստ էության կանոնավոր բանակ է եւ իր «կանոնավորությամբ» ապշեցրել է նույնիսկ շատ բան տեսած գեներալ Լեբեդին: Լավ իմաստով «խորհրդային» բանակ էՙ առանց նրա տարբերանշանների: Եվ հետո, ի տարբերություն չեչենների, այստեղ լրիվ բացակայում են տոհմային կամ ցեղային դասակարգումները: Մի խոսքով, ժողովրդի իսկական պաշտպանՙ ընդունակ իրագործելու իր առջեւ դրված խնդիրները:

Լավ հաղորդում էր: Ափսոս, որ կարճ էր...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4